Բաքուն ու Անկարան միասնական դիրքորոշում ունեն Հայաստանի հետ խաղաղություն չհաստատելու հարցում
Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Թեեւ Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, եւ Երեւանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ, պաշտոնական Բաքուն պնդում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է:
«Մենք տեսնում ենք, որ ամեն երկիր չէ, որ կարող է ապահովել իր շահերը, արդար շահերը, կամ պայքարել իր տարածքային ամբողջականության համար: Կամ, հասնում են փոքր ռազմական հաջողության, բայց չեն կարողանում ամբողջական հաղթանակ տանել։ Այսինքն՝ եթե մենք ուղղակի նայենք ժամանակակից աշխարհի հակամարտություններին, եթե նայենք նորագույն պատմության պատերազմներին, ես կարող եմ նույնիսկ ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոչ ոք չի հասել այնպիսի միանշանակ եւ լիակատար հաղթանակի, ինչպես Ադրբեջանը»,- անցյալ շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարություններից ժամեր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երկու անգամ գրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ապա հավելեց` պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։
Իսկ Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել ու Երեւանի` խաղաղություն հաստատելու ձգտմանն ի պատասխան շարունակական պահանջներ ներկայացնել: «Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը», – օրերս Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նաեւ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այլ հարակից կառույցների լուծարումը, որոնք, նրա խոսքով, այլեւս ակտուալ չեն։
Բաքվի եւ Երեւանի միջեւ «անշրջելի եւ կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝ դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, AgՍncia Brasil-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Անկարան Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ չի ձեռնարկի
Չնայած Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ չարդարացված հույսեր են փայփայում, սակայն թուրքական կողմը մարտի 13-ից հետո եւս շարունակում է ապացուցել, որ Հայաստանի իշխանությունների սպասումները սին են եւ Անկարան պաշտպանում է Բաքվի բոլոր պահանջները:
Խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը գոհացուցիչ է, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով Երեւանի կողմից Բաքվի պահանջների կատարման կարեւորությունը՝ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նոր թափ հաղորդելու համար»։ «Հայաստանի համար կարեւոր կլինի փոխել որոշ օրենքներ կամ սահմանադրական հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք այլեւս անելիք չունեն, նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը։ Երբ սրանք տեղի ունենան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա», – ասել է թուրք պաշտոնյան։
Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ չի ձեռնարկի։ Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման, օրերս հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը Azertac-ին տված հարցազրույցում։ «Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, նպատակ ունի վնասել Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրությանը։ Կեղծ տեղեկությունների հետեւում կանգնած են Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնությամբ եւ սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները: Թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում եւ քննարկում են Երեւանի հետ կապված ցանկացած քայլ», -ասել է նա։
Նա հիշեցրել է թուրքական իշխանությունների բազմիցս հնչեցրած հայտարարությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ: «Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատումից հետո։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին»։ Հայաստանի իշխանությունները կանոնակարգերից եւ պաշտոնական փաստաթղթերից պետք է բացառեն ցանկացած կետ եւ հղում, որոնք մտահոգություն են առաջացնում հարեւան երկրներում։ Այս քայլը կնպաստի տարածաշրջանում առողջ եւ վստահելի հարաբերությունների ձեւավորմանը», նշել է Հուլուսի Քըլըչը։
Թուրքական Hurriyet Daily կայքի գլխավոր խմբագիր Սերքան Դեմիրթաշը հեղինակային հոդված էր հրապարկել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Հեղինակը, հղում անելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել էր, որ Մարգարա-Ալիջան սահմանային դարպասի բացումը շրջադարձային նշանակություն կունենա, ինչպես նաեւ կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը։ Սերքան Դեմիրթաշը նաեւ հավելել է, որ Անկարան առայժմ կյանքի չի կոչում 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հեղինակը նկատել էր, որ Անկարան թեեւ չի առարկում սահմանի բացմանը, սակայն սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին։
Երեւանը պատրաստ է անհապաղ ստորագրմանը, բայց տպավորություն չունի, թե Բաքուն պատրաստ է
Տպավորություն է ստեղծվում, որ թեեւ Հայաստանի իշխանությունների համար Ադրբեջանի իշխանությունների պահվածքը միանգամայն հասկանալի է, սակայն նրանք այլ քայլ չունեն, քան Բաքվի բոլոր պահանջները օրակարգային հարց դարձնելն ու դրանց համաձայնելը:
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, արհեստական նախապայմաններ, օրերս ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակում տեղի օրաթերթերից մեկին՝ Folha-ին տված հարցազրույցում:
«Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը եւ հաստատելու իրական խաղաղություն ու տեւական կայունություն», նկատել է նա` հավելելով. «Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից: Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը եւ լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը»։
«Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարեւոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն եւ կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջեւ գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաեւ պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաեւ այլ պայմանավորվածություններ», – ասել է Միրզոյանը, ապա հավելել. «Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի եւ ամսաթվի վերաբերյալ»։ Սակայն Միրզոյանը հավելել է. «Ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը եւ, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը»։ «Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու եւ ստորագրելու պայմանագիրը», – վստահեցրել է Միրզոյանը։ Նա նշել է, որ պաշտոնական Երեւանն առաջարկել է ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, եւ հանդես է եկել զենքի երկկողմ վերահսկման եւ վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, «քանի որ Ադրբեջանը եւս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ»։ «Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Իսկ մարտի 25-ին իրանցի իր պաշտոնակցի հետ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, թե այս պահին չկա ըմբռնում` որտեղ եւ երբ պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, ապա հիշեցրել է, որ Երեւանն արդեն առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի տեղի եւ ժամկետների վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չեն լսել։ «Բայց պետք է շարունակենք աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ եւ երկարատեւ խաղաղություն ապահովող լուծումներ։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործում եւ դնել մեր ստորագրությունը»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի դիրքորոշմանը, ապա թուրք-ադրբեջանական հայտարարություններին ի պատասխան՝ մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից մի դրվագ թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել նրա ակնկալիքների մասին: Ի՞նչ երաշխիք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա, առավել եւս, որ այս համաձայնությանը զուգահեռ՝ շարունակում է մեղադրել, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը Երեւանը կտրականապես հերքում է։ Պարզվում է, Փաշինյանը կարծում է, որ էսկալացիայի հիմք չկա, քանի որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու հաջորդ քայլը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։
Այսինքն, երբ Ալիեւին դրդեն էսկալացիայի` նա դրա հիմքերի փնտրտուքո՞վ է զբաղվելու ու եթե չգտնի` կա՞նգ է առնելու…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2025