Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել ու մնալ ազգային ակունքների պահապանը․ Ռուբեն Կոսեմյան

Մարտ 27,2025 23:15

…Մեր կողքին ապրում են արվեստագետներ, ովքեր Հայոց հողում իրենց ազգային արմատներն ունենալով՝ շարունակում են արարել ու երաժշտության լեզվով պատմել համամարդկային արժեքների մասին… Եվ մեր մշակույթի պատմության էջերում, անկասկած, իր տեղն է ունենալու անվանի ջութակահար, մենակատար, մանկավարժ Ռուբեն Կոսեմյանի ստեղծագործական ժառանգությունը… Աշխարհի որ հեղինակավոր բեմերում էլ նա լինի, ինչ ալբոմներ էլ թողարկի, նա չի մոռանում իր ակունքները: Ռուբեն Կոսեմյանը բարձրացնում է մեր մշակութային ժառանգությունը՝ ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին  մշտապես հնչեցնելով Կոմիտաս, Արամ Խաչատրյան, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների գործեր…

Ռուբեն Կոսեմյան-արվեստագետի կատարած աշխատանքները ևս մեկ անգամ հաստատում են այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր արվեստագետ, ասես, այն ոսկե բանալին է, ում միջոցով աշխարհն իր համար բացում է քաղաքակրթության ևս մի դուռ՝ կատարյալին ևս մի քայլով մոտենալու համար: Ու ամեն արվեստագետ նաև ինքն է այն միջնորդը, ում  շնորհիվ աշխարհը ճանաչում է իր ազգին: Իսկ Ռուբեն Կոսեմյանի ազգային ինքնաճանաչողության, ինչպես նաև աշխարհաճանաչողության ճանապարհը սկսվել է հենց իր ընտանիքից… Հայրը ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ, ՀՀ Վաստակավոր արտիստ Ալեքսանդր Կոսեմյանն է. նա եղել է Կոմիտասի անվան Լարային Քառյակի ալտահարը (1990 թվականից):

Ազգային ակունքները բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար․ այս սկզբունքով է առաջնորդվում արվեստագետը՝ լինելով տոհմիկ երաժիշտ:

Նշենք նաև, որ Ռուբեն Կոսեմյանը  մասնակցել է վարպետության դասերի Լեոնիդ Կոգանի, Իգոր Օյստրախի, Տիբոր Վարգայի, Ռուբեն Ահարոնյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Իվան Մոնիգետիի, Դոմինիկ դը Վիլիենկուրի, Ռուջիերո Ռիչիի և Յաշա Հայֆեցի ուսանող Ադամ Հան-Գորսկու ղեկավարությամբ։

Ռուբեն Կոսեմյանը երկար տարիներ բնակվում է Կանադայում: Նրա անունը հայտնի է Ռուսաստանում, Եվրոպայում, աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Վրաստանից, Իրանից մինչև Մեքսիկա, Թայվան, Մալազիա… Հանդես է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ՝ Կանադայում և աշխարհի բազմաթիվ երկրներում: Հարուստ է արվեստագետի սկավառակագրությունը. տարբեր երկրներում թողարկել է արժեքավոր ձայնասկավառակներ, եվրոպացի, ռուս հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին իր կատարմամբ ու նաև փոխադրումներով հնչում են հայ կոմպոզիտորների գործերը, որոնք արվեստագետի մեկնաբանությամբ  աշխարհին ու գալիք սերունդներին  հասցնելու են նաև հայ քաղաքակրթության լույսը՝ որպես համամարդկային արժեք:

Անցնող տարվա ընթացքում արվեստագետի ստեղծագործական ժառանգության մեջ ավելացավ ևս մի ալբոմ, որտեղ տեղ են գտել մեծագույն կոմպոզիտորներ Անրի Վյոտանի, Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործությունները, ինչպես նաև Մորից Մաշկովսկու, Ալեքսանդր Սկրյաբինի, Սերգեյ Ռախմանինովի և Առնո Բաբաջանյանի  ստեղծագործությունների՝ Ռուբեն Կոսեմյանի հեղինակային փոխադրումները ջութակի և դաշնամուրի համար: Արդեն երկրորդ անգամ վերաթողարկվել է Ռուբեն Կոսեմյանի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին նվիրված ձայնասկավառակը: Բոլորովին վերջերս փոխադրել է Ալեքսանդր Հարությունյանի  ջութակի և դաշնամուրի համար գրված «Երեկոն Արարատյան դաշտավայրում» ստեղծագործությունը…

 -Հարգելի Մաեստրո, Դուք բազմաթիվ ձայնասկավառակներ եք թողարկել` Ձեր փոխադրումներով, որտեղ սկզբունքորեն միշտ ընդգրկում եք հայ կոմպոզիտորների գործերը։ Հիմա էլ հերթական ձայնասկավառակն է թողարկվել։ Կուզենայի խոսեք այդ աշխատանքների մասին,-դիմում եմ արվեստագետին։

-Բացի համաշխարհային կոմպոզիտորների գործերի փոխադրումներից  նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ եմ փոխադրել: Թողարկված վերջին ձայնասկավառակում թողարկել եմ Առնո Բաբաջանյանի գործը: Հաջորդ ձայնասկավառակը, որը պատրաստվում է թողարկման, ներառում է նաև Կոմիտասի երկու գործ:

-Ես գիտեմ, որ Դուք աշխատել եք նաև 20-րդ դարի կոմպոզիտորներին նվիրված ալբոմի վրա, որտեղ նրանց ջութակի կոնցերտներն են ընդգրկված։Կուզենայի անդրադառնանք այս արժեքին ևս։ Ի՞նչ ստեղծագործություններ ընդգրկվեցին։

-Ձայնասկավառակում ընդգրկվել են հետևյալ ստեղծագործությունները. Հայրապետյանի Կրկնակի կոնցերտ ջութակի, ալտի  և լարային նվագախմբի համար. ալտի պարտիան նվագել է Ալեքսանդր Կոսեմյանը: Ձայնասկավառակում համերգային ձայնագրությունն է:

Մյուս գործը Ղազարոս Սարյանի Ջութակի կոնցերտն է , որը նվագել եմ Կարեն Դուրգարյանի հետ, ինչպես նաև Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Ռուբեն Կոսեմյանն  այն բացառիկ երաժիշտներից է, ովքեր Եվրոպայում, աշխարհի մյուս մայրցամաքների բազմաթիվ երկրներում հասնելով բարձունքի` միշտ իր դիրքն օգտագործել է հայ մշակույթը, մեր ժառանգությունը հանրահռչակելու համար։ Սա ոչ թե ստեղծագործական սկզբունք է, այլ հենց ի՛ր՝ արվեստագետի  էությունն է, որը գալիս է ընտանեկան միջավայրից, որտեղ ձևավորվել է և որի շնորհիվ հոգու բոլոր թելերով կապված  է մեր քաղաքակրթական ակունքներին, որն իր հետ տանում է ամենուր` որպես փարոս։ Եվ այդ փարոսը նրան փոխանցողը հայրն է՝ Ալեքսանդր Կոսեմյանը՝ Մաեստրոյի համար ծնող, իսկ մեզ համար կոմիտասյան ժառանգությունը պահպանած , հայ մշակույթի մեծ նվիրյալ, ով բազում սերունդների առաջ է բացել համաշխարհային մշակույթի գանձարանը, որի մի մասն էլ մե՛ր մշակույթն ՝ սկսած Մաշտոցի շարականներից մինչև Կոմիտաս, Խաչատրյան….

-Կոմիտաս Վարդապետը այսօրվա սերնդին համարում էր վաղվա ազգը և ուսուցիչներին հորդորում էր զգույշ վերաբերվել նրա դաստիարակությանը։ Որպես մանկավարժ` ո՞րն եք համարում այն ուղին, որով պիտի ընթանանք իբրև ազգ` այն աշխարհում, որտեղ վտանգված են ազգային մշակույթները։

-…Չեմ կարծում, որ վտանգված է: Խնդիրն ավելի շուտ այն տարածելու և հանրահռչակելու մեջ է: Պետք է ոչ միայն թույլ չտալ մոռացության մատնել մեր արվեստն ու մշակույթը , այլ նաև պահպանել այն համաշխարհային մշակույթի ու արվեստի մեջ: Այսօր շատ են ստեղծվում գործեր, բայց բոլորը չէ, որ կուզեի կատարել: Ժամանակն է ցույց տալիս , ինչն է մնայուն արժեք…

-Նշենք, որ վերջին անցնող տարիները  հոբելյանական են եղել նաև 20-րդ դարի մի քանի մեծանուն արվեստագետների համար. նշվել է նաև  կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը: Եվ այս առթիվ Ռուբեն Կոսեմյանը ևս մի աշխատանքի շնորհիվ իր խոնարհումը բերեց հայ մշակույթի մեծ երախտավորին, ով Արամ Խաչատրյանի դպրոցի շարունակողն էր մեր կողքին ապրած դասական:

-Վերջերս փոխադրեցի  Էդվարդ Միրզոյանի գործերից մեկը, որը ներառելու եմ 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորների 100-ամյակներին:

Նվագել եմ Բաբաջանյանի, Սարյանի, Բաղդասարյանի, Հովունցի, Կոմիտասի ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Վերջերս փոխադրեցի Ալեքսանդր Հարությունյանի  «Երեկոն Արարատյան  դաշտավայրում» պիեսը: Կձայնագրեմ, եթե դուր գա փոխադրումը մարդկանց , իրավունք կստանամ տպագրելու և ձայնասկավառակի մեջ ներառելու…

Անդրադառնալով մանկավարժությանը՝ կուզենայի ընդգծել, որ սերունդները պետք է շատ լսեն երաժշտություն… լսեն և լավ իմանան, ճանաչեն թե՛ հայ, և թե՛ համաշխարհային երաժշտությունը՝ անկախ նրանից, թե ինչ գործիքի վրա են նվագում… Նպատակը երաժիշտ դառնալն է, ոչ թե գործիքին տիրապետելը…

…Մաեստրո Ռուբեն Կոսեմյանի համոզմամբ ՝ երաժիշտը նաև Մշակույթի զինվոր է: Նա շարունակում է աշխարհի բեմերում համամարդկային արժեքների և մեր ազգի մասին պատմել երաժշտության լեզվով: Լինելով տոհմիկ երաժիշտ՝ շարունակում է ծառայել վեհագույն արվեստներից մեկին՝ Երաժշտությանը, Հայոց Հողում խոր արմատներ ունենալով՝  գիտի  աշխարհին նայել իր ազգի աչքերով՝ թիկունքին զգալով մեր հնամենի քաղաքակրթությունը և մեծ նախնիներին.

-Ամեն գործ պետք է հասցնել լավագույն կատարողական վիճակին,- այս բանաձևով է ապրում արվեստագետը: Եվ սրա դրսևորումը նրա աշխատանքներն են…

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31