Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային խորքային ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն Ազգային ընտրանու համախմբման միջոցով. «Հայոց տան» ուղերձը

Մարտ 27,2025 21:12

Ավելի քան 20 մտավորականի կողմից ստեղծված «Հայոց տուն» համահայկական, ապակուսակցական նախաձեռնությունն այսօր մեկնարկեց իր գործունեությունը։

Նախաձեռնության հիմքում հայկական մտավոր ու գիտական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունն է, հայկական ընտրանու ձևավորումը, որը թույլ կտա ապահովել հայոց պետականության կայունությունն ու հարատևությունը։ Նախաձեռնությանն իր ողջույնի խոսքն էր հղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրա ուղերձը ներկայացրեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպս․ Աբրահամյանը։

«Մեր պատկերացմամբ Հայոց Տունը, հենց այն տունն է, որտեղ պետք է ապրեն հայ մարդիկ: Ապրեն այդ տան մեջ, բայց ոչ սոսկ ապրեն, այլ շատ կարևոր է, որ նրանք «Հայոց տան» գաղափարը կրեն նաև իրենց մեջ, իրենց հոգում ու սրտում, իրենց գիտակցության մեջ»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը։

«Հայոց տան» հասկացությունն առկա է վաղուց, մասնավորապես Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը» ներկայացնում է դրա բոլոր բաղկացուցիչները։ Այս հարցին ու հայոց մտավոր ընտրանու ձևավորման կարևորությանն անդրադարձավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Աշոտ Մելքոնյանը։

Համահայկականության գաղափարը, որը ներկայացված է «Հայոց տան» ուղերձում, շեշտադրված էր նաև Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Կարապետյանի ելույթում, որն էլ ընթերցեց ուղերձը։ «Մենք ունենք այն ներուժը, համահայկական ու աշխարհասփյուռ ներուժը, որը մեզ հնարավորություն կտա ստեղծել իրապես ազգային, ուժեղ պետականություն»,- ասաց նա։

«Հայոց տուն» նախաձեռնության նպատակների, անելիքների և բնույթի մասին ելույթ ունեցավ նաև Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Պրոֆեսորը ներկայացրեց նախաձեռնության «սենյակները», որոնք ուղղված են լինելու՝ անվտանգության, տնտեսության, ինքնության պահպանության, մշակույթի, երիտասարդության ներուժի զարգացման, մեր կյանքի բոլոր ոլորտներին առնչվող ուղղությունների ռազմավարությունները, մոտեցումները, որոնք էլ «կսնեն» հասարակության «առողջ բջիջները»։

«Որպես բժիշկ, ես կարող եմ միայն հոգատարությամբ ու բժշկելու ցանկությամբ ասել, որ մեր հասարակությունը բժշկման, առողջացման կարիք ունի։ Իսկ առողջացնել հնարավոր է, քանի որ մեր հասարակության, մեր համասփյուռ ազգի մեջ շատ են առողջ բջիջները։ Դրանք պարզապես պետք է համախմբել, համախմբելով ուժ հաղորդել։ Իսկ դա կարող է անել միայն ընտրանին՝ սիրո և ազգային համերաշխության մթնոլորտում՝ ի փառս Հայաստանի և հայ ազգի»,- ասաց պրոֆեսորը։

Ելույթ ունեցավ նաև դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը։ «Ամեն մի հայ պետք է գերլարի իր ուժերը, որպեսզի մենք պահպանենք մեր ինքնությունը և պետականությունը, և «Հայոց տունը» այն տանիքն է, որի ներքո յուրաքանչյուրս անելիք ունենք»,- ասաց նա։

Գործարար-գյուղատնտես Հարություն Մնացականյանն՝ իր ելույթում շեշտեց․ «Հայոց տունը» կլինի այլընտրանք և զսպաշապիկ բոլոր այն բացասական երևույթների դեմ, որոնց մասին բոլորս խոսում ենք»։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ՝ «Հայոց տունը» կնպաստի սիրո ու եղբայրության մթնոլորտի ձևավորմանը՝ լուծելով ազգի
առաջ ծառացած մեծ ու փոքր խնդիրները։

Առաջիկայում «Հայոց տունը» կներկայացնի իր անելիքները՝ ուղղված հայոց պետականության հզորացման երկարաժամկետ ծրագրերի

ՈՒՂԵՐՁ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ

Հայոց պետականությանը, ազգային ինքնությանը, հոգևոր և մշակութային արժեքներին սպառնացող մարտահրավերները, մասնավորապես՝
– Աշխարհակարգի սրընթաց փոխակերպումն ու աշխարհաքաղաքական հակամարտությունների աննախադեպ սաստկացումը,
– Արցախի բռնազավթումը, Հայաստանում ներքին հակասությունների խորացումը և բնակչության սոցիալական վիճակի հարաճուն վատթարացումը,
– Հոգևոր և ազգային ավանդական արժեքների անկումն ու հայկականության նահանջը,
– Երկրում քաղաքական համակարգի անկատարության համատեքստում կենսունակ գաղափարախոսության բացակայությունը։

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ.

– Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ու Հայ ինքնությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգները հաղթահարելու հրամայականը,
– Հայ ժողովրդի անվտանգության ու Հայոց պետականության կայացման առաջնահերթությունը,
– Հայության միավորման առաքելությունը կյանքի կոչելու նպատակով ազգային ընտրանու անհրաժեշտությունը.

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ

– Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն Հայության համախմբման ու ազգային ուժերի գերլարման շնորհիվ միասնական նպատակի՝ Հայոց պետության զորացման և իրական համազգային շահերին ծառայող

ՀԱՅԿԱԿԱՆ պետականության կայացման շուրջ:

– Համազգային խորքային ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն Ազգային ընտրանու համախմբման՝ Հայաստանի և Սփյուռքի տարբեր բնագավառների փորձառու, կայացած և ազգային դիմագիծ ունեցող գործիչների անմիջական ներգրավման միջոցով:

ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

«Հայոց Տուն» համահայկական ՄԻԱՎՈՐՄԱՆ հիմնադրման մասին:

Հայոց Տուն-ը ապակուսակցական կառույց է՝ Հայությանն ու Հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ:

Հայոց Տուն-ը առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու Հայ ոգեղեն ուժի հենասյուներով՝ Միասնությամբ, Համերաշխությամբ և Սիրով:

Հայոց Տուն-ը նախաձեռնելու է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր,
մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ Հայկական պետականության ու Հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:

Հայոց Տուն-ը նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը:

1. Գևորգ Պողոսյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
2. Աշոտ Մելքոնյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
3. Արմեն Չարչյան – Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։
4. Գևորգ Դանիելյան – Իրավաբանական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ
5. Ռուբեն Կարապետյան – Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան։
6. Հասմիկ Բաղրամյան– Երաժշտագետ, մշակութային գործիչ
7. Տիգրան Հեքեքյան – Մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր
8. Արման Նուռ -Դիզայներ, քանդակագործ, նկարիչ
9. Նինա Տատկալո – Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
10. Թաթուլ Մանասերյան – Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
11. Վահան Տեր -Ղևոնդյան – Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀարտակարգ և լիազոր դեսպան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ
12. Մելանյա Բալայան – Պատմական գիտությունների թեկնածու, «Հոգևոր Արցախ» ՀԿ (Արցախ)
13. Անդրանիկ Հակոբյան – Գրող, բանաստեղծ, ՀՀ ԶՈՒ գնդապետ
14. Արամ Սահարյան – Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
15. Աելիտա Դոլուխանյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
16. Ալբերտ Խառատյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
17. Սեդա Գասպարյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
18. Խորեն Քոթանջյան – գործարար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
19. Լիպարիտ Պետրոսյան – գործարար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
20. Արամ Մեհրաբյան – Փրինթինֆո հրատարակչության տնօրեն, նկարիչ, մշակույթի գործիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31