Միշտ՝ տարբեր երկրների իշխանավորներից եւ մեծահարուստներից ես լսել եմ կշտամբանք կամ «բացատրություն», որն ուղղված է ոչ բարեկեցիկ ապրող մարդկանց. «Դուք աղքատ եք, որովհետեւ կրթված չեք»: Եթե այդ բանաձեւը շուռ տանք, ապա կստացվի՝ որքան մարդը կրթված է, այնքան՝ հարուստ, եւ, հետեւաբար, բոլոր միլիոնատերերը հասել են իրենց նպատակներին՝ փայլուն կրթություն ստանալու շնորհիվ: Այդ դեպքում, օրինակ, ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը կամ նրա հայաստանցի «բախտակից» Սամվել Ալեքսանյանը պետք է դասվեն իրենց երկրների ամենակրթված մարդկանց շարքին:
Բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ: Հատկապես մեր նման երկրներում հարստանալը սովորաբար կապված է ինչ-որ բան (օրինակ՝ «նավթային խողովակը») էժան գնով ձեռք բերելու, իսկ այնուհետեւ դրա արդյունքը (օրինակ՝ նավթը) թանկ վաճառելու հետ: Որպես կանոն՝ դրան նպաստում է պետական իշխանությունը: Անշուշտ, հարստանալը նույնպես որոշակի ունակություններ է պահանջում, բայց կրթվածության հետ դա որեւէ կապ չունի:
Դառնանք հիմա «աղքատներին»: Ինչպես հայտնի է, միջնադարում ամենակրթված մարդիկ վանականներն էին: Արդյոք նրանք տիրապետո՞ւմ էին նյութական մեծ բարիքների: Եվ, ամենակարեւորը, արդյոք նրանց առաքելության, ծառայության նպատակը հարստանա՞լն էր:
Կրթվելն, այո, խիստ անհրաժեշտ է: Բայց պետք է հասկանալ, թե որն է դրա նպատակը: Մի՞թե հարստանալը: Կարծում եմ՝ ոչ: Մարդիկ կրթվում են (խոսքը կրթվելու, ոչ թե դիպլոմ ստանալու մասին է)՝ ի վերջո, ավելի լավը դառնալու եւ աշխարհն ավելի լավը դարձնելու համար:
Կարդացեք նաև
…Երբ պետության ղեկավարն ուսուցիչներին, դասախոսներին, գիտնականներին ասում է՝ «դուք աղքատ եք, որովհետեւ անկիրթ եք», դա բոլորովին չի բարձրացնում կրթության արժեքը, վարկը: Դա ընդամենը նշանակում է, որ պետությունը չի ցանկանում կամ չի կարողանում ապահովել այդ մարդկանց արժանապատիվ կյանքը: Մյուս կողմից՝ դա միանշանակ ուղերձ է հաջորդ սերունդներին. «մի՛ կրթվեք, հատկապես ուսուցիչ կամ դասախոս մի՛ դարձեք, ընտրեք այնպիսի զբաղմունք, որի միջոցով կկարողանաք փող շինել»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կրթությունը ընդհանրացված հասկացություն է։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, ֆինանսական կրթության մասին է։ Եթե մարդ չգիտի ինչպես կառավարել իր եկամուտը, ապա անկախ ստացած կրթությունից նա չի կարող դառնալ հարուստ։ Հարստանալու դեպքում էլ այդ հարստությունը նա շատ շուտ կորցնի։
Րաֆֆիի «Կայծեր» գիրքին մէջ, Հայոց Զարթօնքի սերունդին պատկանող նշեալ մտաւորականը, հիմնական կերպարի մը եւ յատուկ դրուագի մը ընդմէջէն, կ’արտայայտէ այն միտքը որ՝ մարդ որքան շատ ուսանի, այդքան նուազ ազգասէր կը դառնայ:
Մ. Հայդուկ Շամլեան