«Քարոզարշավի ընդհանուր որակն անբավարար է, քանի որ կարևոր սկզբունքներից՝ հավասարության, արդարության, թափանցիկության, ազատության, մենք զիջումներ ունենք»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ամփոփելով Գյումրիի նախընտրական գործընթացները՝ կարծիք հայտնեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանը։
Նա արձանագրեց՝ որոշ դրվագներով վարչական լծակներ են չարաշահվում և իշխանական թեկնածուին տալիս են մրցակցային առավելություն ու ամրապնդում նրա դիրքերը․ «Այստեղ արդարության սկզբունքը տուժում է։ Երբ հավասարության սկզբունքին ենք նայում, տեսնում ենք, որ կանանց համաչափ ներգրավվածության խնդիր ունենք։
Հավասարության սկզբունքը տուժում է, երբ Հանրային հեռարձակողի եթերում անհամաչափ լուսաբանում են իշխանական թեկնածուին և նույն կերպ չեն անդրադառնում ընդդիմադիր ուժերին։
Թափանցիկությունից չենք կարող խոսել, երբ տեսնում ենք, որ քաղաքական ուժերի ֆինանսավորման մասով խնդիր ունենք։ Ոչ բոլոր դեպքերում են վստահելի այն աղբյուրները, որոնք քաղաքական ուժերը նշում են, որ դրանցից ֆինանսավորվել են կամ իրենց ծախսերը։ Օրինակ՝ «Մայր Հայաստանի» դեպքը, որի ամբողջ նախընտրական ֆինանսավորումը եղել է միայն թեկնածուների կողմից կատարված մուծումներից, բայց երբ մենք համադրում ենք այս տվյալները այդ թեկնածուների գույքի եկամուտների հայտարարագրերի հետ, տեսնում ենք, որ թեկնածուների մեծ մասը չունի զբաղվածություն և եկամուտ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ իրենք են ֆինանսավորում քարոզարշավը։
Կարդացեք նաև
Ծախսերի հաշվետվություններին, երբ նայում ենք, օրինակ՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» չեն նշում շտաբային տարածքների ծախսեր, մինչդեռ մեր դիտորդները զեկուցում են, որ մի շարք շտաբեր ունեն, վարձակալում են, կամ նույնիսկ, եթե անհատույց են օգտագործում, շուկայական արժեքով պետք է գնահատեն, ու երևա հաշվետվությունում։
Օրինակ՝ ֆեյսբուքյան հավելվածով տեսնում ենք, որ ՔՊ-ն միայն վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հազար դոլարի գովազդ է պատվիրել, բայց ավելի քիչ գումար է հայտարարագրել իր հաշվետվության մեջ»։
Մարիամ Հովեյանը նաև քննադատեց ատելության խոսքի կիրառումը նախընտրական ժամանակահատվածում․ «Ոչ մի ուժ չի խուսափում ատելության խոսքին դիմելուց։ Արձանագրում ենք խնդիրներ այս մասով գրեթե բոլոր ուժերի դեպքում ՝ ՔՊ, «Իմ հզոր համայնք», Կոմունիստական կուսակցություն։ Ամենաշատը Ռուբեն Մխիթարյանի և Վարդան Ղուկասյանի կողմից է գեներացվել ատելության խոսքը։ Այդպիսի ատելության խոսքի գեներացում ունեցանք նաև քարոզարշավի մեկնարկին, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական տոն տրվեց ի սկզբանե, երբ տարբեր պիտակներ հնչեցին տարբեր ընդդիմադիր ուժերի հասցեին։ Անգամ նախընտրական ծրագրերում ենք տեսնում խնդրահարույց արտահայտություններ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի