Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց
Նիկոլի վերջին հայտնի մոնոլոգից հետո արձագանքը կանխատեսելի էր. նախկին նախագահների թիմերը նրան ուղարկեցին բուժման, եղան դեղերի առաջարկներ, ինչպես նաև առաջարկ՝ հրապարակել փաստաթղթերը։
Էմոցիոնալ տեսակետից արձագանքողների ռեակցիան միանգամայն հասկանալի էր. առաջին հայացքից՝ էլ ուրիշ ի՞նչ կարելի էր անել այդ տեսարանից հետո։ Բայց դրանից քիչ բան փոխվեց։
Այլ իրականություն կլիներ, եթե քաղաքացին հասկանար, որ Նիկոլն իր արտահայտություններով ոչ միայն երեք նախկին նախագահներին է վիրավորում, այլև՝ իրեն։ Նա վիրավորում է բոլորի 30-ամյա անհատական և հավաքական պատմությունը։ Մեր ծնողների, մեր կայացման, մեր երեխաների՝ դժվարություններով լի, բայց՝ արդյունքներով հարուստ փուլը։ Եթե քաղաքացին երեկ գիտակցեր, որ սա իր 30-ամյա կենսագրությունն է «տալիս պատերին, առնում ոտերի տակ», ապա այսօր Հայաստանում կլիներ այլ մթնոլորտ։ Բայց որպեսզի հասարակությունը դա հասկանար, պետք էր նրան դա ճիշտ բացատրել, ոչ թե բավարարվել էպիզոդիկ հականիկոլականությամբ։
Կարդացեք նաև
Երկու ելույթները՝ մի փաթեթի մեջ
Ճիշտ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, պետք է Նիկոլի երկու ելույթները՝ Ղարաբաղյան շարժման մասին և նախկին նախագահներին պատերով տալու, նայել մեկ ամբողջության մեջ։
Որքան էլ տհաճ լինի, բայց պետք է ընդունել, որ նա իր շահերի տեսանկյունից գրագետ է վարվում։ Նա ամենևին չի կորցրել ինքնատիրապետումը, սպոնտան հունից դուրս չի եկել։ Իր շահի տեսակետից սառը, ռացիոնալ ուղղություն է վերցրել։ Այլ հարց է, որ հայ ժողովրդին դնում է ծանր, ու ամբողջությամբ ֆեյք ընտրության առաջ։ Շատ կեղտոտ ընտրության։
Պարադոքսն այն է, որ նա դնում է ձևակերպումներ, որոնք պետք է դներ հականիկոլական դաշտը։ Նիկոլի մերժման ամբողջական ճիշտ հայեցակարգը և հռետորաբանությունը ենթադրում էին, որ հականիկոլական դաշտը պետք է լիներ խաղաղության քարոզիչը (որովհետև Նիկոլը պատերազմ է բերել), լիներ խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային դեէսկալացիայի քաղաքականության, խաղաղության համաձայնագրի կրողը։
Սխալ տեսլականների թակարդում
Նույնիսկ «ղարաբաղյան շարժման դադարեցումը», ինչքան էլ ֆեյք ձևակերպում է, ավելի պետք է սազեր հականիկոլական դաշտին։ Նիկոլի օրոք կործանվել է Ղարաբաղը, և հաջորդ սոլիդ իշխանության խնդիրը ոչ թե 88-ի ղարաբաղյան շարժման բովանդակությունն է, այլ՝ այսօր ստեղծված իրականության վրա հնարավորին չափ գործ անելը՝ վերադարձի իրավունք, գույքային պահանջ, հոգևոր ժառանգության պահպանում։ Ընդունենք, որ սա քիչ ընդհանուր բան ունի Ղարաբաղյան շարժման՝ մեզ հայտնի բովանդակության հետ։ Ու հիմա Նիկոլը գոռալով «կամ ինձ հետ կամ ղարաբաղյան շարժման», իրեն դնում է շահեկան վիճակում, իսկ հասարակությանը՝ անարժանապատիվ ընտրության առաջ։ Հականիկոլական դաշտն էլ, չգիտես ինչու, դիրքավորվում է «ղարաբաղյան շարժման» նարատիվում։
Մեծ հաշվով, ղարաբաղյան շարժումը վերջացել էր Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորմամբ և Արցախի Հանրապետության հռչակմամբ։ Դրանից հետո եղել է խաղաղ բանակցությունների մի քանի տասնամյակ։
Հիմա իրականությունը փոխվել է, և առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության պայմանագրին և այլն, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը։
Միայն այդ դեպքում էր հնարավոր խափանել Նիկոլի՝ իբր իմպուլսիվ պոռթկումների ազդեցությունը լայն զանգվածների վրա։ Իսկ նման պոռթկումներ առաջիկայում շատ են լինելու։
Ամեն ինչ վարի տալուց հետո նա իր մասնավոր, այլանդակ շահի տեսակետից գրագետ քարոզարշավ է անում, իսկ ի՞նչ է անում հակառակ դաշտը։ Կամ, որն ավելի բարդ հարցադրում է. ո՞րն է հակառակ դաշտը։ Կամ իրար հետ են կռվում, կամ հազար ու մի հակասական ու չմտածված բաներ ասելով՝ խլացնում խելոք խոսքը՝ ձևավորելով համատարած մոլորության-անորոշության հանրային տրամադրություններ։
Փոխանակ հետպատերազմյան Հայաստանի տեսլական ներկայացնի հայ ժողովրդին ու ստանա նրա վստահությունը, հականիկոլական դաշտը զբաղված է պաշտպանվելով ու ամեն անգամ զարմանալով Նիկոլի «ստոպերի» բացակայության վրա։
Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է մինչև´ ընտրությունները հայ ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել։ Սա է խնդիրը։ Նրանք, ովքեր ունեն ռեսուրս, ցավոք, այսպես չեն մտածում, նրանք ովքեր սա հասկանում են, ցավոք, չունեն ռեսուրս՝ համակարգեր ստեղծելու։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ