Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտի՝ իր սպառնալիքները, հայհոյանքները կարող են մեզ վախեցնել»․ ՔՊ-ականները՝ ընտրակաշառք բաժանելու փորձերի ու Վարդան Ղուկասյանի հետապնդումների մասին

Մարտ 27,2025 19:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել շտաբի պատասխանատու Դավիթ Առուշանյանը, վարչապետի մամլո խոսնակ, ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանը և Գյումրու նախորդ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

Նրանք անդրադարձան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց․ «Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ խոսեմ այն բոլոր հրապարակումների մասին, որոնք այս ժամանակահատվածում եղել են։

Իրականում մենք դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք գյումրեցուն, մեր ժողովրդին ձայնի իրավունքից զրկում են, ստիպում են կամ այլ օրինախախտ միջոցներով մարդու ձայնի վրա ազդեցություն ունենալ։ Մենք ժողովրդավար երկիր ենք, մենք դրա համար պայքարել ենք և այսօր անցկացրել ենք ընտրություններ, որոնք ՀՀ-ում երբևէ չեն եղել։

Մենք հպարտանում ենք մեր անցկացրած ընտրություններով, և այս ընտրությունները դրանից ոչնչով չեն տարբերվում։ 2018 թվականին մեր ժողովուրդը դեմ է դուրս եկել ձայնի իրավունքը վերականգնելու համար, դուրս է եկել հեղափոխություն անելու, որովհետև անտեսված է եղել մարդու քվեարկության ձայնի իրավունքը»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նշեց, որ Գյումրիում նման գործելաոճը երբեք չի աշխատել ու չի էլ աշխատելու։

Նաև ասաց, որ իրենք՝ որպես իշխանության ներկայացուցիչներ, հանձնառություն ունեն ապահովել ընտրությունների թափանցիկությունը և լեգիտիմությունը։

«Մենք ինքնանպատակ չենք համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին քաղաքապետ ունենալ, դուք լավ գիտեք, տարբեր քաղաքներ ու համայնքներ ունենք, որտեղ քաղաքապետերը ընդդիմադիր են։ Մեր քաղաքական ուժի համար կարևոր են թափանցիկ ու արդար ընտրությունները՝ հանուն լեգիտիմ քաղաքապետ ունենալու»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

 

Քնարիկ Հարությունյանն էլ ասաց․ «Միամտություն կլիներ կարծել, որ այս քաղաքական ուժերը պիտի մասնակցեն ազնիվ, արդար և թափանցիկ ընտրությունների գնալու ճանապարհով, որովհետև տարիներ շարունակ իրենք ընտրվել ու վերարտադրվել են ընտրակեղծիքի, ընտրակաշառք բաժանելու, մարդկանց խաբելու ու մոլորեցնելու ճանապարհով։ Ստացվում է, որ տարիներ անց իրենց ձեռագիրը չի փոխվել, շարունակում են նույն տրամաբանությամբ առաջնորդվել նաև այսօր»։

Նազելի Բաղդասարյանն էլ ասաց․ «Առավոտյան, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հաղորդագրությունը, եթե ասեմ զարմանալի էր ինձ համար, ոչ, որովհետև ապրում ենք քաղաքում և վերջին օրերին հատկապես տարբեր քաղաքացիներից ահազանգեր ստանում ենք։ Ես մշտապես յուրաքանչյուր քաղաքացու հորդորել եմ գնալ և օրինական ձևով հաղորդում տալ հանցագործության մասին, այսինքն որ միջամտում են, ներգործություն են ունենում՝ կաշառքի տեսքով, խոստումների տեսքով, վառելափայտի, սննդի տեսքով, քաղաքացիները մեզ մոտեցել են։ Եվ  ասեմ, որ այս ամենը ինձ համար զարմանալի էր, միամտություն կթվար»։

Նա հայտարարեց, որ կառավարող ուժը տեր է կանգնելու քաղաքացու քվեին։

«Որևէ մեկի մտքով չանցնի, որ իրենք քաղաքացու քվեն կարող են գողանալ։ Եվ թույլ չենք տա, որ մեր քաղաքացու հետ հայհոյանքով խոսեն, սպառնալիքով խոսեն, հետո ընտանիքի անդամներին, առավելապես տղամարդկանց գնան, բերման ենթարկեն։ Հասկանում եք, այս մարդիկ ոչինչ են, իրենց քաղաքական անցյալը ուզում են վերականգնել»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, թե թեկնածուներից մեկը իրեն թիրախավորել է որպես կին և բուլինգի է ենթարկում։

«Իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնե՞լ այդ բառամթերքով։ Հայաստանը օրինական, իրավական պետություն է, և նման մարդկանց տեղը իրենց ցույց տված սիրելի վայրում է՝ գաղութում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Լրագրողները խնդրեցին հրապարակել այն թեկնածուի անունը, որը իրեն մեկ ամիս շարունակ հետապնդում է իր խոսույթով։ Նազելի Բաղդասարյանը մատնանշեց Վարդան Ղուկասյանին՝ նեղվելով, որ նա պիտակավորում է իրեն, իր ընտանիքի անդամներին։

«Գիտի՝ իր սպառնալիքները, հայհոյանքները կարող են մեզ վախեցնել։ Բացառվում է։ Ինչ մնում է այսօրվա իրադարձություններին, ես ուզում եմ խոսքով դիմել գյումրեցիներին։ Սիրելի գյումրեցիներ, ձեզանից փորձում են խլել ձեր երեխաների ապագան, այն 5 հազար, 10 հազար դրամը, որ նախկինում կար, ուզում են վերադարձնել։ Ես չգիտեմ հիմա ինչ գումարի չափերի մասին են խոսում կամ այսօր ձայնագրություններ եմ լսել, որտեղ ասվում էր՝ վառելափայտ և այլն, այլ առարկաների տեսքով։

Ես կարծում եմ, որ շատ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց ներքաշում են ընտրակաշառքի մեջ, մարդը մտածում է, որ իրեն օգնություն են ցույց տալիս»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Այն հարցին էլ, թե երբ ՔՊ-ն է խճապատում փողոցները, դա ընտրակաշառք չէ, բայց երբ ուրիշն է անում, ընտրակաշա՞ռք է, բանախոսները պնդեցին, որ այդ աշխատանքները կազմակերպում է Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժինը, այլ ոչ թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31