Ես ծառ եմ տնկում
Ու երազում եմ,
Որ տնկած ծառս
Մեր մոլորակին
Հենարան լինի…
Ցավ է, շատ մեծ ցավ ինձ համար գիտակցելը, որ այսօր մեր բազում ու բազմապիսի դժբախտությունների պատճառն ավելի շատ այն է, որ գնալով ավելի ենք հեռանում մայր բնությունից, պարզ, մարդկային, բնածի՛ն օրենքներից եւ արհեստական, կեղծ ու գունազարդ միջավայր ստեղծելով մեր շուրջը՝ պարզապես զբաղված ենք աչքակապությամբ ու ինքնախաբեությամբ։ Խախտվել կամ, որ ամենաողբերգականն է, կտրվել է ժառանգականության կապը, սերունդներին իրար կապող «պորտալարը»։ Փախչելով մեր ծննդավայրերից, բախտի քմահաճույքին թողնելով հայրենական շեներն ու եզերքները եւ առանձնանալով մեծ քաղաքներում՝ ինչե՜ր ասես, ինչպիսի՜ լրջությամբ ասես չենք անում, բայց որ նայում ենք, խոսակցական, մեր ամենօրյա լեզվով ասած՝ տակը դատարկ է եւ, վերջին հաշվով, փուչ ու իմաստազուրկ։ Չգիտեմ, թե որ խելոքն է ասել, բայց շատ ճիշտ է նկատել՝ մարդու ոտքը մայր հողի՛ վրա պետք է լինի, նրանից ուժ առնի, այսինքն՝ ամուր ու ապահով հիմք ունենա, քաղաքի ասֆալտն ու բետոնը երբեք չեն փոխարինի նրան։ Բնությունից երես թեքելը, նրան դավաճանելն աններելի են ու դատապարտելի, ավելին՝ ինքնակործանման տանող խոտոր ճանապարհ են…
Երբ մոտ ես բնությանը, ասենք, ծառ ես տնկում, սրտատրոփ սպասում նրա «կպնել-կանաչելուն», երբ տեսնում ես նրա ծաղկումը, ապա՝ բարն ու պտուղը, իրապես զգում-հասկանում ես, թե ինչ են հողը, ծառ ու ծաղիկը, բերք ու բարիքը եւ, ընդհանրապես, կյանքի իմաստն ու քաղցրությունը։ Երբ այս ստեղծարար զգացումը չես ունենում եւ երբեւէ չես ապրում նման պահեր, ապա դժվար կլինի խոսել քո լավ մարդ լինելու, հարազատ երկիրդ լիարժեք սիրելու, հայրենիքիդ համար ամեն զոհողության գնալու մասին։
Իմ Հայաստան… Ուր էլ գնացի,
Քո կարմիր մասրենին ինձ հետ էր,
Մեսրոպյան տառերին ձուլված,
Ժայռերի ծերպերին թառած…
Հատկապես մեր սիրելի մայրաքաղաք Երեւանում շատ անտարբեր ու անհանդուրժելի վերաբերմունք կա ծառ ու ծաղկի, կանաչ միջավայրի հանդեպ։ Ես այն տպավորությանն եմ հանգել, ավելի շուտ՝ աչքիս տեսածն եմ ասում, որ քաղաքաբնակներն, ասես, մի կտոր տարածք, ազատ տեղ են ման գալիս, որպեսզի այն մե՜ծ բավականությամբ, անասելի հրճվանքով բետոնով ու ասֆալտով պատեն, ծածկեն։ Ոչ մի խնամք կամ հոգածություն իրենց տան առջեւ գտնվող ծառ ու ծաղկի հանդեպ, ավելին՝ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եղած ծառերի բներն անգամ ասֆալտով են պատվել։ Եվ շարունակ «մաքրում» են իրենց շրջապատը «ավելորդ» դարձած ծառ ու ծաղկից եւ, բառիս բուն իմաստով, «տկլորացնում» երբեմնի ծառաշատ, կանաչ փողոցներն ու մայթեզրերը…
Այսպես՝ դեպի ո՜ւր, մինչեւ ե՜րբ… Ուստի եւ, նվիրական պատգամս է իմ հայրենակիցներին՝ ծառ տնկեք, խնամեք, գուրգուրեք ու փայփայեք բնությունը, որպեսզի գիտակցեք կյանքի իրական վայելքը, գեղեցկությունն ու քաղցրությունը։ Մարդ արարածի համար սրանից էլ լա՜վ բան, բանաստեղծի համար սրանից էլ լա՜վ բանաստեղծություն ու մուսա…
Մի հարցրեք տնկած ծառին՝
Աճելո՞ւ ես՝ քեզ կջրեմ,
Չե՞ս աճելու՝ քեզ չջրեմ։
Ծառ տնկեցեք
Ու լա՛վ ջրեք,
Հավատացեք տնկած ծառին։
Ցանկությունս, խնդրանքս հետեւյալն է՝ գիտակցենք ու լավ հասկանանք, որ այն ամենը, ինչով ապրում ենք, ինչը մեծ հաճույքով վայելում, հողից է ծնունդ առնում, բնության ու համառ աշխատանքի պարգեւ է, հողի, աշխատանքի արդյունք, հետեւաբար, հարգանք ու պատկառանք պետք է ունենանք ե՛ւ դրա, ե՛ւ այն ստեղծողի հանդեպ, ինչպես նաեւ մեր չափով մասնակից դառնանք աստվածապարգեւ այդ առաքելությանը։ Ինքս պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ ապրածս կյանքը ծառուծաղկով է իմաստնանում ու գեղեցկանում, բնության հետ հաշտ ու համերաշխ գոյակցելով…
Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակագիր
«Առավոտ» օրաթերթ
27.03.2025