Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել ամերիկյան դիվանագիտությունը. Սուրեն Սարգսյան

Մարտ 28,2025 11:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թվում է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն այն է, ինչին ձգտում է Թրամփը, սակայն սա չափազանց բարդ գործընթաց է, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի գործոնները։ Հասկանալի է, որ Իրանի հզորացումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ էլ Թուրքիայի շահերից։ Եթե Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա Թուրքիայի պարագայում սա մի քանի բաղադրիչներ ունի։

Բավական է տեսնել, թե ինչ նյարդային են Անկարայից հետևում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դա նշանավորվում է Զելենսկուն Անկարա հրավիրելով և նրա գլխին հովանոց պահելուվ, ինչպես նաև տարբեր հայտարարություններով՝ Ուկրաինայում զորք տեղակայելու վերաբերյալ: Բոլորի համար ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան մեղրամսի պարագայում Անկարան կկորցնի իր «անփոխարինելի ռազմավարական գործընկերոջ» դերն ու նշանակությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար։ Այսպես եղել է միշտ․ Արևմուտք-Ռուսաստան լարվածության պարագայում թուրքական գործոնը մշտապես կարևորություն է ձեռք բերել, և հակառակը։

Մյուս սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվում են և պատժամիջոցները վերացվում են, Իրանը դառնում է տարածաշրջանային տնտեսական և քաղաքական հսկա՝ զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով։ Իրանը, որը տարածաշրջանում Թուրքիայի բնական հակակշիռն է, կդառնա զսպաշապիկ թուրք-ադրբեջանական ամենաթողության համար Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս։

Այս սցենարը նույնպես իրատեսական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանը կարող է չափազանց կարևոր դեր խաղալ Վաշինգտոնի քաղաքականության մեջ՝ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու տեսանկյունից, մասնավորապես՝ խոչընդոտելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործմանը։ Ընդհանրապես, Թրամփի ցանկացած հաշվարկի հիմքում Չինաստանի զսպումն է դրվում, որպես կարևոր առաջնահերթություն (Թրամփը նույնիսկ Հնդկաստանին, Իրանին և Ռուսաստանին է դիտարկում է՝ որպես պատնեշներ Չինաստանի դեմ)։

Արդյո՞ք Թուրքիան և Իսրայելը կփորձեն խանգարել իրանա-ամերիկյան հնարավոր reproachment-ին՝ օրինակ, Ադրբեջանի միջոցով տարածաշրջանը ապակայունացնելու ճանապարհով։ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունները կարող են բերել Իրանի կոշտ արձագանքին, ինչը կարող է հնարավորություն տալ Թուրքիային և Իսրայելին ներքաշվել հակամարտության մեջ։ Այս պարագայում Վաշինգտոնն ու Մոսկվան այլևս չեն կարող անմասն մնալ գործընթացին, ինչը կհանգեցնի բոլոր առկա պայմանավորվածությունների վերաձևմանը։ Եվ եթե հետևենք վերջին օրերի ամերիկյան դիվանագիտության ակտիվությանը՝ Ռուբիոյից զանգերից մինչև Հայաստանում ԱՄՆ դեսպանի Սյունիքի այց, կտեսնենք, որ հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել ամերիկյան դիվանագիտությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31