ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին և հայրը՝ Կամո և Կարեն Գրիգորյաններն պահին գտնվում են Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նա հավելեց․ «Միակ դեպքը, երբ ԱԺ պատգամավորը չի կարող այցելել, այսպես կոչված քննչական գործողությունն է։ Քննչական գործողությունն արդեն իսկ մեկնարկել է։ Փաստաբանները մեր ընկերների հետ են։ Հարցաքննությանը պիտի հաջորդի անձնական խուզարկությունը, և դրանից հետո ընթացքը կամ դատարան, կամ այստեղից ազատ արձակվելը, ինչի վրա խիստ կասկածում եմ»։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը և Մարտուն Գրիգորյանի այն հայտարարություններին, որ իրենց թաղը խճապատել են մարտի սկզբներին, որը ոչ մի կապ չի կարող ունենալ ընտրական գործընթացների հետ, պատգամավորն ասաց․ «Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան փնթի է կարված այդ գործընթացը։ Իրենց գործ կարելն է հետաքրքրում և խանգարելը հայրենասերներին, մարդկանց, որոնք Գյումրիում հարգանք ու պատիվ են վայելում, ստանալ քվե։ Հիշեցնեմ, որ Կարեն Գրիգորյանը նաև ավագանու թեկնածու է։
ՔՊ-ի թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը, նույն գործողությունն իրականացրել է, պարզապես ինքը դա իրականացրել է համայնքի բյուջեի հաշվին, իրեն ոնց որ թե Հակակոռուպցիոն չեն բերել։ Նույն գործողության համար Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն բերել են Հակակոռուպցիոն, որոնք իրենց հաշվին իրականացրել են այս կամ այն գործողությունը։
Կարդացեք նաև
Այս ամենը խոսում է նրա մասին, որ ՔՊ-ն արդեն ոչ միայն պարտվել է Գյումրիում, այլև հասկացել է, որ պարտվել է։ Ինձ շատ հետաքրքիր է՝ Սարիկ Մինասյանը կկարողանա՞ համոզել Նիկոլ Փաշինյանին, որ հանկարծ Գյումրիի կողմերը չերևա մինչև ընտրությունները, քանի որ իմ տեղեկություններով՝ նա ամեն ինչ անում է, որ այլևս Նիկոլ Փաշինյանը Գյումրիում չերևա, քանի որ նախորդ երևալու արդյունքում, բացի կորստից ու վնասից, ոչ մի արդյունք չի ունեցել։
Հեռահար ճանաչելով Փաշինյանի գործելաոճը՝ կարող եմ ասել, որ Սարիկ Մինասյանը չի հաջողեցնելու դա իրականացնել, և հաստատ Փաշինյանը կգնա ու վերջին մեխը կխփի ՔՊ-ի հույսերի դագաղի մեջ Գյումրիում։ Իրենք դագաղներին լավ ծանոթ են․ 2018-ին դրանով են եկել իշխանության»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ