«Արցախ» նվագախմբի այս տարվա առաջին համերգըՄարտի 23-ին` Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ «Արցախ» նվագախմբի այս տարվա առաջին համերգը, որը կրում էր «Սիրո մեղեդի» խորագիրը։
Երեկոյի ընթացքում հնչեցին Չայկովսկու, Մոցարտի, Էլգարի, Կրեյսլերի և Գերշվինի հանրահայտ ստեղծագործությունները, որոնք լիովին բացահայտեցին Մայրության և գեղեցկության ողջ հմայքը, գարնան ջերմությունը և սիրո հավերժությունը։
Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նարեկ Հախնազարյանը հանդես եկավ որպես դիրիժոր և մենակատար, հանդիսատեսին պարգևելով կախարդանքի անմոռանալի պահեր։
«Ես վստահ եմ, որ «Արցախ» նվագախումբը այսուհետ կշարունակի բարձր պահել կատարողական արվեստը` ձգտելով հասնել մեր սահմանած բարձր նշաձողին, դրանով իսկ գրանցելով նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ լավագույն միջազգային հարթակներում։ Սա միայն սկիզբն է։ Առաջիկայում ունենք մեծ նախագծեր, որոնք պատրաստվում ենք միասնաբար իրագործել՝ լցված լավատեսությամբ և հույսով»,- ասաց Նարեկ Հախնազարյանը:
Կարդացեք նաև
«Փառահեղ համերգ էր։ Տպավորություն ունեի, որ գտնվում եմ Վիեննայի կամ Փարիզի լավագույն դահլիճներից մեկում։ Այդպիսի հնչողություն, կատարողական վարպետություն վաղուց չէի ունկնդրել։ Ահա թե ինչ կարող է անել մեկ անձն իր բացառիկ տաղանդով՝ հանձին դիրիժոր և մենակատար՝ Նարեկ Հախնազարյանի։ Բարի երթ եմ մաղթում վերածնված ու ընդլայնված «Արցախ» նվագախմբին, որը, վստահ եմ, քայլ առ քայլ հասնելու է միջազգային բարձրագույն մակարդակի», – ասաց «Արցախ» նվագախմբի խորհրդի նախագահ Հասմիկ Պապյանը՝ ընդգծելով անկրկնելի երեկոյից ունեցած մեծ տպավորությունը։
«Արցախ» նվագախումբն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին՝ Արցախում՝ ՀԲԸՄ հովանավորմամբ։ Անցնելով երկար ու ձիգ ճանապարհ՝ նաև զրկանքների միջով: Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո նվագախումբն այժմ նոր էջ է սկսել Երևանում՝ թարմացված ու ընդլայնված կազմով՝ Նարեկ Հախնազարյանի գեղարվեստական ղեկավարությամբ։
Շնորհակալություն ՀԸԲՄ-ին՝ երազանքների ճանապարհին մեզ սատարելու համար։
Շնորհակալություն բոլոր ներկաներին, այդ հրաշալի երեկոն մեզ հետ կիսելու համար։
Հատված Կրեյսլերի «Սիրո տրտմություն» ստեղծագործությունից.
«Արցախ» նվագախումբ