Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանի տնեցիները սառնասրտորեն ընդունեցին ձերբակալման լուրը․ աջակցման եկան նաև Վարդան Ղուկասյանի թիմակիցները

Մարտ 27,2025 18:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, 6-րդ վարչության աշխատակիցների կողմից դեռ չէին ավարտվել «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում, ինչպես նաև անդամների տներում խուզարկությունները, երբ ուժայինների մի մեծ խումբ սկսեցին գործողություններ ընդդիմադիր մեկ այլ թեկնածուի՝ «Մեր քաղաքը» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շտաբներում ու տանը։

Պատգամավորի թիմակիցներն ու հարազատները բավական սառնասրտորեն ընդունեցին այս ամենը․ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել էր ձերբակալել Մարտուն Գրիգորյանի հորը՝ Կամո Գրիգորյանին և որդուն՝ Կարեն Գրիգորյանին, որն ավագանու թեկնածու է։ Մարտուն Գրիգորյանի հայրը ոստիկանների այցելության պահին տանը չէր, նրան զանգահարել ու տեղեկացրել էին, որ գա տուն, քանի որ ձերբակալման որոշում կա։

Եվ մինչ Կամո Գրիգորյանը հասնում էր տուն, պատգամավորին աջակցելու եկան մյուս ընդդիմադիր թեկնածուները։

Այնտեղ էր «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը, որը նշեց՝ սա զարմանալի ոչինչ չկա,, քանի որ 7 տարի է՝ նույն մթնոլորտում ենք ապրում։

Եկան նաև Վարդան Ղուկասյանի թիմակիցները։

Եվ մինչ պատգամավորի հորն ու որդուն տեղափոխում էին Երևան, Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ երեկ մեծ հանրահավաքից հետո թիմակիցներին զգուշացրել է․ «Պատրաստ եղե՛ք, սկսվելու են ձերբակալությունները, կպնելու են գործի»։

Նա ասում է՝ բազում անգամ անցել է ընտրական գործընթացներով և լավ գիտի, թե որ պահին են սկսվելու ճնշումները։

«Առաջին անգամը չէ, մենք լավ գիտենք, թե որ դոզայի տակ, մեր տված որ ճնշման տակ ինչ կարող է լինել, մեզ համար շատ նորմալ է», -ժպտալով ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա ասաց, որ թեև ահաբեկում են, վախեցնում են թիմակիցներին, ավագանու անդամների տներն են խուզարկում, սակայն իրենք չեն կաշկանդվում, չեն ահաբեկվում, ուղղակի ցավում են, որ այսօրվա իրենց մեծ հանդիպումը քարոզարշավի շրջանակում խոչընդոտվեց։

«Թե ինչու են նման ձևով վարվում, թե՛ մենք, թե՛ մյուս գյումրեցիները պիտի հասկանան, որ հաղթող թեկնածուի դեմ այս ամենը պտի արվեր։

Երեկ ես որոշակի իշխանական սխեմա եմ բացահայտել, արտահայտվել եմ, թե ինչի էին միտված տեսահոլովակները, ոնց էին ուզում ընդդիմադիրներին վնասել։ Իշխանության ծրագրերը խառնել եմ ՝ բարձրաձայնելով։

Ուղղակի հետաքրքիր է, թե էս մի քաղաքի ընտրությունների համար էսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր թեկնածուին նկատմամբ էս կարգի ճնշումներ փորձել անել, իրենց լավ տեղ չի տանելու։

Գյումրեցիներն այս ամենը լավ զգում ու հասկանում են, որ ևս մեկ հարձակում է Մարտուն Գրիգորյանի վրա, իսկ դա պատահական չէ, հաղթող թեկնածուին փորձելու են ճնշել, բայց ես հեշտ ճնշվողներից չեմ։ Ավելի լավ, թող տանեն՝ հորս էլ, տղայիս էլ, ձերբակալեն, իրենք այնտեղ ապահով տեղում լինեն, որովհետև ընտրությունների բուն օրը ես ավելի վատ բաների եմ սպասում։ Ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ»,-հայտարարեց պատգամավորը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31