Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է մի օր պարզվի, որ ՀՀ-ն անկախությունից դեռ 1991-ին էր հրաժարվել

Մարտ 28,2025 14:00

Իշխանության գալուց ի վեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջին հայացքից չափազանց հայրենասեր թեզերով է առաջնորդվել։

Ադրբեջանի հետ երեք տարուց ավելի ձգված բանակցությությունների ժամանակ Բաքվի կողմից առաջ քաշված մի քանի կետին Երեւանը համառ դիմադրություն էր ցուցաբերում։ Դա վերաբերում էր միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետկանչմանը եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայման բացառմանը։

Դիմադրություն, հետո զիջում

Բայց հայ հանրությունը մարտի 13-ին Ադրբեջանի գլխավոր դիվանագետ Ջեյհուն Բայրամովից տեղեկացավ, որ Հայաստանն ընդունել է ադրբեջանական երկու առաջարկները, իսկ եթե ավելի ճիշտ բնութագրենք՝ պահանջները։

Սա այն պարագայում, երբ եվրոպացի քաղաքացիական առաքելության տեղակայումը սահմանի հայկական կողմում ներկայացվում էր որպես ՀՀ ինքնիշխանության ցուցիչ։

Մարտի 13-ին պազվեց, որ այդ զիջումները մեր շահերից են բխում։

Արցախը Հայաստա՞ն է, թե՞ Ադրբեջան է եւ վերջ

Բերենք եւս մեկ օրինակ։ «Արցախը Հայաստան է եւ վերջ»,- 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում հռչակեց ՀՀ վարչապետը. հայտարարություն, որը երբեւէ չէր հնչել պաշտոնական Երեւանից։

2018-2020 թթ. Փաշինյանն ու իր թիմը վերահաստատում էին Հայաստանի դերը որպես Արցախի անվտանգության երաշխավոր, զինված ուժերը որակում որպես տարածաշրջանի ամենամարտունակը, նոր պատերազմի դեպքում էլ վստահեցնում՝ նոր տարածքներ կնվաճենք։

Երբ 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում բացահայտվեց Հայաստանի ռազմական հզորության մասին խոսույթի ողջ մերկությունը, պաշտոնական Երեւանի հռետորաբանությունը որոշ չափով մեղմվեց, սակայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիան, ինչպես նաեւ հակամարտությունը ԵԱԿՀ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում վերջնական հանգուցալուծում տալը մնում էին օրակարգային։

Նիկոլ Փաշինյանի թիմն ասում էր մեկ բան, արեց այլ բան։

Երկու խոսք փոխադարձության մասին

Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերի Բաքվի պահանջներին ի վերջո հավանություն տալը ՔՊ-ականներն արդարացնում են կետերի փոխադարձությամբ։ Մինչդեռ, այս տեսակետը հորինվածք է, ուրիշ ոչինչ։

Կողմերը սահմանին չեն տեղակայելու երրորդ երկրների ուժեր։ Եթե երկու պետություններից միայն Հայաստանն է երրորդ երկրի ուժեր՝ ԵՄ դիտորդներ տեղակայել սահմանին, ի՞նչ փոխադարձ զիջման է գնալու ադրբեջանական կողմը։

Կողմերը հետ են կանչում միջազգային դատարաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը։ Դժվար թե Հայաստանը մեղավոր ճանաչվեր Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքներով։ Մինչդեռ, այդ երկրի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատները փաստարկված են եւ լիարժեքորեն ի ցույց են դնում ադրբեջանցիների հանցագործությունները։

Նախկին հայտարարությունների սրբագրում

Արցախի համատեքստում, պարզվեց, որ հազարամյա հայկական այդ տարածքը խաթարում էր ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը։ Պարզվեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչվել շատ վաղուց՝ 1991, 1996, 1998, 2001, 2007, 2016 թվականներին, պարզապես «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռացող վարչապետը տեղյակ չէր այդ մասին։

Ինքնորոշում, դեօկուպացիա, ԵԱՀԿ Մինսկի խումբ եզրույթներն էլ նետվում են պատմության աղբարկղը։

Հաճախ լսվող բառեր. անկախություն եւ ինքնիշխանություն

2022 թվականից ի վեր կառավարության ղեկավարի եւ ՔՊ-ականների կողմից հաճախ կիրառվող եզրույթների ցանկում առաջնային տեղ են զբաղեցնում «անկախությունն» ու «ինքնիշխանությունը»։

Մենք վերջապես անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն ենք ստացել։ Այնքան անկախ եւ ինքնիշխան, որքան այսօր ենք, երբեւէ չենք եղել։ Նման համոզմունքներով հանդես են գալիս իշխանականները։

Մարտի 10-ին վարչապետը նախորդ իշխանություններին մեղադրեց Հայաստանի Հանրապետության գոյությունը դադարեցնելու ուղղությամբ աշխատելու մեջ եւ ընդգծեց. «Էն, ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»։

Ակներեւ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն դիրքավորում է որպես հայկական պետականության՝ «Իրական Հայաստանի» անկախության, ինքնիշխանության եւ գոյության պաշտպան, ՀՀ-ի համար օր ու գիշեր մարտնչող ուժ։

Փաշինյանի թիմը նաեւ կտրականապես բացառում է Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջումն Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու համատեքստում։ Չնայած, այս հարցում էլ իշխանությունները մեղմացրել են հռետորաբնությունը։

Փաշինյանը չի՞ սրբագրի անկախության եւ ինքնիշխանության մասին իր հայտարարությունները

Ո՞րն է, արդ, երաշխիքը, որ այն, ինչ ՔՊ-ն ասում է այսօր, չի ասի դրա տրամագծորեն հակառակը վաղը՝ հաշվի առնելով երկար դիմադրությունից հետո խաղաղության փաստաթղթի ադրբեջանական երկու պահանջների ընդունումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակի ընթացքում հակոտնյա դիրքորոշումների որդեգրումը։

Երբ վարչապետը Ստեփանակերտում հրապարակային եւ բարձրաձայն հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», որեւէ քաղաքացի կենթադրե՞ր, որ 3-4 տարի անց այդ նույն գործիչը դեմքի լուրջ հայացքով կարտաբերի՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառում է Լեռնային Ղարաբաղը» բառերը՝ պատճառաբանելով, թե իբր այդ վճիռը կայացվել էր դեռ 1991-ի Ալմա Աթայի հռչակագրով, իսկ Արցախի ամբողջական հայաթափումը բարդելով Ռուսաստանի եւ կղերաֆեոդալների վրա։

Այսպիսով՝ կա՞ երաշխիք, որ երբ, Աստված մի արասցե, ՀՀ-ն կորցնի անկախությունը, երկրի անկախության եւ ինքնիշխանության մարտիկը չի հայտարարի՝ մենք մեր անկախությունը դեռ 1991-ին էինք կորցրել՝ Գերագույն խորհրդի այսինչ որոշման պատճառով։

Կամ, օրինակ, պարզվի, որ Ռուսաստանի կամ Թուրքիայի մաս կազմելը, կամ թեկուզ Ֆրանսիայի կազմում հայտնվելը, Ադրբեջանին «միջանցք» հատկացնելը Հայաստանի, ասել կուզի՝ «Իրական Հայաստանի» կենսական շահերից էր բխում։

Նիկոլ Փաշինյանին վստահելու որեւէ հիմք չկա։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31