Չնայած Հակակոռուպցիոն կոմիտեի ու քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից այսօր վաղ առավոտյան «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբում կատարված խուզարկություններին՝ դաշինքը իր ամփոփիչ հանրահավաքն անցկացրեց Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում։
Այն բազմամարդ էր, գուցեև պատճառն այսօրվա ուժայինների գործողություններն էին, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել ընդդիմադիր դաշինքի թեկնածուների նկատմամբ։
Հանրահավաքը վարում էր «Մայր Հայաստան» դաշինքի երկրորդ համարում ընդգրկված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը, որը իր ելույթը սկսեց այսպես․
Կարդացեք նաև
«Հարգելի գյումրեցիներ, մենք լավ ենք, բայց հանրապետությունում մի մարդ է վատացել։ Երեկ Ազգային ժողովի ամբիոնի մոտ վատացել էր, հստակ զգացվեց, վատանալուց հետո ասել է իր ոստիկաններին, իրավապահ մարմիններին, գնացեք ընդդիմադիրներին ասֆալտին ծեփեք, բայց Գյումրիում ասֆլատին ծեփված է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը»։
Դերենիկ Մալխասյանը հիշեցրեց, որ ոստիկանները վաղ առավոտից պարալիզացրել էին «Մայր Հայաստան» դաշինքի աշխատանքները՝ մտածելով, որ կկարողանան վախեցնել, զգուշավոր դարձնել իրենց, սակայն, ըստ նրա, Գյումրիում նման մեթոդներով հակառակ արդյունքն են ստանալու։
«Փաշինյան Նիկոլը ոստիկաններին ուղարկել է Գյումրի՝ նաև բռնաճնշումներ իրականացնելու մեր մյուս գործընկեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մենք դատապարտում ենք, բռնաճնշումները հարիր չեն ժողովրդավարական երկրին, ինչպես որ իրենք են ներկայացնում, բայց ժողովրդավարության «ժ» տառն էլ չի մնացել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է կոնցլագեր, սա մահաբեր իշխանություն է, սոցիալական աղետ բերող իշխանություն է։
Տեսեք` ինչ կատարվեց, Երևանի ավագանու ընտրությունները ձեզ ներկայացնեմ, ի՞նչ արեցին, եկան, ասին՝ «ասեք, կանենք, ասեք, կանենք», իշխանությունը զավթեցին, նստան ու արածները գիտեք ինչ էր, թանկացումներ․ գույքահարկը թանկացրեցին, տրանսպորտը թանկացրեցին, կարմիր գծերը 13 անգամ թանկացրեցին։
Իհարկե, «Մայր Հայաստանն» այդ ամենի դեմ պայքարի առաջին գծերում է, բայց ինչ-որ բան հաջողվեց իրենց անել։
Հարգելի գյումրեցիներ, եթե հանկարծ ՔՊ-ականները ինչ-որ ձևով, ինչ-որ հրաշքով հայտնվեցին Գյումրու քաղաքապետարանում, նույն բանը մեզ է սպասելու, թանկացումներ, սոցիալական աղետը խորանալու է։
Գյումրին և Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ տեղանքն են, իրենց օրոք ոչ մի բան չի փոխվել։ Հարգելի գյումրեցիներ, ընտրություն կատարելիս՝ հստակ կշռադատեք։ 7 տարի իրենց տված ոչ մի խոստում իրականություն չի դարձել, ուղիղ հակառակն են արել։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիմա ի՞նչ է կատարվում, բոլորին համատարած տուգանում են»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։
Դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով ոստիկանության կողմից իրենց աշխատանքները ձախողելուն, ասաց՝ ՔՊ-ն ցայտնոտի մեջ է և որքան փորձեն խանգարել իրենց, որպեսզի շեղվեն ու չհասցնեն ներկայացնել իրենց ծրագրերը, միևնույնն է՝ չի հաջողվելու։
Թեկնածուն մեկ անգամ ևս մանրամասն ներկայացրեց Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու ազատ քաղաքի վերածելու իրենց ծրագիրը։
Նա նշեց, որ իրենց թիմում Գյումրու ազգային արժեքները կրող մարդիկ են, որոնք վերածվել են մեղվի փեթակի։ Նրանք գործարարներ, տնտեսագետներ, քաղաքագետներ են՝ իրական ծրագրեր իրականացնող, օգուտ տվող մարդիկ են և մերժում են թայֆաբազությունը։
Կարեն Սիմոնյանն ասաց, որ չեն իջնելու ՔՊ-ի մակարդակին․ ինչքան էլ այս ուժը փորձի իրենց ոտքերից ներքև քաշել, մնալու են բարձունքի վրա՝ ՔՊ-ականներին վեր քաշելով, քանի որ նրանք էլ գյումրեցիներ են։
«Միավորելու ենք ընդդիմադիր դաշտը՝ իշխանազրկելու ենք ՔՊ-ին Գյումրիի կառավարումից», -հայտարարեց Կարեն Սիմոնյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էլ կոչ արեց սատարել իրենց ու ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան չի հաջողվել անել։
Նա, դատապարտելով «Քաղաքացիական պայմանագրի» հարձակումները Գյումրու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ , կոչ արեց ընդդիմադիրներին համատեղել ուժերը՝ Գյումրիից «Քաղաքացիական պայմանագրին» վռնդելու համար։
«Հարգելի գյումրեցիներ, պահը իրոք ճակատագրական է, դուք էլ եք փաստել, որ այսպիսի ընտրություններ Գյումրիում չեն եղել։
Պատճառն այն է, որ 2023-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դավադրաբար հանձնեց Արցախը, սա առաջին ընտրությունն է դրանից հետո։ Գյումրիի ընտրությունը դառնում է համապետական, Գյումրին ոչ միայն հայրաքաղաք է, այլ Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը։ Բայց քաղաքական մայրաքաղաք լինելը մեծ պատասխանատվություն է, դա նշանակում է, ձեր քվեարկությունից կախված է լինելու ամբողջ Հայաստանի ճակատագիրը։
2021 թվականին Նիկոլը վերարտադրվեց, և մենք դրանից հետո կորցրեցինք Արցախը, հիմա եթե Գյումրիում, Աստված մի արասցե, բռնաճնշումներով, կեղծիքներով, տարբեր մեթոդներով սրանց հաջողվի սոսնձված մնալ աթոռին, մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը», -ասաց Անդրանիկ Թևանյանը՝ կոչ անելով ձայնը տալ ընդդիմությանը։
Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրքերի ու ադրբեջանցիների օրակարգը, և եթե գյումրեցիները ՔՊ-ին ձայն տան, կբավարարեն Ալիևի և Էրդողանի նախապայմանները, կնպաստեն թանկացումներին, երկրի սոցիալական վիճակի վատթարացմանը։
Ըստ բանախոսի, Գյումրին է որոշելու ամբողջ Հայաստանի ճակատագիրը, այս քաղաքը պիտի դառնա այն մեկնակետը, որից հետո սկսվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության գահավիժումը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ