Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ ԱՄԿ-ի անդամներն են եղել, բազմաթիվ գաղտնի հավաքներ՝ հանուն անկախության իրենց պայքարի ու գործողությունների մշակման»․ բացվեց Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանը

Մարտ 28,2025 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային եւ պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի կնոջ՝ Հասմիկ Նավասարդյանի 25 տարվա փափագն այսօր՝ մարտի 28-ին, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 75-ամյակի օրը, նրանց երեք դուստրերի ջանքերի արդյունքում իրականություն դարձավ․ բացվեց Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանը։ Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մինչ այդ, Աշոտ Նավասարդյանի զինակից եւ կուսակից ընկերները Եռաբլուր զինվորական պանթեոնում էին, նրանք հարգանքի տուրք մատուցեցին Աշոտ Նավասարդյանի շիրիմին։

«Այս տունն ու բակը մեծ խորհուրդ ունեն․ այստեղ ԱՄԿ-ի անդամներն են եղել, այստեղ բազմաթիվ գաղտնի հավաքներ են եղել՝ հանուն անկախության իրենց պայքարի ու գործողությունների մշակման, ապա՝ խուզարկություններ, ձերբակալություններ․․․ Այս տանն Աշոտ Նավասարդյանի ընտանիքն է ձեւավորվել, անկախության բանակն է ձեւավորվել, ՀՀԿ-ն է ձեւավորվել՝ նրա կանոնադրությունն ու ծրագիրն են գրվել։ Չափազանց կարեւոր է, որ դուք այսօր այստեղ եք, կարեւոր է, որ այս տունը դարձյալ այն միջավայրն է դառնալու, որտեղ մենք կարողանանք մեր պետության, ազգի եւ ժողովրդի համար ճիշտ որոշումներ ընդունել, ճիշտ քայլեր անել։ Ես հավատում եմ դրան, իմ ընտանիքը նույնպես հավատում է դրան։ Շատ ճիշտ ժամանակն է, որ այս տունը կրկին իր հին խորհրդին պիտի վերադառնա»,- իր խոսքում ասաց Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։

Հուշաքարը բացեց Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը։

«Դուք շատերդ երեւի չգիտեք․ ես ավելի շատ սպասել եմ Աշոտ Նավասարդյանին, քան միասին ենք եղել»,- ասաց նա եւ հայ կանանց պատգամեց․ «Հավատացեք ձեր ամուսիններին, վստահեք նրանց, որովհետեւ վերեւում Աստված տեսնում է ազնիվը, բարոյականը, համեստությունը, հավատարմությունը։ Եղեք բարի՝ կտեսնեք, որ Աստված Ձեզ կտա այն, ինչ երազում եք։ Ես այսօր իմ երազանքների տերն եմ դարձել»։

Տիկին Հասմիկը հիշեց նաեւ մի առիթով ընտանիքի եւ զավակների մասին Աշոտ Նավասարդյանի ասածը․ «Ես ունեմ ընտանիք․ հրաշալի կին եւ երեք՝ ոչ արու զավակներ։ Բայց իմացեք՝ առյուծի որդին՝ էգ, թե որձ, կորյուն է կոչվելու»։

Աշոտ Նավասարդյանի կյանքն ու կենսագրությունը ներկայացվեց փոքրիկ բեմականացմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Աշոտ Նավասարդյանն արմատներով Սիսիանի շրջանի Տոլորս գյուղից է։ Նա 18 տարեկանից նա նվիրվել է Հայաստանի անկախության պայքարին եւ ազգային ազատագրական շարժմանը: Իր գաղափարների տարածման համար Աշոտ Նավասարդյանը երեք անգամ կալանավորվել է եւ, ընդհանուր առմամբ, դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անցկացրել է շուրջ 12 տարի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31