Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ճարտարվեստի կին վարպետները» ցուցահանդեսը կին-ճարտարապետներին համախմբեց սիրելի մասնագիտության շուրջ

Մարտ 27,2025 21:27

«Հայ ճարտարվեստի կին վարպետները»․ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այս խորագրով անցկացված ցուցահանդեսի շնորհիվ ապահովվեց տոնական տրամադրություն, ընկերական մտերմիկ շփումներ, հույզեր և ժպիտներ։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և «Արթուր Թարխանյան կենտրոնի» հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվեց հայ կին ճարտարապետների ստեղծագործական ժառանգությունը՝ խորհրդային տարիներից սկսած մինչև մեր օրեր։ Ավագներից մինչև կրտսերներ կանայք համախմբվել էին իրենց սիրելի մասնագիտության շուրջ։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց․ «Մենք ցուցադրում ենք մեր ֆոնդային հատընտիր նմուշները, որոնք ներկայացնում են խորհրդային շրջանի կին ճարտարապետների կյանքն ու ստեղծագործությունը։ Ցուցադրության ձևաչափում ընդգրկել ենք նաև հատված, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում մերօրյա կին ճարտարապետները։ Ոգևորված ու տպավորված ենք նաև ավագ սերնդի կին ճարտարապետների հետ համագործակցության արդյունքներից»։

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Կանայք այն ուժն են, որ իրենց ուսերին մեծ բեռ են կրում բոլոր ոլորտներում՝ մասնագիտական, թե կենցաղային, ունեն մեծ դերակատարություն մեր  կենսագործունեության շրջանակում։ Մեր գործընկերները տարիների ընթացքում ստեղծել են մնայուն շինություններ, ունեն դեռևս անկատար աշխատանքներ, որոնք  կրում են նաև արվեստի այն հատիկը, որը հատուկ է հենց հայ կանանց»։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր, գիտահետազոտական բաժնի ղեկավար Աշոտ Գրիգորյանը նշեց, որ ներկայացված են թանգարանի պահոցից կին ճարտարապետների հիմնական աշխատանքների մեծ մասը, և կարելի է ասել՝ ներկայացված է վերջին հարյուր տարվա մեր ճարտարապետական ժառանգությունը, որտեղ կարևոր մաս ունեն կանայք։

ՃՇՀԱՀ պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ կինը և ճարտարապետությունն անբաժանելի են և փաստեց․ «Մենք այդ ավանդույթն ունենք դեռ միջնադարից՝ կանանց օրինակներով, երբ մեր թագուհիները, իշխանուհիները հովանավորում էին մեր վանքերի, եկեղեցիների շինարարությունը, կարևորում էին այդպիսի կառույցների իրականացումը։ Եվ այդ ավանդույթը եկել, հասել է մեր օրեր։ Այս ցուցահանդեսը հենց այդ ավանդույթի անընդմիջության և շարունակականության մասին է խոսում։ Կին ճարտարապետները ստեղծագործում են, կառուցում են, հայեցակարգեր են մշակում՝ իրենց բազմազբաղ կենցաղը զուգորդելով իրենց ստեղծագործական գործունեությանը»։

«Արթուր Թարխանյան կենտրոնի» տնօրեն Անահիտ Թարխանյանը, խորին շնորհակալություն և հիացմունք հայտնելով հիմնադիր կին-ճարտարապետներին՝ Ժաննա Միշչերյակովային, Աննա Տեր Ավետիքյանին, Ամինիա Կանեցյանին և այլոց, նշեց․ «Նրանք կանայք են, որոնք դարասկզբին, կեսերին, երբ ամբողջ ոլորտը պատկանում էր տղամարդկանց, ունեցան այնքան տեսլական, որ հաղթահարեն կարծրատիպերը, թե կինը պետք է տանը նստի, և համարձակորեն մտան այն բնագավառը, որը միայն դարն ի վեր պատկանում էր տղամարդկանց։ Օրինակ՝ Աննա Տեր Ավետիքյանը նախագծեց հոյակապ շինություններ։ Նա Թամանյանի լավագույն շարունակողն է»։

Հետաքրքրվեցինք՝ ճարտարապետության բնագավառում կնոջ դերը ի՞նչ բանաձև ունի Ձեզ համար, Անահիտ Թարխանյանը պատասխանեց․ «Կանայք այսօր համարձակորեն մտնում են տարբեր ոլորտներ՝ տիեզերք, ֆիզիկա, մաթեմատիկա, հարց է առաջանում ՝ ինչո՞ւ ոչ ճարտարապետություն։ Ճարտարապետության մեջ էմոցիոն միավորվում է տեխնիկական մտածելակերպի հետ։ Կին ճարտարապետները մեծ ուշադրությամբ, մի քիչ ավելի մեծ հարգանքով են վերաբերվում պատվիրատուին։ Հաճախ տղամարդիկ շուտ զայրանում են, ափերից դուրս գալիս, կանայք ավելի համբերատար են և ավելի նպատակային․ խնդիր են դնում իրենց առաջ և հանգիստ գնում առաջ։ Շատ լավ գործեր ունեն կանայք, որոնք իրոք հիացմունք են առաջացնում»։

ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում անկեղծորեն նշեց՝ եթե հիմա նոր մասնագիտություն ընտրեր, թերևս կընտրեի նախագծող-կոնստրուկտորի մասնագիտությունը․ «Կարևոր է, որ նախագծող- կոնստրուկտորը կարողանա ստեղծագործաբար մոտենալ այդ աշխատանքին։ Կանանց ավելի բնորոշ է, որ կարողանում են ավելի ճկուն համակարգեր ստեղծել։ Կին ճարտարապետների կյանքը, իհարկե, շատ բարդ է։ Ճարտարապետությունը մի մասնագիտություն է, որ գիշեր-ցերեկ մտքիդ մեջ է․ անընդհատ խմորվում են խնդիրները՝ շինարարություն, նախագծում, ընթացիկ խնդիրներ։ Մեր մասնագիտությունը միշտ դրական էմոցիաներ է տալիս, քանի որ այն ստեղծելու հետ է կապված»։

Էմմա Հարությունյանը, հիշեցնելով, որ իրենց սովորելու տարիներին շատ քիչ աղջիկ ուսանողներ կային, իսկ շինարարական ֆակուլտետում բացառիկ մեկ կամ երկու աղջիկ, ուրախությամբ փաստեց, որ հիմա այս ոլորտում աղջիկների թիվն է աճել, նրանք ակտիվ են, շատ լավ են սովորում։ Ու վստահեցրեց՝ սա շատ հետաքրքիր արդյունք պիտի տա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31