Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես պահեիք քաղաքը, որ նման գործողությունների կարիք չառաջանար. Հայկ Մամիջանյանը՝ Մարտուն Գրիգորյանի կողմից մի քանի փողոցի խճապատման մասին

Մարտ 28,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կարծում եմ՝ այս ամենը միտված է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նկատմամբ անհարգալից վերաբերմունք սերմանելուն, ՏԻՄ ընտրությունների մակարդակը զրոյացնելուն ու ՏԻՄ-ին իշխանության, կառավարության կցորդ դարձնելուն »,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Գյումրիում նախընտրական փուլում ավագանու թեկնածուների ձերբակալություններին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Իսկ Իոաննիսյանը տեղեկություն էր հայտնել, որ Մարտուն Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողների համար իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ:

Պարոն Ասլանյանի խոսքով, տարիներ շարունակ ՏԻՄ-ի նկատմամբ իրականացվում է գավառամտությամբ զուգորդված, ապօրինություններով համեմված ձեռագիր, որը միտված է ՏԻՄ մակարդակի զրոյացմանը, ՏԻՄ-երի նկատմամբ քաղաքացիների վստահությունը եւ ընդհանրապես գուցե ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի պակասեցմանը. «Որ հետագայում համապետական գործընթացների ժամանակ պարբերաբար կիրառեն այդ սկզբունքը եւ ցույց տան, որ ժողովրդի քվեն որեւէ նշանակություն չունի: Ու ժողովուրդը հատկապես մարզերում գավառական ժողովուրդ են ու չեն տեղավորվում քաղաքագիտական կանոնների մեջ»:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ լրագրողներին ասաց, որ այն, ինչի համար ձերբակալել են Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն, ավագանու մյուս թեկնածուներին, նույն բանը արել է իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը՝ մեկ տարբերությամբ: Ըստ պատգամավորի՝ Մարտուն Գրիգորյանը Գյումրու մի քանի փողոց խճապատել է անձնական միջոցներով, Սարիկ Մինասյանը՝ համայնքային բյուջեի հաշվին. «Այնպես պահեիք քաղաքը, որ նման գործողությունների կարիք չառաջանար: Եթե դա դիտարկում եք ընտրակաշառք, նույնը պետք է անեք Սարիկ Մինասյանի նկատմամբ»:

Պատգամավորը նկատեց, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի դատարանն այսօր, ընտրություններից երեք օր առաջ թիմի առանցքային դերակատարներին ձերբակալել, քաղաքապետի թեկնածուի ազգականների նկատմամբ նմանատիպ ճնշումներ գործադրելն արդեն իսկ քաղաքական ճնշումներ են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31