«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-փետրվար ամիսներին։
Այսպես՝
- ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում ՀՀ-ում աճում էր վերաարտահանումը՝ նպաստելով ՏԱՑ-ի աճին։ Արդյունքում փետրվարին ՏԱՑ-ը կազմել է ընդամենը 1.5 %, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում տարեկան տնտեսական աճը բավական ցածր կլինի։
- Արտաքին առևտրի ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը կազմել է 59.7 %, իսկ ներմուծմանը՝ 45.8 %։ Դրանք բավական խոշոր ցուցանիշներ են և, բնականաբար, բացասական ազդեցություն կունենան մյուս մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Ընդ որում, արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ։ Եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -5.5 %, ինչը ցույց է տալիս, որ խնդիրները ավելի խոր են՝ մի շարք ուղղություններով արտահանումը նվազում է, իսկ մյուսներով աճի տեմպը բավարար չէ։
- Կապիտալ ծախսերի մասով խնդիրները շարունակում են մտահոգիչ լինել։ 2025թ. փետրվարին կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) ծավալը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 36.7 %-ով, ինչը, բնականաբար, մտահոգիչ զարգացում է։ Այն ցույց է տալիս, որ հունվարի կապիտալ ծախսերի կտրուկ աճը պայմանավորված չէր տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի աճով (քանի որ դրանք այդչափ տատանողական չեն): Կապիտալ ծախսերի նման տատանողականությունը բացահայտում է դրանցում պաշտպանությանն ուղղված ծախսերի գերակշիռ լինելու հանգամանքը, ինչը նշանակում է, որ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերը շարունակում են մնալ ցածր մակարդակում։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ