Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ական այս պատգամավորները փաստացի չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները և անուղղակի ճնշում գործադրել ընտրողների նկատմամբ»․ Ավետիք Չալաբյան

Մարտ 28,2025 13:04

«Քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր այն իմաստով, որ որոշ չափով Փարաքարում, բայց առաջին հերթում Գյումրիում կար բավականին լուրջ անհամաչափություն մի կողմից իշխանության թեկնածուի, մյուս կողմից մնացած բոլոր թեկնածուների միջև»,- «ՀայաՔվե» միավորման գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Գյումրիում և Փարաքարում ավագանու ընտրությունների քարոզարշավին։

Նշենք, որ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը Երիտասարական ակումբների դաշնություն ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում են դիտորդական առաքելություն ավագանու ընտրությունների ընթացքում։

Ավետիք Չալաբյանը նաև ահազանգեց մի շարք խախտումների մասին, որոնք իրենք գրանցել են քարոզարշավի ժամանակ․ «Առաջին դրվագն այն է, որ մամուլում հրապարակվել են սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որով նշվում է, որ Գյումրիի ընտրությունների ընդգծված առաջատարը ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն է՝ մոտ 45 տոկոս։ ԸՕ 22-րդ հոդվածի 2-րդ մասը միարժեք սահմանում է, որ ընտրությունների մասնակցող թեկնածուների վարկանիշի վերաբերյալ սոցիալական հարցումների վերաբերյալ իրականացնող կազմակերպությունը պետք է նշի հարցման ժամկետները, հարցման մասնակիցների թիվը և ընտրանքի ձևը, հարցի ճշգրիտ ձևակերպումը և պատվիրատուին։ Դրանցից ոչ մեկը չի հրապարակվել, նաև չի հրապարակվել սոցիոլոգիական հարցում անցկացնող կազմակերպության անունը։ Սա ԸՕ 22-րդ հոդվածի աղաղակող խախտում է։ Սա դատախազությանն ենք ներկայացնելու՝ որպես հաղորդում հանցագործության մասին»։

Ավետիք Չալաբյանը նաև պնդեց, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունների միջոցով․ «Երկրորդ դրվագը մարտի 27-ին է տարածվել։ Երեկ ՀՀ ԱԺ ճեպազրույցի ընթացքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ ընտրակաշառքը գենետիկորեն կապված է ընդդիմության հետ։ Այսպիսի հայտարարությունները պարունակում են ակնհայտ զրպարտության տարրեր և նաև սպառնալիք ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, չի հատկորոշվում, թե որ կոնկրետ թեկնածուին է դա վերաբերում։ Ընդհանուր պնդում է արվում ընդդիմության նկատմամբ։ Հաշվի առնելով, որ նա իշխող խմբակցության ղեկավարն է, դա նաև ուղղորդման տարրեր է պարունակում իրավապահ մարմինների համար։

Արթուր Հովհաննիսյանն էլ երեկ հայտարարել է, որ ընտրակաշառք տվողներին իրենք պատերով են տալու։ Եղել են, թե չեն եղել ընտրակաշառքներ, իրավապահների խնդիրն է, և այդ համակարգը լիազորություն ունի զբաղվելու։ ԱԺ որևէ պատգամավոր իրավասություն չունի այդ հարցերին միջամտելու։ Ուստի մենք կարծում ենք, որ երկու այս պատգամավորները, որոնք կարևոր դեր են զբաղեցնում ՔՊ-ում, այս մեկնաբանություններով խախտում են ԸՕ 23-րդ հոդվածը, որը պահանջում է, որ ընտրարշավի ժամանակ վարչական ռեսուրս չկիրառվի։

Այս երկու պատգամավորները փաստացի չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները և անուղղակի ճնշում գործադրել ընտրողների նկատմամբ։ Կոչ ենք անում ԿԸՀ-ին ուսումնասիրել այս դեպքերը և տեսնել, թե դա որքանով է ազդում ընտրությունների ընթացքի վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31