Aravot.am-ի զրուցակիցն է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ հիմնադիր Մարիամ Աբրահամյանը
-Ապրիլի 1-ից ՀՀ կառավարությունը սահմանափակելու է արցախցիներին տրամադրվող «40+10» սոցիալական աջակցության ծրագիրը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ծրագրի ընթացքը՝ իրականացման օրվանից եւ դրա ազդեցությունը արցախահայության վրա:
– «40+10» սոցիալական աջակցության ծրագիրը, որն այս պահին միակ գործող ֆինանսական աջակցության ծրագիրն է որպես ժամանակավոր աջակցություն բնակվարձերի փոխհատուցման համար, մինչև բնակապահովման ծրագիրը կմշակվեր: Սակայն այդ ծրագիրը ձախողվել է, իսկ «40+10» ծրագիրը նախատեսվում է մասնակի կրճատել 2025-ի ապրիլից, եւ ամբողջությամբ դադարեցնել 2026-ից:
Աջակցության գումարները հիմնականում ուղղվում են բնակվարձերի փոխհատուցմանը: Այն ի սկզբանե մեկնարկվել էր որպես կարճաժամկետ ծրագիր՝ պայմանով, որ բնակապահովման ծրագիրը կգործի լիարժեք: Սակայն, մինչ օրս ծրագրի բարեփոխման ուղղությամբ որևէ քայլ չի արվել:
Կարդացեք նաև
-Իսկ ինչո՞ւ բնակարանային ապահովման ծրագիրը չի գործում, ի՞նչն է պատճառը:
-Ծրագրի ձախողման հիմնական պատճառները մի քանիսն են.
- Սերտիֆիկատների անհամապատասխանությունը շուկայական գներին: Մեկ շնչի հաշվով տրամադրվող սերտիֆիկատների գումարը անհամապատասխան է բնակարանների շուկայական գներին:
- Խոցելի խմբերի անտեսումը: Ծրագիրը շրջանցում է հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, փոքր կազմով ընտանիքներին, անգամ՝ միջին վիճակագրական ընտանիքներին:
- Բանկային բարձր տոկոսադրույքները: Բնակարանային վարկերի տոկոսադրույքները չափազանց բարձր են, ինչը ծրագրին մասնակցողներին փաստացի զրկում է բնակարան ձեռք բերելու հնարավորությունից: Բանկերը չեն տրամադրում մատչելի վարկեր, իսկ սերտիֆիկատները բավարար չեն առանց վարկային միջոցների:
-Ինչպիսի՞ն են ծրագրի արդյունքները մինչեւ հիմա:
-Ծրագրի մեկնարկից ի վեր ընդամենը 52 ընտանիք է կարողացել օգտվել տրամադրված սերտիֆիկատներից, ինչը հստակ վկայում է ծրագրի անարդյունավետության մասին: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ գործող մոտեցումը պարզապես չի աշխատում, իսկ արցախահայությունը կանգնած է առանց տարրական աջակցություն ստանալու վտանգի առաջ:
-Կառավարությունում ասում են, որ ծրագրերը մշակվում են արցախահայության կարիքները հաշվի առնելով: Երեկ խորհրդարանում սոցապ նախարարն էլ դա հավաստեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները:
– Կառավարությունից հնչող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Արցախահայության հիմնական պահանջը՝ հայրենիք վերադարձը, մնում է անտեսված: Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախի վերադարձի հարցով բանակցություններ չեն տարվում, բայց սա չի նշանակում, որ պետք է անտեսվեն մեր բնակարանային խնդիրները, հատկապես երբ մարդիկ կարող են հայտնվել դրսում՝ անօթեւան մնալու վտանգի առաջ:
-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս իրավիճակը:
-Առանց իրատեսական լուծումների, «40+10» ծրագրի դադարեցումը կարող է լուրջ արտագաղթի ալիք առաջացնել: Արցախի բնակիչների իրավունքի անտեսումը ոչ միայն հարվածում է նրանց, այլ նաև վտանգում է Հայաստանի դեմոգրաֆիական ապագան:
-Ի՞նչ քայլեր են պետք իրավիճակը շտկելու համար, ըստ Ձեզ։
– Նախևառաջ, բնակվարձերի փոխհատուցման ծրագիրը չպետք է դադարեցվի, քանի դեռ բնակապահովման արդյունավետ ծրագիր չի ներդրվել: Բացի այդ՝
- Պետք է վերանայվի սերտիֆիկատների ծրագրի գումարի չափը՝ համապատասխանեցնելով այն բնակարանների իրական արժեքին:
- Կառավարությունը պետք է բանկերի հետ համագործակցությամբ ապահովի մատչելի վարկային պայմաններ՝ հատկապես խոցելի խմբերի համար: Սա կարող է լինել տոկոսադրույքների նվազեցում կամ պետության կողմից սուբսիդավորվող վարկերի ծրագրերի ներդրում:
- Խոցելի խմբերը պետք է ընդգրկվեն ծրագրերում, որոնք կպաշտպանեն նրանց իրավունքները:
- Պետք է ապահովվի արցախահայության հետ երկխոսություն՝ նրանց իրական կարիքներն ու պահանջները հաշվի առնելու նպատակով:
-Մարտի 29-ին Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք արցախահայության իրավունքների պահանջով: Ի՞նչ եք ակնկալում այդ միջոցառումից:
– Հանրահավաքը շատ կարևոր միջոցառում է՝ ցույց տալու համար, որ արցախահայությունը չի պատրաստվում լռել իր իրավունքների խախտման պայմաններում: Այս հավաքը արտահայտելու է արցախահայության պահանջը՝ հայրենիք վերադառնալու և սեփականության իրավունքը վերականգնելու համար։ Մենք չենք պատրաստվում ընդունել այն փաստը, որ մեր իրավունքները կարող են անտեսվել կամ դադարեցնել առանց հստակ լուծումների։
Կառավարությունը պետք է անհապաղ վերանայի իր ծրագրերը և ապահովի արցախահայության իրավունքների պաշտպանությունը: Առանց իրատեսական, արդյունավետ և համապարփակ ծրագրերի, արցախահայությունը կանգնած է սոցիալական և հումանիտար աղետի առաջ: Անտեսված իրավունքները և ձախողված ծրագրերը միայն կմեծացնեն արտագաղթի վտանգը՝ լուրջ հետևանքներ թողնելով ոչ միայն արցախահայության, այլ նաև Հայաստանի ապագայի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հ․ Գ․ 1- «Միասին» հասարակական-քաղաքական շարժումն օրերս կառավարությանն առաջարկել էր արցախցիների սոցիալական պաշտպանվածության ծրագիր։
Հ․Գ․ 2- Ի դեպ, երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանը խորհրդարանում հայտարարեց, որ «40+10» ծրագրի պայմանների վերանայման հիմնական շարժառիթն այն է, որ արցախցիները դառնան բնակարանային ապահովության ծրագրի շահառուներ։