Justice will not be served until those who are
unaffected are as outraged as those who are.
Benjamin Franklin
Արդարությունը չի հաղթանակի, մինչև այն մարդիկ, ովքեր չեն տուժել,
Կարդացեք նաև
նույնքան վրդովված չլինեն, որքան նրանք, ովքեր տուժել են։
Բենջամին Ֆրանկլին
Եվ այսպես,
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ Դատարանը 2025 թվականի մարտի 12-ին հրապարակեց ԹԻՎ ԵԴ/13674/02/21 քաղաքացիական գործով ՎՃԻՌԸ, այն է․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ, 387-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
- Դավիթ Աշոտի Ղազարյանի ներկայացուցիչներ Արսեն Սարդարյանի և Տաթևիկ Մալխասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել:
Թիվ ԵԴ/13674/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 21.05.2024 թվականի վճռի դեմ թվականի վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ՝
«1․ Անվավեր ճանաչել 01.03.2021 թվականին /երկրորդ փուլ մարտի 15-ին/ տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Որպես հետևանք անվավեր ճանաչել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:
․․․
5․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Մ․ ՀԱՐԹԵՆՅԱՆ Ս․ ՄԱՏԻՆՅԱՆ
Այսինքն, Պոլիտեխնիկի այսպես կոչված «ընտրություններից» ուղիղ 4 տարի անց Դատարանը ճանաչեց դրանք անվավեր՝ որպես հետևանք չեղարկելով նաև ՀՀ Կառավարության որոշումը։ Պոլիտեխնիկի 2021 թվականի ռեկտորի «ընտրությունը» հիրավի աննախադեպ էր ՀՀ Բուհական համակարգի համար՝ նախևառաջ իր ընթացակարգային բացահայտ խախտումներով, մինչև բուն ընտրության 1-ին և 2-րդ փուլերը, դրանց ընթացքում և դրանից հետո։ Առաջին անգամն էր, երբ որևէ համալսարանի Հոգաբարձուների Խորհուրդ որոշեց, որ կարելի է ռեկտորի ընտրության Կարգը խախտելով, 5 անդամ ունեցող հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը 2 ստորագրությամբ ներկայացնել Կառավարություն։ Առաջին անգամն էր, որ Կառավարությունը ավելի քան 40 օր «փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո» համարեց որ լրիվ նորմալ է, որ արձանագրության տակ բացակայում են հաշվիչ հանձնաժողովի 3 անդամի ստորագրությունները (ներառյալ Նախագահի) և որոշեց, որ ռեկտորի ընտրության արդյունքները պետք է հաստատի գրավոր ընթացակարգով, այլ ոչ թե Կառավարության նիստի ժամանակ (ինչպես որ արվել է մնացած բոլոր համալսարանների բոլոր ռեկտորների համար)։ Եվ վերջապես, առաջին անգամն էր, որ ռեկտորի ընտրության արդյունքները բողոքարկվեցին դատական կարգով և անվավեր ճանաչվեցին Վերաքննիչ Դատարանի Վճռով (վճիռը դեռ կարելի է բողոքարկել 1 ամսյա ժամկետում)։
Հիմա ստացվում է մի իրավիճակ, որ փաստորեն Պոլիտեխնիկի ռեկտորը ընտրվել է ապօրինի և 4 տարի պաշտոնավարել, ստացել ռեկտորի աշխատավարձ (նաև ՀՀ հարկատուների հաշվին), ստորագրել հրամաններ, ընդունել որոշումներ, հեռացրել աշխատակիցների, նշանակել մարդկանց պաշտոնների և այլն։ Հիմա հարց այս ամենի կազմակերպիչներին ու կամակատարներին, եթե Վերաքննիչ Դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ, կամ Վճռաբեկ բողոքը մերժվում է, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Ո՞վ է պատասխանատու այս կորցրած ժամանակի համար, կորցրած հնարավորությունների համար։ Եթե կարծում եք, որ «կոլեկտիվ անպատասխանատվության» քողի տակ, կարող եք «պլստալ», ապա հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք կհոգանք այն մասին, որ դուք առաջին հերթին վճարեք Ձեր անվամբ ու հեղինակությամբ։ Եվ սա չի լինելու այն պատճառով, որ Ձեր նկատմամբ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենք կամ անձնական նախատրամադրվածություն, այլ որպես կանխարգելիչ միջոց՝ ապագայում անցկացվելիք բոլոր ընտրությունների համար, ընդ որում ոչ միայն Պոլիտեխնիկի, այլ ՀՀ բոլոր կրթագիտական հաստատությունների համար։
Հարգելի ընթերցող, որպեսզի պատկերացնեք այս ապօրինության ողջ մասշտաբը, նշեմ որ, իմ կարծիքով, Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո գուցե հայտնվեն ընկերություններ, ովքեր դատական կարգով կվիճարկեն այս 4 տարիների ընթացքում Պոլիտեխնիկի հետ կնքված գնման և մատակարարման պայմանագրերը, գուցե կլինեն այս ընթացքում Պոլիտեխնիկից հեռացված աշխատակիցներ, ովքեր կկարողանան վիճարկել իրենց հեռացման օրինական հիմքերը և փոխհատուցում պահանջել Պոլիտեխնիկից։ Գուցե Պոլիտեխնիկի բոլոր տեղական և միջազգային գործընկերները ցանկության դեպքում կկարողանան չեղարկել համագործակցության պայմանագրերն ու համաձայնագրերը և այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Իհարկե, այստեղ կարելի է հակադարձել, որ «օրենքը հետադարձ ուժ չունի», բայց այստեղ օրենքի մասին չէ խոսքը, այլ Դատարանի վճռով ապօրինի ճանաչված ընտրության ու դրա հետևանքների։
Հիմա ամենաշատ քննարկվող հարցի մասին, թե Պատասխանող կողմը կբողոքարկի արդյո՞ք Վերաքննիչ Դատարանի՝ լրիվ հիմնավորված վճիռը։ Այո – եթե հանրային մեծ ճնշում ու արձագանք, ինչու ոչ, նաև պարսավանք չլինի։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչն են ուզում բողոքարկել, մեջբերում եմ հատված Վերաքննիչ Դատարանի վճռից (ընդգծումները հոդվածի հեղինակինն են)․
․․․ «Դատական նիստում որպես վկա հրավիրված Անի Սիմոնյանը ցուցմունք է տվել առ այն, որ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը մուտք է գործել առանձին սենյակ և որոշակի ժամանակամիջոց մնացել է այնտեղ: Անի Սիմոնյանը Հ. Մուսայելյանի մուտքը սենյակ պայմանավորել է այն հանգամանքով, որ անհրաժեշտ էր արխիվից հանել նախորդ նիստի քվեաթերթիկները, քանի որ հիմնավոր կասկած կար, որ հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից վիճարկվող և անվավեր համարվող քվեաթերթիկների նույնանմանությամբ առկա են եղել քվեաթերթիկներ նախորդ նիստում, որոնք նույն անձանց կողմից վավեր են համարվել, և նույնիսկ չի բարձրացվել դրանց անվավերության հարցը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, սա նշանակում է, որ Հ․ Մուսայելյանը, չլինելով հաշվիչ հանձնաժողովի անդամ, ուղղակի մասնակցություն է ունեցել քվեաթերթիկների վավերության հարցի լուծմանը, ինչը բացառապես հաշվիչ հանձնաժողովի լիազորությունն է։ Այսինքն՝ վկայի ցուցմունքից բխում է, որ մինչև հաշվիչ հանձնաժողովի արձանագրության կազմումը երկու քվեաթերթիկների վավեր–անվավերության հարցերի պարզման ընթացքում Հոգաբարձուների խորհրդի նախագահը մուտք է գործել սենյակ, ինչն առնվազն երրորդ անաչառ դիտորդի համար կասկածի տակ է դնում իրականացված գործողությունների անկողմնակալությունը, քանզի տեղի է ունեցել «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտում: Սա էական խախտում է ընտրական գործընթացում, որն ուղղակիորեն ի չիք է դարձնում հաշվիչ հանձնաժողովի գործունեության գաղտնիության սահմանումով ամրագրված և անկախության բոլոր երաշխիքները, հետևաբար, բավարար է նշված ընտրություններն անվավեր ճանաչելու համար։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ավելորդ չի համարում նաև նշել, որ Կարգի 39-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները։ Սա իմպերատիվ կանոն է, ինչը նշանակում է, որ եթե հաշվիչ հանձնաժողովի նախագահը և անդամները չեն ստորագրել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, ապա նման արձանագրությունն իրավական առումով համարվում է գոյություն չունեցող, իսկ առանց արձանագրության չեն կարող հաստատված համարվել քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ մրցույթում հաղթող չէր կարող որոշվել։ Սույն գործում հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը ստորագրված է հաշվիչ հանձնաժողովի հինգ անդամներից միայն երկուսի՝ Անի Սիմոնյանի և Վարդան Պետրոսյանի կողմից։ Ստացվում է մի իրավիճակ, որ ի սկզբանե ձևավորվում է հինգ անդամից բաղկացած հանձնաժողովի կազմ, սակայն ընտրությունների արդյունքները ամփոփում է ի վերջո նրանցից միայն երկուսը, իսկ նման խախտումը առանձին, ինքնուրույն և բավարար հիմք է անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված խախտումները բավարար են Համալսարանի ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու համար և բողոքի այլ հիմքերին չանդրադառնալու համար։»
Այսինքն, Վերաքննիչ Դատարանը քննության է առել այն հանգամանքը, որ գաղտնի քվեարկության քվեաթերթիկների հաշվման համար առանձնացված սենյակ է մուտք գործել օտար անձ և որ արձանագրության օրինակելի ձևի տակ առկա է հինգի փոխարեն երկու ստորագրություն։ Ուշադրության է արժանի նաև վերջին նախադասությունը, որ այս երկու խախտումներն արդեն իսկ բավարար են բողոքի այլ հիմքերին չանդրադառնալու համար, իսկ այլ հիմքեր ևս առկա են։
Հիմա հարց՝ այստեղ ինչն են ուզում բողոքարկե՞լ, որ ՀՀ Վճռաբեկ Դատարանն ասի, որ լրիվ նորմալ է, որ փակ գաղտնի քվեարկության համար նախատեսված սենյակ մուտք է գործել օտար անձ, իսկ տվյալ դեպքում բավականին մեծ լիազորություններով օժտված Հոգաբարձուների Խորհրդի նախագահը։ Պատկերացնում եք, եթե մի ինչ-որ հրաշքով, հայտնվի այդպիսի ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈւՄ, որ լրիվ նորմալ է, որ փակ սենյակ կարելի է մուտք գործել փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկների հաշվման ժամանակ, ապա պատկերացնում եք, որ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում կարելի է այլևս չանցկացնել փակ գաղտնի քվեարկություն, որովհետև ցանկացած ոք, կարող է Պոլիտեխնիկի «օրինակելի» դեպքի նախադեպային վճիռը ձեռքին, մուտք գործել փակ սենյակ։ Այդ վճիռը նաև կնշանակի, որ կարելի է սահմանել ռեկտորի կամ ցանկացած այլ պաշտոնի ընտրության կարգ, խախտել դրա առնվազն 5 կետ, սահմանել արձանագրության օրինակելի ձև, ոչ բոլոր անդամների ստորագրությամբ այդ արձանագրությունը ուղարկել Կառավարություն և թող Կառավարությունը որոշի, ուզում է հաստատել, թե ոչ։
Այսինքն, եթե մինչ այս Պոլիտեխնիկի ապօրինի ընտրությունները վնաս էին հասցրել մեծամասամբ Պոլիտեխնիկին և գործընկերներին, ապա հիմա այս ամենի կազմակերպիչները, փաստացի բողոքարկելով, ցանկանում են վնաս հասցնել ՀՀ ամբողջ կրթագիտական համակարգին և կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետությունում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությունների ինստիտուտը։ Ուստի, խնդրում եմ հնարավորինս մեծ հանրային արձագանք ապահովեք այս դեպքի համար, սա այլևս միայն Պոլիտեխնիկի խնդիրը չէ։ Կարծում եմ, այստեղ նաև անելիք ու ասելիք ունեն Հայաստանի Հանրապետության այլ համալսարանների և գիտական ինստիտուտների ղեկավարները, քանի որ սույն գործով վճռաբեկ բողոքը բավարարվելու դեպքում, կխաթարվի իրենց համալսարաններում և գիտական ինստիտուտներում անցկացվող բոլոր փակ գաղտնի քվեարկությամբ անցկացվող ընտրությունների հիմքերը։
Օգտվելով առիթից, կուզեմ հորդորել այս ամենի «ոչ լավ թաքնված» կազմակերպիչներին ու հովանավորներին՝ հորդորեք ձեր հովանավորյալին, չգնալ այս քայլին։ Մի սխալը կոծկելու համար, ավելի մեծ սխալ մի գործեք։ Հիշեցնեմ, որ արդարադատական համակարգի շղթան հետևյալն է – Առաջին Ատյանի Դատարան, Վերաքննիչ Դատարան, Վճռաբեկ Դատարան, Սահմանադրական Դատարան և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան։
Այժմ խոսքս կուղղեմ Պոլիտեխնիկի աշխատակիցներին․ հարգելի գործընկերներ, հիմա իսկապես շատ բան կախված է Ձեզանից, և ամենևին չեմ ակնկալում գործադուլ, դասադուլ, ղեկավարության դեմ ուղղված ակնհայտ ընդգծված գործողություններ, հասկանալով, որ, ցավոք, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց Դուք կարող եք, գոնե Ձեր վերաբերմունքով և առօրյա գործողություններում ցույց տալ, որ գիտեք, որ Ձեր առջև ապօրինի ընտրություններով նշանակված ղեկավարություն է։ Կխնդրեմ Դատարանի վճիռը տպել և դնել սեղանին, մի օր պետք կգա։ Եթե Պոլիտեխնիկն ունենար իրապես անկախ արհմիություն, ապա պաշտոնապես կդիմեի արհմիությանը, բայց դե հարգելի ընթերցողին տեղեկացնեմ, որ Պոլիտեխնիկում արհմիության նախագահը գործող պրոռեկտոր է։
Պոլիտեխնիկի բոլոր գործընկերներին խորհուրդ կտամ զերծ մնան մոտ ապագայում Պոլիտեխնիկի հետ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրելուց, քանի որ բացառված չէ, որ հաջորդ՝ օրինական ճանապարհով ընտրված ռեկտորը դատական կարգով վիճարկի դրանց օրինականությունը։
Այս և նմանօրինակ իրավական հիմնախնդիրներից խուսափելու համար, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան Հիմնադրամի Հիմնադիր ու Լիազոր մարմինները, ի դեմս ՀՀ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության, պետք է անհապաղ դիմեն հետևյալ քայլերին․
- Անվստահության հիմքով խզել Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
- Լուծարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Հոգաբարձուների Խորհուրդը՝ հետագայում բացառելով այն անդամների ներգրավվածությունը Հոգաբարձուների Խորհրդի կազմում, ովքեր կողմ են քվեարկել 2021 թվականի մարտի 15-ի նիստում ակնհայտ խախտումներով ներկայացված 2 ստորագրությամբ արձանագրությամբ Հոգաբարձուների Խորհրդի որոշման ընդունմանը։
- Հեռացնել առանցքային պաշտոններում (պրոռեկտորներ, ինստիտուտների տնօրեններ և փոխտնօրեններ) ապօրինի ընտրություններով ընտրված ռեկտորի կողմից նշանակված անձանց։
- Պոլիտեխնիկում հայտարարել Ճգնաժամային կառավարման իրավիճակ, նշանակել ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող պաշտոնակատար, ով պետք է որևէ կերպ կապված չլինի նախորդ ապօրինի ընտրությունների հետ, այսինքն չպիտի լինի նախորդ Հոգաբարձուների Խորհրդի կազմից և հետագայում ռեկտորի ընտրությանը մասնակցելու հավակնություն չունենա։
- Այնուհետև ռեկտորի պարտականությունները կատարող անձը պետք է լուծարի Գիտական Խորհուրդը և նշանակի Գիտական Խորհրդի նոր ընտրություններ, որոնք էլ իրավունք կունենան ընտրել Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմից ՀԽ-ում ներկայացվող և Պոլիտեխնիկը իրապես ներկայացնող 5 անդամներին։
- Դրանից հետո պետք է ձևավորել նոր Հոգաբարձուների Խորհուրդ, ով էլ կընդունի ռեկտորի ընտրության նոր կարգ, քանի որ հին կարգը թերի է և պարունակում է բազմաթիվ անորոշություններ ու հակասում է ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման տրամաբանությանը, մասնավորապես իր 45-րդ կետով, որի համաձայն, եթե առաջին փուլում հաղթող չի որոշվում, ապա առավելագույն ձայն հավաքած մեկ թեկնածուի համար նշանակվում է երկրորդ փուլ, այսինքն գիտակցաբար երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուին զրկել են պայքարը երկրորդ փուլում շարունակելու հնարավորությունից։
- Այնուհետև նոր ձևավորված և Պոլիտեխնիկի ապագայով իսկապես մտահոգ Հոգաբարձուների Խորհուրդը կհայտարարի և կանցկացնի ռեկտորի ընտրություն, որն իրապես կլինի ազատ, արդար, առանց կուլիսային պայմանավորվածությունների, բոլորի համար հավասար հնարավորություններով։
Պոլիտեխնիկի ապագայով մտահոգ անձանց տեղեկացնեմ նաև, որ այս 4 տարիների ընթացքում այդպես էլ չի ընդունվել և հրապարակվել Պոլիտեխնիկի զարգացման ստրատեգիական պլանը, այսինքն որևէ արդյունավետության առանցքային չափանիշ չի սահմանվել Պոլիտեխնիկի այսօրվա ղեկավարության համար։ Մի պահ նորից պատկերացրեք, ՀՀ հարկատուների հաշվին ֆինանսական աջակցություն ստացող պետական համալսարանը չունի ռազմավարություն, թե ինչու և ինչպես են ծախսվում այդ գումարները։ Եվ սա կարծես Պոլիտեխնիկի ներկայիս Հոգաբարձուների Խորհրդին և մասնավորապես դրա նախագահ Տիգրան Ավինյանին այնքան էլ չի հետաքրքրում։ Պարոն Ավինյանին և Հոգաբարձուների Խորհրդին կարծես նաև չի հուզում այն հանգամանքը, որ Պոլիտեխնիկում սեպտեմբերի կեսերին դեռ չի լինում հաստատված պրոֆեսորադասախոսական անձնակազմի բեռնվածք (ի դեպ, սա մի առանձին աուդիտ անցկացնելու թեմա է), որ վերջնական դասացուցակները հաստատվում են սեպտեմբերի վերջին և այլն։ Կարևորը կարծես թե շենքերի լուսավորությունն է, ցանկապատի երկարությունը, արևային պանելների քանակը և տոմետների գույնը։
Որպես ամփոփում նշեմ, որ իրապես հույս ունեմ, որ Վերաքննիչ Դատարանի այս Վճիռը հասարակական մեծ արձագանք կգտնի և կարժանանա համապատասխան գնահատականի Պոլիտեխնիկի բոլոր գործընկերների, գիտատեխնիկական համայնքի, բոլոր շահագրգիռ միությունների ղեկավար կազմերի, Կառավարության, ԿԳՄՍ Նախարարության, Բարձրագույն Կրթության և Գիտության Կոմիտեի, ԲՏԱ Նախարարության, Ռազմարդյունաբերական Կոմիտեի կողմից, ինչն էլ ետ կպահի այս ամենի կազմակերպիչներին գնալ հերթական արկածախնդրությանը՝ այն է բողոքարկել այս հիմնավոր և արդարացի վճիռը։ Այստեղ խոսքը նրա մասին է, որ գրեթե վստահ եմ, որ կամ Վճռաբեկը վարույթ չի ընդունելու կամ էլ անփոփոխ է թողնելու Վերաքննիչի վճիռը, սակայն այդ ամենի համար ևս ժամանակ է պահանջվելու, Վճռաբեկ Դատարանի վարույթ ընդունել/չընդունելու որոշումը 1-2 ամիս կպահանջի, դրանից հետո էլ ևս 6-8 ամիս կպահանջվի մինչև Վճռաբեկի Դատարանը հրապարակի վերջնական վճիռը։ Այսինքն, գումարային ևս 8-10 ամիս Վերաքննիչ Դատարանի կարծիքով ապօրինի ընտրված անձը կշարունակի պաշտոնավարել, ստանալ հարկատուների հարկերից ձևավորվող աշխատավարձ, հեռացնել և նշանակել Պոլիտեխնիկի աշխատակիցների, պատրաստվել իր վերընտրությանը հաջորդ՝ 2026 թվականի մարտին կայանալիք հերթական ընտրություններին։ Սա է պատասխանող կողմի ռազմավարությունը այս ողջ ընթացքի համար, ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ԿԱՆԽԵՆՔ ԴԱ։
Առայժմ այսքանը ․․․
Դավիթ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱՊՀ դոցենտ,
ՀԱՊՀ նախկին ու ապագա աշխատակից