Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն պետություն ստեղծելով չենք կարող խնդիրները լուծված համարել, նաեւ քաղաքացի պետք է ձեւավորենք․ Աշոտ Նավասարդյանի հիմնական եւ առօրեական ուղերձը

Մարտ 28,2025 15:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միայն պետություն ստեղծելով մենք չենք կարող մեր խնդիրները լուծված համարել, մենք նաեւ քաղաքացի պետք է ձեւավորենք, բնակիչ՝ ապրող, ստեղծող, արարող․ սա ազգային եւ պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրներից Աշոտ Նավասարդյանի հիմնական ուղերձներից մեկն է, որն ըստ նրա դուստր Անուշ Նավասարդյանի, այսօր էլ կարեւոր է։

Այսօր՝ մարտի 28-ին, Աշոտ Նավասարդյանի ծննդյան 75-ամյակի օրը նրա կուսակից, զինակից ընկերները, ընտանիքի անդամները եւ հարազատներն այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին։

Մի առիթով Անուշ Նավասարդյանը նկատել էր՝ նոր սերունդը չի ճանաչում անկախության, հայրենիքի եւ պետության հիմնադրման ու կայացման գործում ներդրում ունեցող մեր գործիչներին․ Եռաբլուր պանթեոնում 168․ am-ի հարցին՝ ի՞նչ է պետք դրա համար անել, Անուշ Նավասարդյանը պատասխանեց․ «Պիտի անընդհատ խոսենք իրենց մասին, իրենց անունները պետք է անընդհատ հնչեն։ Արժեքները փոխանցողը մենք ենք, ամեն ինչը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ եւ, եթե յուրաքանչյուրս որոշենք չխոսել, քանի որ ժամանակը չէ, ամեն ինչ անցած է, հնամաշ է, դրա մասին այլեւս ոչ ոք չի խոսում, որովհետեւ այլ արժեքներ ենք ներմուծում մեր կենցաղ եւ առօրյա, ինքնըստինքյան ամեն կարեւորը վերանում է։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ արժեքներ ենք ուզում թողնել մեր սերունդներին եւ փոխանցել դրանք իրական մարդկանց, ովքեր կանգնած են լինելու մեր պետության թիկունքին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աշոտ Նավասարդյանն արմատներով Սիսիանի շրջանի Տոլորս գյուղից է։ Նա 18 տարեկանից նա նվիրվել է Հայաստանի անկախության պայքարին եւ ազգային ազատագրական շարժմանը: Իր գաղափարների տարածման համար Աշոտ Նավասարդյանը երեք անգամ կալանավորվել է եւ, ընդհանուր առմամբ, դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անցկացրել է շուրջ 12 տարի:

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31