Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, անդրադարձ է եղել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին

Մարտ 28,2025 18:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը,  մասնավորապես անդրադարձ է եղել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին,  երիտասարդական պորտալում կատարված փոփոխություններին:

«Ձեզ հետ հանդիպում ենք նոր իրավիճակում, երբ նաև ձեր շնորհիվ ունենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որը մշակվել է ամենամասնակցային ձևաչափով և անցել է քննարկման տարբեր փուլեր: Սա նաև հավելյալ պատասխանատվություն է՝ համատեղ աշխատանքով ապահովելու դրական արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ  նախարարի՝ երիտասարդական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը ստեղծված հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների պատշաճ իրազեկվածությունն է, և հանդիպումը նաև այդ նպատակով է կազմակերպված։ Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ոլորտի չիրացված ներուժը բացասաբար է անդրադառնում հասարակության զարգացման վրա, ուստի կարևոր է, որ   հատկապես երիտասարդները ձեռք բերած տեղեկությունը տարածեն  տարբեր հարթակներում, նաև սեփական միջավայրում:

Նախարարի հաջորդ շեշտադրումը վերաբերում էր համայնքային  կյանքի կազմակերպման գործում երիտասարդների ներգրավմանը. «Արդեն իսկ որոշ համայնքներում ներդրվել է հնարավորություն, ըստ որի համայնքային բյուջեի ծախսման ուղղությունները որոշվում են համայնքի բնակիչների ներկայացրած առաջարկների հիման վրա:

Համայնքային բյուջեների ծախսերում նաև ձեր մոտեցումները ներկայացնելու, համայնքի կյանքի որակի բարելավման համատեքստում դրանց կյանքի կոչման նպատակահարմարությունը դիտարկելու առումով դուք պետք է լինեք առավել ակտիվ»:

Նախարարը կարևորել է, որ երիտասարդական կենտրոնները դառնան այն հարթակները, որտեղ կծավալվեն այսօրինակ խոսակցություններ՝ հետագայում համապատասխան արդյունքներ ունենալու մղումով:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդների զբաղվածության խնդիրը։

«Երիտասարդական քաղաքականության և հատկապես երիտասարդական կենտրոնների գործիքակազմն  ուղղված է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդներին: Ակնհայտ է, որ այստեղ մենք և դուք ունենք համատեղ աշխատանքի անհրաժեշտություն: Կարևոր է այս խմբի համար աշխատելու հնարավորության ստեղծումը՝ նախապես  հասկանալով, թե ինչի կարիք կա՝ գուցե հավելյալ կրթության, զբաղվածության ծրագրերի»,- ասել է նախարարը:

Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը ներկաներին կոչ է արել հանդես գալ նոր առաջարկներով:

Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ոլորտի փոփոխությունների ու հնարավորությունների մասին իրազեկվածությունն ապահովելու տեսանկյունից կարևորելով հանդիպման ձևաչափը: Նա առանձնակի անդրադարձել է երիտասարդական կենտրոնների գործառույթներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է նպաստեն ծրագրերի մասին իրազեկմանը՝ խթանելով ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, որակյալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանն ու  զարգացմանը:

«Երիտասարդական կենտրոններին վերաբերում ենք որպես սոցիալական գործընկերների, որոնց առաքելությունը համայնքներում երիտասարդական քաղաքականությունը կյանքի կոչելն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցային հիմունքներով մշակվելու է կենտրոնների ուղեցույցը, որից հետո այն տրամադրվելու է կենտրոններին՝ գործածության:

Նա նաև կոչ է արել չսահմանափակվել դրամաշնորհային ծրագրերով և ընդլայնել իրենց գործունեությունը ոլորտում, ինչպես նաև բարձրացնել ոլորտային իրազեկվածությունը ԿԳՄՍՆ escs.am կայքի,  ինչպես նաև antitrafficking.am, erit.am կայքերի միջոցով:

Ներկաները բանախոսներին ուղղել են ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Գերմանիայի կառավարության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների, երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31