«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ կայացած երեկոյին հանդիսատեսը չէր շտապում դահլիճ, պատճառը մեկն էր` ճեմասրահում հնչում էր տաղանդավոր երաժիշտ, անկրկնելի երգչուհի Էլվինա Մակարյանի երգը: Մեր երաժշտասերին տրիբյուտների շարքով հայտնի «Նյու ջեներեյշն փրոջեքթի» գաղափարի հեղինակ, հիմնադիր, արվեստագիտության թեկնածու Շմավոն Գրիգորյանն այս անգամ ներկայացրեց հերթական «Էլվինա Մակարյան տրիբյուտ»-ը, մասնակցությամբ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և երգչուհիներ Իլոնա Սագիևայի, Սեդա Սեյրանյանի, Սրբուկի, Անահիտ Շահբազյանի, Լուսինե Կչոզյանի: Հնչեցին երգչուհու երգացանկից հայտնի ու սիրված երգերը:
Էլվինան պրոֆեսիոնալ բեմում հայտնվեց 1970-ականներին, դա հայկական էստրադային արվեստի իսկապես ծաղկուն շրջանն էր: Վառ կատարողների թվում նա զբաղեցրեց իր տեղը, միայն իրեն պատկանող տեղը, բերելով գույների խռովություն, բառացիորեն կատաղած խառնվածք, բեմում` վարքի ազատություն:
Կարդացեք նաև
Ի դեպ, երգչուհու կատարումները այն ժամանակների համար շատ առումներով, ընդունված կաղապարից դուրս էին, անսովոր: Նա ցրեց երգարվեստում եղած պայմանականությունների բեռը, բերելով անխոհեմություն, հիացմունք ու կիրք: Նրա խռպոտ ձայնի մեջ կար չհուսահատված հույզերի հուզմունք: Հաճախ էլ իր ներքին հուզմունքն այնպիսի աստիճանի էր հասցնում, ինչը գրեթե անհանդուրժելի էր …Երբեմն էլ արտահայտում էր հետևյալ միտքը. «Երբեք չեմ ցանկացել ինչ-որ մեկը լինել, ցանկացել եմ բեմում լինել ինքս ինձ հետ»:
Իսկ ինչպե~ս էր ինքն իրեն նվագակցում: Ասվածի օրինակը Կոմիտասի «Էս գիշեր» երգի կատարումն էր` զերծ որևէ արտաքին էֆեկտի, ամեն ինչ գալիս էր հոգու խորքից:
«Էլվինան, որի հետ գիտեք երկար տարիներ եմ աշխատել, երբեք խաղադրույք չէր կատարում իր ձայնի վրա: Յուրաքանչյուր երգի համար գտնում էր կատարման իր ձևը, այն միակը, որն առավել ցայտուն կերպով փոխանցում էր ստեղծագործությունն ամբողջությամբ: Նրա ճկուն ձայնը արտահայտում էր քնքշության երկյուղը, բաժանման ցավը, կրքի ուժը… Մի բան էլ, նա չենթարկվեց բեմական պայմանականություններին ու պահանջներին, որոնք հակասում էին իր ներքին ես-ին: Էլվինան ուներ բացարձակ երաժշտական լսողություն, միկրոֆոնային երգեցողության հիանալի տիրապետում, ռիթմի զարմանալի զգացողություն…Նա այն եզակիներից է, ում կատարումներն այսօր էլ, առանց չափազանցության, կարող են վարպետության դասերի փոխարինել»,- ասաց Երվանդ Երզնկյանը:
Զրույցի ընթացքում, որքան էլ որ ցանկություն կար շրջանցել երգչուհու կյանքի, մանավանդ վերջին տարիների հայտնի մռայլ դեպքերը, այդուհանդերձ մեկ-երկու նախադասությամբ արտահայտվեցին դրանք. 2005թ. կորցնելով որդուն, 2007-ին` 56 տարեկանում Ամերիկայում իր տանը, ատրճանակի կրակոցով կյանքն ավարտեց լեգենդար արվեստագետը: Այս տարի երգչուհին կդառնար 75 տարեկան:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ «Էլվինա Մակարյան տրիբյուտ» – ից