Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու խափանման միջոցի հարցը: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդել է ընտրել վարչական վերահսկողություն:
«Հուսով եմ՝ նախընտրական փուլում չի հաջողվի այս շինծու, արհեստական գործով ճնշում իրականացնել, որը ներկայիս վարչախումբը փորձում է անել: Եթե նախկինում նմանատիպ դեպքերի ականատես ենք եղել Վանաձորում, Վարդենիսում եւ այլ վարչական շրջաններում ընտրություններից առաջ, հիմա մարտավարությունը փոխվել է, արվում է ընտրությունների նախօրեին՝ ընտրությունների վրա որոշակի ազդեցություն ունենալու համար»,- այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց Մարտուն Գրիգորյանի հոր շահերի ներկայացուցիչ փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Փաստաբանն ասաց, որ իր համար այլեւս զարմանալի չէ, որ հատվում են կարմիր գծեր ու թիրախավորվում են թեկնածուի հայրն ու որդին. «Վերջին տարիներին այնպիսի ոչ ողջամիտ բաների ենք ականատես եղել, որ զարմանալի չէ այլեւս ոչինչ: Եղել են նմանատիպ դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են եղել քաղաքական հետապնդումներով: Ժամանակ առ ժամանակ մենք իրավական անզորության մեջ ենք գտնվում, բայց այս երկրում ոչ մի բանից պետք չէ զարմանալ, ամեն ինչ հնարավոր է: Ամեն Ազգային ժողովի նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նմանատիպ դրսեւորումներից հետո, որը տեղի ունեցավ նախօրեին, միշտ էլ հնարավոր են նմանատիպ զարգացումներ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այն է՝ Մարտուն Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողների համար իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ:
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտնեց, որ վարչական վերահսկողության պայմաններում անձը չպետք է շփվի ընտրությունների մասնակից թեկնածուների հետ, չայցելի նախընտրական շտաբ, երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտ մնա տանը, ընդհանրապես չշփվի այլ անձանց հետ. «Երկու անձի դեպքում գործ ունենք ավագանու թեկնածուների հետ: Այսինքն՝ վարչական վերահսկողությամբ առաջարկում են առնչություն չունենալ նախընտրական գործընթացի հետ, ստացվում է, որ ընտրությանն էլ չմասնակցեն: Հետեւաբար, սրանով փորձում են սահմանափակել անձի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքը»:
Փաստաբանը նկատեց, որ երեկ երեկոյան, երբ Հակակոռուպցիոն դատարանը հայտարարեց, որ ձերբակալված անձանց նկատմամբ վարչական վերահսկողություն պետք է կիրառվի, այդ պահից սկսած այդ անձինք ձերբակալված են ապօրինի. «Եթե գիտես, որ այդ անձանց կալանքի չես տանելու, չես կարող անձանց ձերբակալված պահել»:
Փաստաբանն ասաց, որ այս պահի դրությամբ, ինքը ավագանու երկու թեկնածուի ձերբակալության մասին տեղեկություն ունի, բայց իրեն հայտնի չէ՝ ընդհանուր թվով երկու դաշինքներից քանի հոգի ձերբակալված կա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարում՝ Մարտուն Գրիգորյանը որդու հետ