ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, 2025 թ. – Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարում է COMM. TALK քննարկում-հանդիպման մեկնարկը։ Comm. Talk-ի նպատակն է միավորել հաղորդակցության մասնագետներին՝ համատեղ քննարկել ոլորտի զարգացումները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։
COMM. TALK-ը հարթակ է, որտեղ ոլորտի առաջատար և հեղինակավոր մասնագետները հնարավորություն ունեն փոխանցելու իրենց լավագույն փորձը, արձանագրելու խնդիրներն ու առաջարկելու լուծումներ:
Մասնակիցները 25 վայրկյանանոց թեմատիկ ուղերձներ փոխանցելուց հետո մասնակցում են պանելային քննարկմանը, որտեղ մանրամասն բացահայտվում են յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, նոր գաղափարների առաջխաղացման հնարավորություններն ու թիրախային լսարանին հասնելու, ազդելու և գրավելու առանձնահատկությունները։
Կարդացեք նաև
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանը կարևորում է պրոֆեսիոնալ հաղորդակցության հարթակի ստեղծումը․ «Հաղորդակցության ոլորտը շարունակում է արագ զարգանալ, հանրային մեծ լսարանների հետ աշխատող յուրաքանչյուր մասնագետ պետք է կարողանա նորարարական մոտեցումներով հաղթահարել մարտահրավերները։ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում անհրաժեշտ է շարունակական կրթություն, ռազմավարական մտածողություն և ճկունություն՝ փոփոխվող միջավայրին համապատասխանելու համար: Մեզ համար պրոֆեսիոնալ մասնագիտական քննարկումները նշանակում են նախ՝ արձանագրել մասնագիտական ոլորտում այսօր առկա իրավիճակը, ձեռքբերումներն ու մարտահրավերները, ապա՝ համախմբել գիտակ և փորձառու մասնագետներին, համատեղ մշակել լուծումներ։ Հասարակության հետ գրագետ շփումը, հետադարձ կապի ապահովումը, իրազեկումն ու կրթումը միայն կարող են նպաստել անընդհատ զարգացմանը»:
Գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի ներքին գործերի ռազմավարական PR-ի պատասխանատու, դոկտոր Վազրիկ Բազիլը հեռավար ուղերձով ներկայացրեց աշխարհում և Գերմանիայում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեց նման քննարկումների հրատապության անհրաժեշտությունը․ «Մասնագիտական քննարկումները պետք է կանոնավոր և շարունակական լինեն, դրանք հնարավորություն կտան մասնագետներին միմյանց փոխանցել գիտելիքներ և փորձառություն, որոնց արդյունքում կծնվեն նոր գաղափարներ, նոր աշխատաոճ, ինչն էլ կզարգացնի հաղորդակցության մշակույթը Հայաստանում»։
COMM. TALK- ի քննարկման առանցքային թեմաներն են՝
- Հաղորդակցության զարգացման միտումները Հայաստանում և աշխարհում
- Թվային հաղորդակցություն
- Ինֆլյուենսեր հաղորդակցություն
- Ռիսկերի կառավարում և ճգնաժամային հաղորդակցություն
- Հեղինակություն և բրենդի կառավարում։
COMM. TALK-ի մասնակիցներին և հյուրերին երաժշտական հաճելի պահեր ապահովեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային քառյակը, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ժիրայր Դադասյանի արվեստանոցի ուսանողները՝ (լսողության խնդիրներ ունեցող ուսանողների կուրս) ներկայացրեցին «Աչքերով չես տեսնի» բեմադրությունը։
COMM. TALK-ը կազմակերպվեց Հայկական PR ասոցիացիայի հիմնադրման օրը, իրականացմանն աջակցեց PRactice ռազմավարական հաղորդակցության գործակալությունը։
Հայկական PR ասոցիացիան 19 տարիների ընթացքում իրականացրել է հարյուրավոր տեղական և միջազգային ծրագրեր, հազարավոր մասնագիտական դասընթացներ։ Հայկական PR ակադեմիայում տարիներ շարունակ կրթվել և վերապատրաստվել են հաղորդակցության, հանրային կապերի մասնագետներ։ Հայկական PR ասոցիացիայի գիտահետազոտական թիմը վերջին տասնամյակում իրականացրել է ոլորտային գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ամփոփվել են Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ։ 2006 թվականից Հայկական PR ասոցիացիան ստեղծում է PRոֆեսիոնալ միջավայր և նպաստում մասնագիտական ոլորտի զարգացմանը։
Օրակարգը՝ Schedule | PR Association
ՀԱՅԿԱԿԱՆ PR ԱՍՈՑԻԱՑԻԱ
COMM TALK