«Ա1 +» – Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», իսկ այն բաց թողնելը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «սխալ կլինի»։
«Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն այն իրագործելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից», – ասել է Ամիրբեկովը՝ հավելելով՝ «չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրների միջև լարվածությունը պահպանվում է»։
Նա ասել է, թե «համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը» և որ «խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»։