Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում` Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների մասնակցությամբ կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին:
Աշխատանքային այցին մասնակցում է նաև ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:
Անահիտ Մանասյանը միջոցառման շրջանակում մարտի 27-ին որպես բանախոս է հանդես եկել «Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներդրումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների կատարման գործում. ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների (Rule 9 submissions) ներկայացում և փորձի փոխանակում» թեմայով քննարկմանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օմբուդսման Կլաուդիա Մոնտին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն։ Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին, Եվրոպական օմբուդսմեն (Եվրոպական միություն) Թերեզա Անժինյոն։
Կարդացեք նաև
Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է ժամանակակից աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, օմբուդսմանական հաստատությունների առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Պաշտպանն ընդգծել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային դերը Հայաստանի ներպետական օրենսդրության և պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում:
«Մեր հաստատությունը տարատեսակ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների չափանիշների ամրապնդման և միջազգային մեխանիզմների պատշաճ գործադրման ուղղությամբ։ Մի քանի ձևաչափերով ՄԻՊ հաստատությունն անմիջականորեն նպաստում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների և ՄԻԵԴ վճիռների կատարմանը։
Որպես Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման համար ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամ՝ ակտիվ դերակատարություն ունեմ ինչպես վճիռների կատարմանն առնչվող հարցերի քննարկման, այնպես էլ դրանց ոչ պատշաճ կատարման հետ կապված հարցերի բարձրացման գործում:
ՄԻԵԴ վճիռներում ամրագրված եվրոպական չափանիշներին անդրադառնում եմ նաև իմ տարեկան հաղորդման, արտահերթ զեկույցների շրջանակներում։ Մարդու իրավունքների խախտման առնչությամբ իմ որոշումներից շատերը հիմնված են նաև ՄԻԵԴ չափանիշների ու դրանց վերլուծության վրա: Իմ բազմաթիվ հրապարակային հայտարարությունների շրջանակներում անդրադառնում եմ նաև իրավունքներին առնչվող ՄԻԵԴ չափանիշներին:
Նշվածը վերաբերում է տարատեսակ ոլորտների՝ ներառյալ վատ վերաբերմունքի կանխարգելումը, քրեակատարողական հիմնարկներում պատշաճ առողջապահական համակարգի ներդրումը, կալանքի իրավաչափության համատեքստում առկա խնդիրների հաղթահարումը, հավաքների ազատության իրավունքի իրացումը, զինված ուժերում վատ վերաբերմունքի կանխարգելումը և այլ իրավունքների պատշաճ իրացումը։
Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է նաև ՄԻԵԴ կոնկրետ վճիռների կատարման վիճակի վերաբերյալ անկախ զեկույցներ»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը՝ հավելելով, որ ԵԽ-ն առանցքային դերակատարություն ունի ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում:
Քննարկումն ամփոփվել է հարցուպատասխանով, որի ընթացքում Պաշտպանը պատասխանել է մասնակիցների հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ