«Երեկ չափազանց վտանգավոր արձագանք հնչեց Բաքվից առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստվում սպասել իրենց կողմից Հայաստանին առաջադրված նոր նախապայմանների կատարմանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ սրանով, ըստ էության, սպառնում են, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունն իրենց նախապայմանները չկատարեն, Բաքուն կարող է առ ոչինչ համարել 17 կետից բաղկացած «բանակցային փաթեթը»։ Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանն այդ 17 կետերից բացի՝ ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնց թվում են ՀՀ Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջները, այսպես կոչված՝ «փախստականների» վերադարձը։
«Այսինքն՝ Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում մինչեւ վերջ կորզելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված՝ ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ նաեւ հանդես գալիս նոր նախաձեռնություններով»,- ասաց նա։
Հարցին, թե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի՞, Աբրահամյանը պատասխանեց․ «Անվստահության գործընթացը խորհրդարանական այն գործիքներից մեկն է, որը կարեւոր պահի կարող է գործածվել։ Այս պահին դժվարանում եմ դրա մասին ժամկետային կտրվածքով խոսել»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ