Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի ասած ամեն տառ»․ Հայկ Կոնջորյան

Մարտ 27,2025 17:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա ընտրակաշառքի դեմ է, եթե ընդդիմադիրները մտածում են կամ մեկնաբանում են, որ ընտրակաշառքն արգելելը ճնշում է իրենց դեմ, ապա իրենք իրենց նույնացնում են ընտրակաշառքի հետ։ Հետեւաբար, քաղաքական գնահատականն այն է, որ սա ճնշում է ընտրակաշառքի դեմ, եթե իրենք համարում են, որ դա ճնշում է նաեւ իրենց դեմ, դա իրենց խնդիրն է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող զարգացումներին։ 

Կոնջորյանն ասաց, որ ընտրությունների թափանցիկության, մրցակցայնության, արդարության տեսանկյունից որեւէ ճնշման մասին խոսք չկա։ «Դուք տեսնում եք, որ Գյումրիի ընտրությունների ժամանակ ով ինչ հասնի՝ խոսում է, ով իր լափառոշ բերանը մինչեւ որտեղ ասես բացում է, անցնում է սահմանները քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Ճնշումների միջավայրն այդպես չի լինում»,- հավելեց նա։

Հարցին, թե իր բառապաշարը քաղաքակի՞րթ է, երբ «լափառոշ բերան» արտահայտությունն է անում, Կոնջորյանը պատասխանեց․ «Դա 10 անգամ ավելի ցածր նշաձողով արտահայտչամիջոց է ի համեմատություն հենց այդ մարդկանց։ Եթե դուք լսել եք, մարդիկ նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ են անում։ Այսինքն՝ «լափառոշ բերանը» չի համարվում ոչ նորմատիվային եզրույթ, բայց դա ուղղված է հատկապես այն մարդկանց, ովքեր օգտագործում են ոչ նորմատիվային բառապաշար»։

Հարցին, թե նախկին երեք նախագահների հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւս քաղաքակիրթ բառապաշարի շրջանակներո՞ւմ են, Կոնջորյանը պատասխանեց․ «Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի ամեն ասած տառ, որ երեկ ասել է։ Դուք ուղղակի պետք է ուշադրություն դարձնեք երեք նախագահների գրասենյակների, քաղաքական համախոհների, զավակների, բաջանաղների բառապաշարներին՝ ուղղված առ վարչապետ եւ մեր քաղաքական թիմին, հետո որ դիտարկեք վարչապետի ասածը՝ որպես արձագանք այդ ամենին։ Ինչ վարչապետն ասել է, ճիշտ է ասել, եթե իրենք այդքան քաղաքական խիզախություն ունեն, թող գնան բանավեճին մասնակցեն»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31