«Սա ահաբեկում է բոլոր այն մարդկանց, որոնք ուղղակի հանդգնել են Նիկոլին չլսել, որոշել, որ ՀՀ-ում կարող է լինել ընտրություն, ընտրական գործընթաց, որ, օրինակ, գյումրեցին կարող է գնալ ու քվեաթերթիկով որոշել, թե ով պիտի լինի քաղաքապետ»,- անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հետ կատարվածին և նրա հոր ու որդու ձերբակալմանը՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Այնուհետև նշեց․ «Բա Նիկոլի Հայաստանն է՞դ Հայաստանն է։ Բա դուք չեք հիշո՞ւմ, որ Նիկոլը գոռում էր ԱԺ-ից և Հանրապետության հրապարակում՝ էդ ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի, բա դուք չեք հիշո՞ւմ, չեք լսե՞լ էդ ձայնագրությունը, որ ասում է՝ ում ուզեմ, պիտի կալանքը տակ։ Բա դուք չեք հիշո՞ւմ, որ ԲԴԽ անդամներին, Վճռաբեկի, ՍԴ դատավորներին, մնացած դատարանների նախագահներին կանչում էր կառավարություն ու ասում՝ չեմ հասկանում, իմ նիկոլահպատակ ստրուկներ, հարյուր միջնորդություն ենք անում կալանքի վերաբերյալ, ինչի՞ եք 99-ը բավարարում։ Չենք մոռացել, բայց մարդիկ, որոնք միամտաբար կարծում են, որ պրոցես կարող է լինել ՀՀ-ում, Նիկոլը հիշեցնում է այդ պրոցեսի բացակայության մասին և իր հետ որևէ պրոցեսի գնալու բացակայության մասին»։
Աննա Մկրտչյանն ասաց՝ «կուզեի ասել, որ սա թատերական ներկայացում է Նիկոլ Փաշինյանի կողմից տրվող», բայց մյուս կողմից էլ նկատեց․ «Սա նման է իրենց վերջին զանգին, ու տա Աստված, որ լինի իրենց վերջին զանգը։ Իմ մաղթանքը Նիկոլին, նիկոլականներին, ՔՊ խունտայի ծառայողներին այն է, որ յուրաքանչյուրը պիտի անցնի ոչ թե արդարադատության դռնով, այլ այն դռնով, որը Նիկոլը կոչում է անկախ դատարան, վնգստացող դատավոր։ Այ, էս ծրագրի իրականացումից հետո միայն ՀՀ-ում փոխադարձ արդարադատությունը կկարողանա հաղթել»։
Կարդացեք նաև
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեսանյութի մասին էլ ասաց․ «ՔՊ-ին պատկանող Սարիկի վերջին շրջանի հարցազրույցները լսել եմ։ Դրանք հետևյալ բովանդակությունն ունեն։ Խելոք ձեզ պահեք, մարտի 30-ից հետո կգաք, կխոսենք. ՀՀ քաղաքացիներից մեկին ինչ-որ քրեական ենթամշակույթի տրամաբանության մեջ ասում է՝ քո ասածների համար պատասխան ես տալու։ Սա չեն լսել, չեն տեսել։ Նույն զուգադիպությամբ, չգիտես ինչու, Նիկոլի հեղինակազրկած ԱԱԾ-ն, որտեղ իր հեղինակազրկման բաժինն ունենում է նաև Սարիկ Մինասյանի եղբայրը ինչքան հասկացանք, քանի որ ԱԱԾ ղեկավարությունը հանձնել են իրեն, այդ հեղինակազրկված ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոնը միայն գաղտնի խուզարկություններ են անում և մշտապես գործունեություն ծավալում ընդդիմադիր գործիչների շտաբերի մոտ։ Ինձ հետաքրքիր է՝ էս յոթ տարիների ընթացքում որևէ օպերատիվ հետախուզության միջոց փորձե՞լ է ՔՊ-ականների նկատմամբ իրականացնել ընտրությունների գործընթացում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները հայտարարում եմ.
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված գաղտնալսման մեջ խոսակցությունների, դրանց մասնակիցների եւ բովանդակության հետ Մարտուն Գրիգորյանն ու իր շրջապատից որեւէ անձ որեւէ առնչություն չունի»: