Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը, այդ չարաբաստիկ աթոռը իր մեջ ուժ ունի, որը մարդուն փոխում է, նա սկսում է  տառապել անսխալականության բարդույթով. Աշոտ Մելքոնյան

Մարտ 27,2025 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր հասարակությունը շատ է  պառակտված, այն մասնատված է, որոշակի ատելության մթնոլորտ եմ նկատում: Մարդիկ իրար նկատմամբ չարացած են: Այս պառակտումը թուլացնում է հասարակությունը եւ պետականությանը վնաս է հասցնում: Եթե չկարողանանք հաղթահարել, այս դժվարին պահից դուրս չենք գա, պատմական պահ է: Լավագույն ուժերի միավորումն է անհրաժեշտ, որ կարողանանք երկիրն ու ժողովրդին դուրս բերել այս վիճակից»,- այսօր այս մասին հայտարարեց «Հայոց տուն» նախաձեռնության անդամ,  ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը:

Այսօր մի խումբ մտավորականներ հայտարարեցին  «Հայոց տուն» նախաձեռնության մեկնարկի մասին: Իսկ «Հայոց տունը», ըստ նրանց, հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ:

Նախաձեռնությանն իր ողջույնի խոսքն էր հղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրա ուղերձը ներկայացրեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպս․ Աբրահամյանը։

Գեւորգ Պողոսյանի խոսքով, մենք պետք է կարողանանք դիմադրել թշնամու՝ պառակտել, որ տիրել մոտեցմանը. «Հիմնական առաջնային գործիքը միավորումն է»:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն էլ ներկայացրեց «Հայոց տան» ուղերձը. «Հաշվի առնելով հայոց պետականությանը, ազգային ինքնությանը սպառնացող մարտահրավերները, մասնավորապես աշխարհակարգի սրընթաց փոխակերպումն ու աշխարհաքաղաքական հակամարտությունների աննախադեպ սաստկացումը, Արցախի բռնազավթումը, Հայաստանի ներքին հակասությունների խորացումը, բնակչության սոցիալական վիճակի վատթարացումը՝ գիտակցում ենք, որ համազգային խորքային ճգնաժամից հնարավոր է  դուրս գալ միայն ազգային ընտրանու համախմբման միջոցով»:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանն էլ անդրադարձավ  հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանի՝ «Որոգայթ փառաց» հայ իրավունքի կարեւորագույն փաստաթղթին՝ ընդգծելով աշխատության ուղերձները, որոնք, ըստ պատմաբանի, արդիական են նաեւ այսօր.  «Ինչու որոգայթ փառաց, որովհետեւ իշխանությունը, այդ չարաբաստիկ աթոռը իր մեջ ուժ ունի, որը մարդուն ժամանակի ընթացքում փոխում է , նա սկսում է  տառապել անսխալականության բարդույթով ու ի վերջո հանրապետական կառույցը կարող է  դառնալ միապետություն…մարդիկ, որ չընկնեն փառքի որոգայթի մեջ, պետք է հասկանան, որ իշխանությունը բաղկացած է  դիմությունից եւ ընդդիմությունից: Մեզանում անկախության 34-րդ տարում չհասկացանք, որ դիմությունն ու ընդդիմությունը պետության անքակտելի մասն են … որպես պատմաբան կարող եմ ասել՝ որքան էլ հաղթանակներ արձանագրեցինք, հաջողություններ ունեցանք,  դարձանք միջազգային հանրության  անդամ, բայց ցավոք սրտի, չդարձանք զտարյուն ազգային պետություն, որի կարիքն ունենք այսօր» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31