«Այն, ինչ տեղի է ունենում Մարտուն Գրիգորյանի հետ, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխանական ուժերն անհանգստացած են Գյումրու ընտրությունների արդյունքով: Մարտուն Գրիգորյանի դեմ իրականացված այս ընտանեկան արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հրահանգ, քաղաքական հետապնդում իրականացնել թեկնածուի նկատմամբ, որ ջլատեն նրա ուժերն ու հնարավորություն չլինի նրա հաղթանակի ապահովման համար»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Իսկ Իոաննիսյանը տեղեկություն էր հայտնել, որ Մարտուն Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողների համար իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ:
Թագուհի Թովմասյանը հույս հայտնեց, որ գյումրեցիները խոհեմ կլինեն ու չեն տրվի այս սադրանքներին, որովհետեւ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի մոտ սադրանքները լավ են ստացվում:
Կարդացեք նաև
Պատգամավորը անդրադարձավ նաեւ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից երեկ պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկելուն. «Եթե Հովիկ Աղազարյանը համարում է՝ իր հետ շատ անարդար են վարվել, նույնիսկ ԱԺ ամբիոնից լալահառաչ ելույթ էր ունենում, թե ինչ անարդար են հետը վարվել ու գնալ Տարոն Մարգարյանի փուչ մեղադրանքին կողմ քվեարկել, ես զարմացած էի»:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ Ալեն Սիմոնյանի վարքագծին, երբ լրագրողները հարց ուղղեցին, թե ինչպես է ստացվում, որ նա դատապարտեց Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արարքը, բայց օրինակ կոնկրետ ներողություն չէր խնդրել այն քաղաքացուց, ում վրա թքել էր:
«Ես կարծում եմ, որ ԱԺ նախագահը վերադարձել է իր հին մասնագիտությանը եւ զբաղվում է շոուներով»,- ասաց պատգամավորը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ