Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական ռեսուրսի տիրապետող մարդկանց թելադրանքով` այդ նյութերը հայտնվում են Փարաքար համայնքի պաշտոնական էջում»․ Ատոմ Մխիթարյանը՝ Փարաքարում խախտումների մասին

Մարտ 28,2025 14:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փարաքարում հիմնական խախտումների մի խումբը վերաբերում է քաղաքական ուժերի քարոզչական նյութերին։ Դրանք հիմնականում փակցվում են չսահմանված և արգելված վայրերում, չեն պարունակում օրենքով պահանջվող մակնշում, տեղեկատվություն տպաքանակի, պատվիրատուի վերաբերյալ, տեսնում ենք բուկլետներ՝ թափված փողոցում, բայց նշում չկա պատվիրատուի մասին։ Խախտումների մյուս ուղղությունն այն է, որ քողարկված քարոզչական նյութեր են պատրաստվում, տարածվում քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ ուժերի կողմից»,-«ՀայաՔվե» միավորման գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ-ի նախագահ, «Հայաքվե»-ի վարչության անդամ Ատոմ Մխիթարյանը։

Նա իրականացրել է իրավական վերահսկողություն Փարաքար համայնքում։ Վստահեցրեց՝ հետամուտ են լինելու, որ այս դեպքերը համապատասխան իրավական արձագանք ստանան։

Փարաքարում տիրող իրավիճակի մասին նաև արձանագրեց․ «Այն մարդիկ, որոնք ավելի շատ ռեսուրսներ ունեն և հատկապես դա իշխանական ռեսուրսին տիրապետող կամ ներկա պահին համայնքի ղեկավարի անմիջական հսկողության տակ գտնվող մարդիկ են, ուղղակի փչացնում են քարոզչական նյութերը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը պաստառները դիտավորյալ վնասելու համար 50-100 հազար դրամի սահմաններում տուգանք է սահմանում։

Խախտումների մյուս խումբը վարչական ռեսուրսների օգտագործումն է Փարաքարում։ Օրինակ՝ ԶԼՄ-ներից մեկը նյութ է պատրաստում թեկնածուներից մեկի վերաբերյալ, և այդ նյութը հայտնվում է համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Դա չի թույլատրվում, այդ նյութը միակը չէ, հետո ևս մեկ նյութ է պատրաստվել ընդդեմ մյուս թեկնածուների, որը ևս տեղադրվել է համայնքապետարանի պաշտոնական էջում։ Այն մարդիկ, որոնք վարչական ռեսուրսի տիրապետում են, ուղղակի նրանց թելադրանքով այդ նյութերը հայտնվում են համայնքի պաշտոնական էջում և ձեռք բերում պաշտոնական կարգավիճակ»։

«Հայաքվե»-ի վարչության անդամ Ցոլակ Ակոպյանն էլ տեղեկացրեց՝ նախաձեռնության 200 դիտորդներ քաղաքացիական հսկողություն են իրականացնելու ընտրական ողջ գործընթացի նկատմամբ։ Նաև հորդորեց գյումրեցիներին և փարաքարցիներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը, որ ունենանք լեգիտիմ տեղական իշխանություն, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում կապի մեջ լինել նախաձեռնության դիտորդների հետ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31