«Եթե Սարիկ Մինասյանի հայտարարություններում կան դրվագներ, որոնք իրավապահ մարմիների ուշադրությանն արժանի են, ապա ես վստահ եմ, որ դրանց կարժանանան իրավապահ մարմինների ուշադրությանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ այնտեղ չծառայեին»։
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշում է կիրառվում իրավապահների միջոցով․ «Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ տեղի ունեցող իրադարձություններին, ես պետք է վստահ արձանագրեմ, որ ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից հնարավոր չէ իրականացնել նման գործողություններ առանց փաստերի։ Այդ փաստերի մի մասը, այո, հրապարակվել է։ Բայց ես վստահ եմ, քանի որ դեպքը մեկը չէր, կան նաեւ այլ փաստեր։ Հայաստանում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, արմատախիլ է արվել, եւ մենք ամեն բան անելու ենք, ժողովուրդը թույլ չի տալու, որ այդ ինստիտուտը որեւէ մեկը փորձի վերականգնել»։
Հարցին, թե ՔՊ-ին Գյումրիում պատրա՞ստ է կոալիցիան կազմել Վարդան Ղուկասյանի հետ, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Միանշանակ, ոչ, մենք ձեր նշած անձնավորության մասին մեր գնահատականները շատ մանրամասն ձեւակերպել ենք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա արտահերթ ընտրություններում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ