Երեւանում այս գարնանն էլի ծառեր են մորթվում, հիմա Թումանյան փողոցի ծառերն են արմատախիլ անում:
Մերգելյան ինստիտուտի դիմաց վաղուց մի այգի կար, անցած տարիներին այդ այգին վերածվել էր անսովոր մի տոնավաճառի, որն ամեն ինչ էր, բայց ոչ` այգի:
Վերջապես նոր այգու շինարարությունն ավարտվեց, իբր` ժամանակակից. գետնին սալիկներ են շարել, մի փոքր տեղ կառուսել դրել, դիմացը ինչ-որ անհասկանալի բեմ, լույսեր կան, լամպեր էլ, բայց տարօրինակորեն Նոր տարվա առաջին օրը դրանք չլուսավորվեցին: Նախատեսված է ամռանը ցայտաղբյուրային հատված, նստարաններ էլ են դրել: Դե ցրտերին ոչ ոք այնտեղ չէր նստում, իսկ ամռանը ծառեր չկան, որ հով անեն, այն ինչ թողել են բավարար չէ, իսկ նոր տնկած մի քանի կես մետրանոց եղեւնիները կամ փոքրիկ ծառերը իրենց ստվերին դեռ շատ սպասել կտան: Մեծ, հաստաբուն, սաղարթախիտ ծառերը մորթվեցին. պատճառը անգիր սերտած բառեր են` իբր հին են: Եթե մասնագետ էլ հրավիրեն, ու նրանք հաստատեն, հավատացող միեւնույն է` չի՛ լինելու, որովհետեւ ասողներն իրենց մարդիկ են լինելու: Այսպես, ամեն բան թատրոն է հիմա, բեմադրություն, կինո, քասթինգն իրենք են անում, ընտրում իրենց ճաշակով:
Քաղաքապետարանի առջեւ օրեր առաջ բողոքի ակցիա էր անցկացվում:
Կարդացեք նաև
Քաղաքապետարանի իր կաբինետից ցած իջած կինը ասում է, թե ծառերը փոխարինվելու են նորերով (հուդայածառ)` ապագայում կանաչ ունենալու համար: Տարօրինակ է` ինչո՞ւ են եղած կանաչը սպանում ու տեղը մի քանի սանտիմետրանոց նոր տնկիներ դնում մեր անորոշ ապագայի համար: Իրականում, ամեն ինչ, քաղաքի մեզ սովոր տեսքը փոխելու, ամենը, հինը, պատմությունը փոխելու միտումով է, ու հիմքը դարձյալ շահն է, փողը. փա՞յտ է դարձյալ պետք… Այս ամենի դիմաց մենք դարձյալ դառը գին ենք վճարելու: Եվ ի՜նչ է ասում` թե բողոքողները այլ երկրների բնակիչներ են, թե այստեղ ռուսներ է տեսնում, որ թող գնան իրենց երկրներում բնապահպանություն անեն: Բայց ի հեճուկս նրա խոսքերի, օտարազգի երիտասարդը հայերեն է խոսում ու ասում, որ բնությունը ազգություն չի ճանաչում: Տարբեր լեզուներ են հնչում ի պաշտպանություն ծառերի` հայերեն, անգլերեն, ռուսերեն: Աշխարհի բոլոր լեզուները նո՛ւյնը կասեին…
Այդ ինչի՞ց է մտածելակերպը, թե մեր սահմանները, մեր բնությունը, մեր ծառերը, մեր անվտանգությունը, մեր իրավունքները ուրիշները պիտի պաշտպանեն, ո՞ր տրամաբանությամբ: Մեկ արեւմուտքից ենք դժգոհում, մեկ հյուսիսից, մեկ արեւելքից, իսկ մենք ինքներս մեզ համար անելու ոչինչ չունե՞նք, ռեստորանային քեֆերից, ֆեյսբուքում շատ հաճախ անիմաստ ու կիսագրագետ բաներ գրելուց, ինքնացուցադրվելուց, մեծ ու սուտ ճառեր ասելուց բացի ուրիշ անելիք չունե՞նք: Մեր արժանապատվության, երկրի, նրա անվտանգության, մեր իսկ գոյության, պատմության ու հիշողության հանդեպ մենք ինչո՞ւ ենք այսքան անտարբեր, մի՞թե պարտք ու պարտավորություն չունենք: Չէ՞ որ ներկայի գործողություններն են ապագան որոշում:
Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում