News.am. Շվեյցարիայի Համադաշնության Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը պատասխանել է հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպությունների՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նամակն ստորագրած ՀԿ-ների ներկայացուցիչները:
Մարտի 4-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն փոխանցված նամակում ՀԿ-ները Շվեյցարիայի Համադաշնության նախագահին և կառավարությանը կոչ էին անում ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում. «Կոչ ենք անում Ձեզ և Ձեր հարգարժան կառավարությանը ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում և ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար»:
ՀԿ-ներին ուղղված պատասխան նամակում Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից նշել են, որ Շվեյցարիան բազմիցս կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջազգային իրավունքի համաձայն ապահովելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը: «Ինչ վերաբերում է հյուպատոսական աջակցությանը, ինչպես նախատեսված է Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, նման ծառայություններ կարող են տրամադրվել միայն շահագրգիռ պետությունների կողմից ներկայացված խնդրանքի դեպքում»:
Նույն ՀԿ-ները դիմել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: