Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում․ հայտարարություն

Մարտ 27,2025 18:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր մի շարք հայտարարություններում բարձրաձայնել ենք, որ Խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությունը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

• Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ,
• ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս,
• ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը հանրային վրդովմունք է առաջացրել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31