Սույն թվականի մարտի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել 2024թ․ իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ 2024 թվականի ընթացքում պեղվել և ուսումնասիրվել է Հայաստանի 30 հնավայր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար:
«Ամենակարևոր արդյունքն արձանագրվել է Արտաշատում։ Հայ-գերմանական արշավախումբը պեղել է եկեղեցի, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին կեսով, ինչը Հայաստանում հնագիտորեն փաստագրված ամենավաղ եկեղեցին է», – նշեց Արսեն Բոբոխյանը։
Նա շեշտեց միջազգային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ միջազգային ծրագրերի շնորհիվ հնարավոր է մեծ քանակությամբ բնագիտական հետազոտություններ իրականացնել։ «Հիմնականում համագործակցում ենք եվրոպական և ամերիկյան մասնագետների հետ, իսկ վերջին շրջանում ակտիվացել է համագործակցությունը Ճապոնիայի և Չինաստանի հետ», – ասաց Արսեն Բոբոխյանը։
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի, Տոկայի համալսարանի, Լիոն-2 համալսարանի, Գերմանիայի հնագիտության ինստիտուտի, Հոնկոնգի համալսարանի, Մաքս Պլանկի գեոմարդաբանության ինստիտուտի, Իտալիայի միջերկրյածովյան և Արևելյան հետազոտությունների ասոցիացիայի հետազոտողները ներկայացրին Մասիս բլուրի, Լեռնագոգ-1, Այրում, Դեբեդավան, Արգիշտիխինիլի, Բենիամին հնավայրերի, Ոսկեբլուր վաղբրոնզեդարյան բլուր-բնակատեղիի, Ազատան երկաթեդարյան բնակատեղի, Եղեգիս-1 քարայր-կացարանի, Վերի բերդ ամրոցի, Հին Արտաշատ մայրաքաղաքի, Արուճ գյուղի միջնադարյան դղյակի, Վեդի ամրոցի, Շահումանի վաղ բրոնզեդարյան դամբարանի, Բագրատաշենի, Պտղավան-4, Բագրատաշեն-1 բացօթյա կայանների, Մագելանի քարանձավի, Գնիշիկաձորի, Տիգրանաշենի հնագիտական համալիրների, Գետահովիտ-2 քարայրի, Արգիշթիխինիլի քաղաքի դամբարանադաշտի և գյուղական բնակավայրի, Արտանիշ 9 բնակավայրի, Շամիրամի երկաթեդարյան քաղաքատեղիի և դամբարանադաշտի, Դվին քաղաքատեղիի, Տիկնունի հուշարձանի, Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Մեղրիի Սուրբ Հովհաննես (Անապաստանաց), Լանջանիստի Սպիտակ վանքի, «Տանձի լենչ» վայրում գտնվող Սյունյաց թագավորների արքայական դղյակի պեղումների և հետազոտությունների արդյունքները։
«Այս ծրագրերը կշարունակվեն 2025 թվականին, որոշ հուշարձաններում իրականացվելու են նոր պեղումներ», – նշեց Արսեն Բոբոխյանը։
Աշխատաժողովը կշարունակվի մարտի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում (ք․ Երևան, Չարենց 15):
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին