«Քվեարկությունը բաց եւ թափանցիկ էր, բոլորը գնացել ու կողմ էին քվեարկել Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Եվ այստեղ գիտե՞ք տարակուսելին ինչն էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները դահլիճում անհասկանալի հարցեր էին տալիս դատախազին, ասում էին՝ դուք չհամոզեցիք, փաստարկներ կան, որոնց չենք հավատում, այսինքն՝ դատախազի միջնորդությունը քննարկեցին, հետո գնացին փակվեցին այն սենյակում ու երեւի sms hրահանգը ստացան ու բոլորը մի մարդու նման կողմ քվեարկեցին եւ իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկեցին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ այս պատմության մեջ երկրորդ ուշագրավ դրվագն այն էր, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը կողմ են քվեարկել Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ «Նույն 67 քվեն ստացել է Տարոն Մարգարյանը, բայց Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն, ըստ ամենայնի, հենց իրենք են եղել, որ Հովիկ Աղազարյանի միջնորդությանը դեմ են քվեարկել, եւ նա ստացել է 65 կողմ ձայն։ Եվ ստացվում է, որ Հովիկ Աղազարյանը, որն անարդարության զոհ է, որն ԱԺ ամբիոնից ասում էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում, գնաց եւ կողմ քվեարկեց դատախազի միջնորդությանը։ Սա ոչ այլ ինչ է, քան անհասկանալի երկակի ստանդարտի կիրառում։ Ես չէի սպասում, որ արդարության մասին խոսող մարդը դատախազի այդ փուչ մեղադրանքին կարող էր կողմ քվեարկել։ Այսինքն՝ ինչի՞ն էիք կողմ»,- նշեց Թովմասյանը։
Նա ասաց, որ Տարոն Մարգարյանը մեղադրվում է այն բանի համար, որ ուսումնական հաստատությանը կից տարածքներ է օտարել ոչ ուսումնական նպատակով։ «Ձեզ քանի՞ կառավարության որոշում եք ուզում, որ բերեմ, երբ կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանի ստորագրմամբ նմանաբովանդակ որոշումներ են կայացվել, բա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի պատժվում, բա էս երկակի ստանդարտներով ո՞ւր ենք գնում»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Նա հավելեց․ «Շատ տխուր եմ այն առիթով, որ Աղազարյանին որեւէ մեկը սրտիկ չնկարեց իր քվեաթերթիկի վրա։ Ի վերջո, Հովիկ Աղազարյանի հետ թիմակիցներ են եղել, գոնե մի հոգի թաքուն փոքրիկ վերաբերմունք դներ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ