ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ երեկ Գյումրու ավագանու թեկնածուների հեռուստաբանավեճը վերջին քաղաքական գերեզմանաքարը դրեց իշխանական թեկնածուի վրա:
«Իրավիճակի ծանր հետեւանքները իշխանության համար երեկ արտահայտվեցին, երբ իրավապահ մարմինները՝ հանդես գալով որպես իշխանության մահակ, տարբեր թեկնածուների նկատմամբ փորձեցին հետապնդումներ: Հետեւանքն այն է, որ Գյումրիում խառնաշփոթ ստեղծվեց, ընդդիմադիր թեկնածուների ընտրական շտաբերը ու շտաբերի աշխատանքը փորձեցին տապալել… Ամենածանր հարվածը ստացավ Մարտուն Գրիգորյանը, որի ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում է իրականացվում: Մարտուն Գրիգորյանի անցած ճանապարհը, նրան՝ որպես քաղաքի տղա, բոլորը լավ գիտեն ու իշխանությունը նրա նկատմամբ առանձնահատուկ կոշտ վերաբերմունք է փորձում դրսեւորել»,- ասաց Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել էին Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Իսկ Իոաննիսյանը տեղեկություն էր հայտնել, որ Մարտուն Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողների համար իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ:
ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ շարունակեց լրագրողների հետ զրույցը՝ ասելով, որ դատարանից ձերբակալված ավագանու թեկնածուների գործով սպասելիքներ չունի. «Երբ իրավական պետությունը սպանվում է դիտավորությամբ եւ սպանվել է հրապարակային 2018 թվականի հարթակից՝ հայտարարելով, թե էդ որ դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի: Լսել ենք ձայնագրություններ, որ ուզեն-չուզեն՝ կալանքը պիտի տան, ի՞նչ իրավական գործընթացի մասին է խոսքը»:
Պատգամավորի խոսքով, չի կարող լինել իրավական գործընթաց մի համակարգում, որը Նիկոլի sms-ներով է առաջնորդվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ