«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այս մասին առանձնապես գրել չէի ցանկանում, բայց երկու բառով որոշեցի անդրադառնալ։ Այսօր ԱԺ-ում իմ նախկին գործընկեր Աղազարյանը երգում էր Պուգաչովայի «время невозможно повернуть назад» («ժամանակը հնարավոր չէ ետ տալ») երգը, այո, իսկապես՝ հնարավոր չէ․․․
Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հենց Փաշինյանի աչքերի մեջ նայելով փաստերով ցույց էի տալիս, որ այդ մարդու մնալն իշխանության դառնալու է աղետ Հայաստանի համար, շատ շատերը, իրենց իսկ նեղանձնական շահերից ու պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով, պաշտպան էին կանգնում Փաշինյանին, ոմանք համոզում էին, որ ես նրան լավ չեմ ճանաչում, անգամ պարտված լինելով, նա ուժեղ մարդ է, ոտքի կկանգնի և այլն․․․ Ժամանակը ցույց տվեց, թե որքան «ուժեղ է», նաև՝ «խիզախ»՝ Ալիևի կամքը ի կատար ածելու հարցում։
Աղազարյանը Փաշինյանի ամենամեծ ջատագովներից է եղել, նրա անհեթեթ գաղափարների ամենաակտիվ տարածողը, իսկ հետո, երբ արդեն մի երկու դրվագով բարկացրեց, ընկավ սև ցուցակ ու դարձավ թիրախ։ Այդպես Փաշինյանը վարվելու է 2021 թվականից հետո իր կողքին մնացած ցանկացած ՔՊ-ականի հետ։ Եթե մինչ 2020-ը Փաշինյանը իրեն այլ կերպ էր դիրքավորում, ապա 2020-ից հետո արդեն պարզ էր, թե ինչ ուղիով է նա տանելու Հայաստանը ու բոլոր նրանք, որոնք մնացին կողքին, չօգնեցին հեռացնել, երբ կար դրա հնարավորությունը ու կանխել գալիք աղետը, կամա թե ակամա՝ դրա մաս են կազմում, որովհետև չեն կարող ասել՝ չգիտեինք։ Մինչև 2020-ը իրոք չգիտեինք, մեկը ես՝ չգիտեի, բայց դրանից հետո տեքստերը շատ պարզ ու ուղիղ էին հնչում՝ չիմանալու ու չհասկանալու համար։
Կարդացեք նաև
Աղազարյանն իրավացի է, թերևս «время невозможно повернуть назад», բայց ամենասարսափելին այն է, որ Փաշինյանը իր քաղաքականությամբ շարունակելու է նոր աղետներ բերել մեր գլխին, հետո այլ ՔՊ-ականներ նման երգեր կերգեն, երբ գա նրանցից ազատվելու Փաշինյանի հրահանգը, բայց պետության գլխին կախված աղետը կանխելու գործը կդառնա այնքան ուշացած․․․
Պետական պաշտոն զբաղեցնողների կողմից իրենց նեղ անձնական շահերը վեր դասելու պատճառով է մեր պետությունը այսօրվան հասել։ Եթե առաջնահերթ լիներ պետական շահը, ապա մենք այնքա՜ն խնդիրներից կխուսափեինք․․․