Ինչի՞ վրա էր ընդդիմության հույսը, երբ նրանց բազմաթիվ փորձերը իշխանափոխություն անելու համար լիովին տապալվեցին
Ես նախկինում մի շարք անգամներ գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը հաղթում է ողջ հայ ժողովրդին, դրանով փաստացի՝ մի կողմից գովեով նրան, մյուս կողմից՝ նվաստացնելով հայ ժողովրդին: Բայց դա ավելի շատ կասկածի էր նման, քան իրողության: Մի քանի օր առաջ նրա համարձակ քայլից եւ հատկապես ընդդիմության պահվածքից հետո, փարատվեցին վերն ասված իմ կասկածները եւ համոզվեցի ասվածի ճշմարտացիության մեջ: Այս ընդամենը որպես նախաբան:
Այսօր հայրենիքի, Հայաստան պետության, հայ ժողովրդի ողջ գոյության ընթացքի եւ իրավիճակի ամենաճակատագրական պահն է, երբ միարժեք որոշվում է, թե Ադրբեջանն իրո՞ք կհամաձայնի, որ թույլիկ ժողովրդով, թույլիկ Հայաստանը գրավելուց հետո, նրան գոնե Ադրբեջանի մարզի կարգավիճակ տալ, որի վերաբերյալ մեծ վերապահումներ ունեմ:
Փաստացի, այսօր Հայաստանի համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գործող իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի բոլոր առաջարկներին, իսկ հայ ժողովուրդը (գոնե մեծամասնությունը) ոչինչ չի անում Հայաստանը փրկելու համար եւ պարտադրված կատարելու է Ադրբեջանի բոլոր պահանջները: Փաստորեն, խոսքը գնում է նրա մասին, որ տարիներ շարունակ բազմաթիվ լրատվամիջոցներով ու բազում միջոցառումների ընթացքում հստակ ներկայացվում էր Հայաստանի շուրջ օրեցօր ստեղծվող եւ նրան օրեցօր սեղմող օղակի մասին, նրա իրական ողբերգական վիճակի եւ դրանց անտանելի հետեւանքների մասին, որոնք առ այսօր ավելի ծավալվում են ու անդառնալի դառնում Հայաստանի համար, սակայն հողի վրա ժողովրդի կողմից ոչ մի լուրջ քայլ չի արվում:
Կարդացեք նաև
Հատուկ ընդգծեմ, որ այդ ընթացքում Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքից անդարձ գրավել ու իրենով է արել շուրջ 240 քառ. կմ տարածք եւ բացարձակ խոսք չկա դրանց վերադարձի մասին, կարծես դա իր սեփականությունն է: Այդ վայ-«համաձայնագրով» բազում վտանգավոր հարցեր են դրված Հայաստանի առջեւ, որոնց կատարումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի լիարժեք կործանում, Հայաստանի լիարժեք անցում Ադրբեջանին: Փաստորեն, իրականում ստեղծվել է մի այնպիսի ողբերգական իրավիճակ, որ Հայաստանի ընդդիմությունը (հավանաբար կարծում է, որ բոլոր քայլերն սպառել է եւ էլ գործնական քայլեր չի փորձում անել, կարծես, թե հաշտվել է հայրենիքի հանձնման մտքի հետ) որքան էլ ցանկանա, չի կարողանում երկիրը փրկել Ադրբեջանի կողմից կործանելուց, քանզի այն շատ թույլ է, ժողովուրդն էլ նրանց սատար չի կանգնում եւ երկուսն էլ շատ վախենում են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից ու միայն տեղում դոփում են:
Չգիտեմ, թե ժամանակին ընդդիմությունը եւ ժողովուրդը հույսներն ինչի՞ վրա էին դրել, երբ օրական գոռգոռում էինք, որ Հայաստանն օր օրի զիջում է, կործանվում է, իսկ ընդդիմությունն ԱԺ-ում միայն ելույթներ էր ունենում, կարծելով, որ այդօրինակ ելույթներով կարող է Հայաստանի դեմ եղած վտանգները չեզոքացնել, այն դեպքում, երբ համոզված էր, որ ոչնչի հասնել չի կարող, քանի որ հստակ գիտեին, որ ՔՊ-ն ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է կազմում ու ցանկացած հարց կարող է վայրկյանական տապալել, որը եւ անում է:
Ինչի՞ վրա էր ընդդիմության հույսը, երբ նրանց բազմաթիվ փորձերը իշխանափոխություն անելու համար լիովին տապալվեցին, նրանք չկարողացան այլ ռեալ մոտեցումներ որդեգրել եւ մնացին նույն կոտրած տաշտակի առջեւ, այն դեպքում, երբ ժողովրդի միակ հույսն էլ ընդդիմությունն է: Կարծում եմ, ընդդիմության կողմից ստանձնած լռությունը ոչինչ չի տալիս, քանզի նա պետք է մշտապես փորձի նոր եւ նոր մոտեցումներ որդեգրել՝ անգամ մեկ առիթ ու ուղղություն բաց չթողնելով, քանզի նա այլ ճանապարհ չունի: Չեմ կարծում, որ նա լիարժեք օգտագործեց ժողովրդին ոտքի կանգնեցնելու իր բոլոր հնարավորությունները եւ այլ մեթոդ չմնաց ժողովրդի հետ երկխոսելու համար: Բայց, այս պահին որդեգրելով այս մահացու լռությունը, ո՞ւմ եւ ինչի՞ վրա է հույսը, քանի որ հստակ հասկանում է, որ փրկության միակ հույսն իրենք են եւ ինտենսիվորեն՝ միջոցների առջեւ խտրականություն չդնելով, պետք է փորձեն փրկել Հայաստանի կործանումը կամ ազնիվ ասեն, որ իրենք ոչնչի ունակ չեն ու միակ հույսը թողնում են ժողովրդի վրա եւ նա հընթացս, ինչ կարող է, թող անի: Փաստացի, իրական վիճակն այսպիսին է ու ավելի լավ է փուչ խոստումներ չտալ, քան ժողովրդի հույսը թողնել դրանց վրա …
Ամեն դեպքում, ընդդիմության կողմից ոչ մի լուրջ քայլ չի արվում, իբր բոլոր ճանապարհները փակված են: Գոնե պետք է առաջնորդվել ժողովրդական ասացվածքով. «գտնում է նա, ով փնտրում է» …
Ընդդիմությունն էլ ու բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանն այս ամենը հրաշալի հասկանում է եւ փորձելու է ի հնարավորին արագ կնքել այդ վայ-«համաձայնագիրը» ու արագ էլ լուծել Հայաստանի ոչնչացման հարցը:
Նորից եմ կրկնում, չափազանց զարմացած եմ նաեւ ողջ սփյուռքի պահելաձեւի վրա, որն ունենալով այդքան կապեր աշխարհի բազում պետությունների եւ միջազգային կառույցների հետ, գոնե նրանց միջոցով ռեալ ոչինչ չի անում ու հայրենիքի ճակատագրի հարցը թողել է բախտի քմահաճույքին եւ Հայաստանն ուղղակիորեն, հոժարակամ հանձնում են Ադրբեջանին: Ասվածի մասին կարելի է հատորներ գրել, սակայն այն, ինչ-որ պետք էր, չափազանց երկար է ասվել …
Հարգարժան սփյուռքահայեր, դուք երեւի ֆիզիկապես՝ ձեր առօրյա կյանքով, կշարունակեք ապրել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի՝ դեռեւս հայ ժողովրդին, մոտավոր հասկանալի է, թե ինչպիսին կլինի նրանց հետագա «կյանքը», բայց ավելորդ չեմ համարում, եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստան հայրենիքի կործանման միակ մեղավորը Հայաստանի ժողովուրդն ու դուք եք եւ դա մնալու է միմիայն ձեր խղճին:
Ինչպես, հատկապես վերջին տարիներին հայ ժողովուրդը բազում սխալներ թույլ տվեց եւ բազում անգամներ հուշումներն առ այն, որ նման մոտեցումներով հաստատ կկորցնենք հայրենիքը, որի ուղղությամբ չլրջացան ու չզգոնացան ու կտրուկ քայլերի չդիմեցին, այդպես էլ հենց այս պահին շարունակում են նույն կերպ պահել իրենց եւ մեր սուրբ հայրենիքը թողնել բախտի քմահաճույքին, իրենք իրենց խաբելով, որ տիեզերքից հրաշք է իջնելու ու փրկելու է հայերին:
Հայեր, փաստացի, քաջատեղյակ լինելով կնքվելիք վայ-«համաձայնագրին», ձեռքերը լվացել, կողքի եք քաշվել եւ Ադրբեջանին ուղիղ ասում եք. «Հայաստանը հոժարակամ հանձնում ենք, արի վերցրու»:
Հետո չասեք, թե մենք քնած, գող Ադրբեջանը եկավ, գնաց:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2025
Ընդիմությունը դա 300հազար ընտրողներն են՝ովքեր պետք է ընդիմադիր պատգամավորների ստիպեն ակտիվ պայքար մղեն իշխանափոխության համար կամ լիազորությունները ցած դնեն՝թե չէ պատգամավորները ինչ կարող են անել առանց ընտրողների ճնշման ւ նրանց ակտիվ մասնակցության….