Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալի է, որ մեր ուսանողությունն այդ նախաձեռնությունը չի ցուցաբերում». կառավարությունը պատրաստ է աջակցել այն ուսանողներին ու դասախոսներին, ովքեր դիտարկում են հեծանիվը որպես տրանսպորտային միջոց  օգտագործելը

Մարտ 27,2025 16:39

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին պետբյուջեից կհատկացվի՝ 2,151,363.7 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման  նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է համաֆինանսավորել 17 համայնքի 23 ծրագիր:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի, դրանց ծավալի և ընթացքի վերաբերյալ: Այսպիսով՝ գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին բնակավայրում ջրահեռացման համակարգի կառուցում (կառուցվել է 4.9 կմ ջրահեռացման խողովակ, կատարվել է շինաշխատանքների 70%-ը), Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կառուցվում է   l473,4 քմ  մակերեսով  մեկհարկանի 4 մասնաշենքերից բաղկացած մանկապարտեզի շենք, սաների թիվը՝ 150, շինաշխատանքների՝ 45%), Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում (կառուցվում է կեղտաջրերի կենսաբանական մաքրման  կայան, ընթացքի մեջ են 1-ին փուլի աշխատանքները` 45%), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական  փողոցի մի հատվածի հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, հիմնանորոգվել է 0,96 կմ երկարությամբ և 8237 քմ մակերեսով ճանապարհ),Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրի թիվ 16 փողոցի և  Աբովյան թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 0.5 կմ երկարությամբ և 5361 քմ մակերեսով ճանապարհ), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Ս. Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Չարենցի փողոցի, Շահումյան-Աբովյան հատվածի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցում (ավարտված, կատարվել է հին ջրագծերի փոխարինում նորով ՝ 2.4 կմ երկարությամբ, շահառուների թիվը՝ 315 տնային տնտեսություն), Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան բնակավայրի  փողոցների գործող  լուսավորության ցանցի ընդլայնում և նոր լուսավորության ցանցի կառուցում (կառուցվել է 8 կմ լուսավորության համակարգ, տեղադրվել է 261 հենասյուն և 290 լեդ լուսատու, կատարված է շինաշխատանքների 95%-ը), Մարտունի համայնքի Լիճք  բնակավայրում խմելու նոր  ջրագծի և ջրահավաք ավազանի կառուցում (կառուցվել է 3.1 կմ ջրագիծ և 500 խմ տարողությամբ  ՕԿՋ, կատարված շինաշխատանքները՝ 90%), Մարտունի համայնքի Ն. Գետաշեն, Ծովասար բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցում (կառուցվել է 14,5 կմ երկարությամբ ոռոգման ջրատար, շահառուների թիվը՝ 1300 տնտեսություն և 200 գծմ խորությամբ և 500մմ տրամագծով 2 խորքային հոր, շահառուների թիվը՝ 930 տնտեսություն, կատարված շինաշխատանքներ՝ 90%), Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Պռոշյան 4, Չարենցի 2, Երևանյան 46,  Մյասնիկյան 53 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում  (վերանորոգվել են  4 բազմաբնակարան շենքերի 2104 քմ մակերեսով տանիքները, շահառուների թիվը՝ 416 բնակիչ, կատարված շինարարական աշխատանքներ՝ 95%), Մարտունի համայնքի 17 բնակավայրերի համար կանգառների ձեռքբերում, համայնքի բնակավայրերի վարչական շենքերի և մշակույթի պալատների համար գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում  (ձեռք է բերվել պահանջվող գույքի  95%-ը), Գավառ համայնքի Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7 մանկապարտեզների և Գավառի մշակույթի տան համար գույքի ձեռքբերում (գույքն ամբողջությամբ ձեռք է բերվել), Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ  8 և Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերում հենապատի կառուցում  (ավարտված, կառուցվել է շուրջ 115 մ հենապատ), Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի Կենտրոն թաղամասի  թիվ 15 մանկապարտեզի շենքի տանիքի  հիմնանորոգման, նոր դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ (իրականացվում են մանկապարտեզի շենքի 1670 քմ մակերեսով տանիքի հիմնանորոգման և դռների ու պատուհանների փոխարինման աշխատանքները, սաների թիվը՝  280, կատարված շինաշխատանքները՝ 75%), Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գյումրի-Կուրսկ հայ-ռուսական բարեկամության այգու բարեկարգման աշխատանքներ (ավարտված, բարեկարգվել է  այգու 9970 քմ մակերեսով տարածքը), Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբատ 1 թաղամասի 23, 28, 29, 33, Լմբատ 2 թաղամասի 4, 15, 17,11, 16, 25 և Շինարարների 7 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում  (ավարտված, հիմնանորոգվել են 11 բազմաբնակարան շենքերի 3158քմ մակերեսով տանիքները, շահառուների թիվը՝ 375 բնակիչ), Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում  աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենայի և 300 հատ նոր անվավոր աղբամանների ձեռքբերում  (ավարտված, տեխնիկան և գույքն  ամբողջությամբ ձեռք է բերվել), Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի  կարիքների համար ավտոգրեյդերի և մինի ամբարձչի ձեռքբերում  (ավարտված, տեխնիկան ձեռք է բերվել), Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան բնակավայրի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 7,4 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 249 հատ երկկողմանի լուսատուներով մետաղական հենասյուն),  Տավուշի մարզի       Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Երևանյան փողոցի 3-րդ նրբ․ ճանապարհի հիմնանորոգում և սալիկապատում տուֆ քարով  (սալարկվել է 0.38 կմ երկարությամբ և 1330 քմ մակերեսով ճանապարհ, կատարված շինաշխատանքները՝ 90%), Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում     (բարեկարգվել է  մանկապարտեզի բակի 1600 քմ մակերեսով տարածքը, սաների թիվը՝ 60, կատարված շինարարական աշխատանքները՝ 90%), Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի փողոցների տուֆապատում (սալարկվել է 0,55 կմ երկարությամբ   ճանապարհ։ Կատարված շինարարական աշխատանքները՝ 60%), Բերդ համայնքի Բերդ բնակավայրի թիվ 2 և թիվ 3, Վ․Ծաղկավան, Նավուր, Չինարի բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում (հիմնանորոգվել են 5 մանկապարտեզների շենքեր, սաների ընդհանուր թիվը՝ 383, կատարված շինարարական աշխատանքները՝ 90%):

Նռնաձոր տանող ճանապարհի կառուցումը «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է. վարչապետ

ՀՀ ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վիճակի բարելավման նպատակով՝ ընդունվել է որոշում: Կառավարության  միջոցներից վերաբաշխում  է կատարվել 15,796,496.9 հազար դրամի չափով, որը կուղղվի մի շարք  ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%) և ընդունված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների (30%) վճարմանը: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 87.4 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 0.57 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 33.11 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 53.7 կմ, իսկ տրանսպորտային օբյեկտներից՝ հիմնանորոգվող կամուրջների քանակը 2 հատ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունված այս որոշմանը և թվարկել այդ ճանապարհները: Այսպիսով, գումար կհատկացվի հետևյալ ճանապարհների շինաշխատանքների համար՝ Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի և այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կմ ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում, Սևան քաղաքից Գեղամավան և Ծաղկունք գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 17.2 կմ հատվածի հիմնանորոգում,  Իջևան համայնքի Իծաքար բնակավայրից դեպի Բերդ համայնքի Գանձաքար բնակավայր տանող ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգում, Մրգաշատից դեպի գ. Արմավիր տանող ավտոճանապարհի 4 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգում, Լուսագյուղ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2.1 կմ հատվածի հիմնանորոգում, Ջրառատ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2 կմ հատվածի հիմնանորոգում, Բագրևանդ բնակավայրից դեպի Ձորաղբյուր տանող ավտոճանապարհի 5.2 կմ հատվածի հիմնանորոգում,  Հրազդան քաղաքի տարածքով դեպի  Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում, Գորիսից դեպի Վերիշեն և Խոզնավար տանող ավտոճանապարհի 18.3 կմ հատվածի հիմնանորոգում, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցում (քարաթափման կանխարգելիչ միջոցառումներ),  Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 10.1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 կմ հատվածի հիմնանորոգում:

Գումար կհատկացվի նաև Ականալճից դեպի Զարթոնք տանող 3.6 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա գտվող 2 հատ փոքր կամուրջների հիմնանորոգման համար:

Միջոցներ կուղղվեն նաև ավարտված հետևյալ աշխատանքների 5 տոկոսի վճարման համար՝ Բջնի բնակավայրից դեպի Հրազդան համայնք տանող ավտոճանապարհի 10.8 կմ հատվածի հիմնանորոգում, Արթիկ համայնքի միջով անցնող ավտոճանապարհի 4.9 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Խորենացի փողոցի 0.8 կմ հատվածի հիմնանորոգում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության հետևյալ ծառայությունների համար՝ Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում, Դիլիջանից մինչև Հաղարծին և Գոշ բնակավայրեր տանող ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, Նոր Գեղի բնակավայրի հատվածում դեպի Աբովյան, Արգել և Եղվարդ տանող ավտոճանապարհների հատման խաչմերուկում լուսանցույցի տեղադրման և ճանապարհային նշաններով կահավորում, Առինջ մոլի մոտի խաչմերուկում լուսանցույցի տեղադրման և ճանապարհային նշաններով կահավորում, Գուսանագյուղ բնակավայրի միջով անցնող Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, Ձորավանք – Մարտունի ճանապարհահատվածի առանձին տեղամասերում քարաթափման աշխատանքների իրականացում, Ուջան գյուղի միջով անցնող և Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ հատվող ավտոճանապարհի 3.05 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Ներքին Չարբախից մինչև Դարակերտ բնակավայր ավտոճանապարհի 2.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մրգավետ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 1.2 կմ հատվածի հիմնանորոգում, Դիտակ և Արևշատ բնակավայրերի միջով անցնող ավտոճանապարհի 2.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Բարձրաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 1.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Վերին Արտաշատ- Այգեզարդ ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գոմք-Կապույտ ավտոճանապարհի 7.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Վաղատին գյուղ տանող ավտոճանապարհի 1.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով 2-րդ կամրջի կառուցում, Ճամբարակ համայնքի Այգուտ և Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման և ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում, Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Նիկոլ Փաշինյանն առկա ճանապարհների վերանորոգմանը զուգահեռ՝ կարևորել է նաև նոր ճանապարհների ու կամուրջների կառուցումը։ Վարչապետն  ընդգծել է, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել  որակական ցուցանիշը և հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնել գեղագիտական բաղադրիչին՝  տվյալ տարածքի, մարզի ճարտարապետական ավանդույթներն արտահայտող լուծումներ տալու  տրամաբանությամբ։

Անդրադառնալով Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10,1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում են ավարտել ընթացիկ տարում, վարչապետը նշել է. «Այս նախագիծն ունի նրբություն. հիմա Նռնաձոր տանող ճանապարհի մի հատվածը համընկնում է նախկինում երկաթուղու գծերի, պաստառի հատվածի հետ: Եվ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է: Այսինքն, ըստ էության, սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է: Մեզ շատ քննադատում են, ասում են՝ մենք անընդհատ պատրաստակամություն ենք հայտնում, բայց սա գործնական քայլերից մեկն է: Մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, միայն այդ հատվածով կարող է անցնել: Հետևաբար, այդ հատվածն ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»:

Հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը

Կառավարությունը հաստատել է  Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»,- հարցը ներկայացնելիս ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը  նշել է, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես` աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն, ոլոռ լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույտ, կորնգան, ճակնդեղ, մշակության մեկ հա-ի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ, գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար, հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ, կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ, կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։ Համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թ. կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա, կերային մշակաբույսերի 2250 հա,   հատիկաընդեղենի 500 հա փոխհատուցումը։ 2026 թվականի համար ևս 1.4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36000 հա-ով։ Աշնանացան ցորենի ցանքատարածությունները պլանավորում ենք, որ կավելանան 17 հազար հա-ով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերից ցանքատարածությունները մոտ 17 հազարով կավելանան, որից եգիպտացորենը՝ 1200 հա, հատիկաընդեղենը՝ 500 հա, կերային մշակաբույսերի դեպքում՝ 2250 հա, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 հազար տոննայով: Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք. վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում: Եվ սա շատ կարևոր է այն առումով, որ, մի կողմից, կարող է գնաճային զսպումներ առաջացնել, մյուս կողմից՝ եթե դա տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով ծրագրի արդյունավետությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղացիների հետ ունեցած իր շփումների արդյունքում հասկացել է, որ այն  օգտակար է միջին և խոշոր գյուղատնտեսներին աջակցելու համար։ «Անկեղծ ասեմ՝ սա լավ ծրագիր չեմ համարում։ Ես գյուղացիների հետ գնացել, խոսել եմ և կարող եմ ասել, որ այս ծրագիրն իմ տեսած գյուղացիների հետ ոչ մի կապ չունի։ Մեր այս ծրագրերը պետք է իմաստ ունենան այն ժամանակ, երբ մենք 1, 2, 3 տարի աջակցենք և 4-րդ տարում այդ մարդն ասի՝ շնորհակալ եմ, ձեր աջակցության կարիքն այլևս չունեմ»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ սա զարգացման ծրագիր չէ, իսկ զարգացման ծրագրերն էլ չեն աշխատում կամ աշխատում են հատվածական, ինչը լրջագույն խնդիր է։

Դրա պատճառներից մեկը, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև այն է, որ գյուղատնտեսությանը վերաբերող շատ որոշումներ, վերլուծություններ աշխատասենյակներում են կայացվում. «Պետք է ծրագիրը վերցնենք գնանք գյուղ, մոդելավորենք և տեսնենք, թե  գյուղի բնակչի հետ ի՞նչ առնչություն ունի այս ծրագիրը, այդ ընտանիքը հնարավորություն ունի՞ դրանից օգտվելու: Դրանից հետո կտեսնենք, որ այդ ընտանիքների 75-80 տոկոսը ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունի այդ ծրագրերից օգտվելու»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝  գյուղատնտեսությունը բիզնես մոդե՞լ է, թե՞ սոցիալական խնդիր, պետք է իրարից տարանջատել. «Այստեղ ամենամեծ պրոբլեմն կայանում է նրանում, որ այդ գյուղացին ունի 1 հա հող, որը ոչ մի բան չի անում, շրջանառությունից հանել է: Այդ մարդիկ ինստիտուցիոնալ  գյուղատնտեսությամբ այսօրվա իրականության մեջ չեն այլևս կարող զբաղվել: Մենք պետք է այդ հողերի կոնսոլիդացիայի խնդրով ավելի ինտեսիվ զբաղվենք: Իմ կարծիքով՝ այդ ուղղությամբ պետք է գնանք, որովհետև 1 հա գյուղատնտեսական բիզնես չի լինելու»:

Կստեղծվի աջակցության մեխանիզմ՝ մատչելի տարբերակով հեծանիվ ձեռք բերելու և  առօրյայում գործածելու համար

  Կառավարությունը  հաստատել է Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Որոշման ընդունումը կնպաստի հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելուն, ինչը դրական ազդեցություն կունենա թե հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացման, թե հանրային երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման վրա: Նախատեսված միջոցառումն ազդեցություն կթողնի նաև տնտեսական զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման հնարավորությունների ստեղծումը։ Ծրագրի շրջանակում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թ.՝ 500, 2026 թ.՝ 1000 և 2027 թ.՝ 1500 նոր շահառուների: Ըստ հիմնավորման՝ 2021-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին, նաև մրցաշարերը կազմակերպելով տարբեր մարզային բնակավայրերում՝ նպաստել նաև այդ բնակավայրերի տնտեսական աշխուժացմանը։ 2024 թ. «ՀՀ վարչապետի գավաթ» 5 խոշոր մարզական մրցաշարերին արդեն իսկ մասնակցել է շուրջ 9603 մարդ, որ 48%-ով ավելի է, քան նախորդ տարի: Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին, կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ: Որոշման նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, իբրև նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով և այն գործածել առօրյայում։ Այսպիսով, յուրաքանչյուր շահառուի համար սեփական նպատակների և նախասիրությունների շրջանակում ստեղծվող հնարավորությունը նաև հանրային վարքականոնի ձևավորման լավ հիմք կդառնա՝ խթանելով թե՛ սիրողական հեծանվավազքը, թե՛ դարձնելով հեծանիվը ավելի ակտիվ օգտագործվող փոխադրամիջոց։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, 16 տոկոս է տարեկան դրույքաչափը, որը սուբսիդավորվելու է, այսինքն՝ տոկոսը զրոյացվելու է: «Ֆինանսական օժանդակություն կտրամադրվի այն շահառուներին, որոնք կարող են լինել բուհերի կամ ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցներ կամ սովորողներ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: Նախատեսում ենք, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300 հազար դրամ, որը մեր վերլուծությունների համաձայն, միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար մինչև 36 ամիս ժամկետով»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով Կառավարությունը պատրաստ է աջակցել այն ուսանողներին ու դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվը որպես տրանսպորտային միջոց  օգտագործելը՝ այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով: Ըստ վարչապետի՝ ծրագրի իրականացումը նախ՝  երկարաժամկետ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել, երկրորդը՝ կխթանի առողջ ապրելակերպը, ինչը շատ կարևոր է: «Զարմանալի է, որ մեր ուսանողությունն այդ նախաձեռնությունը չի ցուցաբերում, բայց հույս ունենք, որ գոնե Կառավարության ցուցաբերած նախաձեռնությունից կօգտվի», –ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականցումը և ընդգծել, որ դա կարող է իրական պահանջարկ ձևավորել առանձին հեծանվային ուղիներ ստեղծելու հարցում:

Կառավարության որոշմամբ «ՍՈԽՈՍԵՆԹՐ» -ի շենքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Կառավարությունը որոշել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. ապրիլի 29-ի համապատասխան վճռով հաստատված 15.04.2024թ․ հաշտության համաձայնության հիմքով ՀՀ սեփականություն գրանցված  Երևանի Կենտրոն Ե. Կողբացու փողոց 36/3 շենք, 45 տարածք  հասցեում գտնվող 622 225 520.0 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 235.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության գրությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. ապրիլի 29-ի համապատասխան վճռի հիմքով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. ապրիլի 29-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի դատախազության և «ՍՈԽՈՍԵՆԹՐ» ՍՊ ընկերության միջև 2024 թ. ապրիլի 15-ին կնքված հաշտության համաձայնությունը:

Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ

Գործադիրը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ և բարեխիղճ մրցակցության ու ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: Մասնավորապես՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հանձնաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության կենտրոնական և կոնտակտային հիմնական մարմին,  սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսևորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման և վարույթների քննության առանձնահատկությունները, գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարման կետանցի դեպքում բազային տոկոսներ վճարելու պարտականություն, սահմանվել է պատասխանատվություն սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը: Նախատեսվել է սպառողների դեմ տնտեսավարող սուբյեկտների անարդար առևտրային գործելակերպի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ՝ 2005/29/EC հրահանգով սահմանված կարգավորումներին համապատասխան, ներառյալ՝ անարդար առևտրային գործելակերպից սպառողների պաշտպանության մեխանիզմներ։ Մասնավորապես՝ նախատեսվել է տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ անարդար առևտրային գործելակերպ դրսևորելու արգելքի սկզբունքը, սահմանվել են անարդար առևտրային գործելակերպ համարվող վարքագծի հատկանիշները, սահմանվել են տնտեսավարող սուբյեկտների այն վարքագիծը, գործողություններն ու անգործությունը, որոնք բոլոր դեպքերում համարվում են անարդար։

 Կսահմանվի ավելի խիստ պատիժ տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար

Հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Այն անմիջականորեն կապված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, այնպես էլ՝ այն հանգամանքի հետ, որ նման գողություններ կատարելն ավելի դյուրին է, իսկ պատասխանատվությունը համապատասխանում է ոչ մեծ ծանրության հանցատեսակի համար սահմանված պատժատեսակներին։ Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցների  բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար անձը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, որի պարագայում դատարանները, հաճախ հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրության լինելու հանգամանքը, կալանավորումը որպես խափանման միջոց հազվադեպ են կիրառում, իսկ պատիժներն էլ սահմանվում են ըստ այդմ։ Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում է դրսևորել հակաիրավական վարքագիծ, շարունակում է տրանսպորտային միջոցներից կատարել գողություններ։ Այդ  հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար, առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել լրացում։ Նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը (տրանսպորտային միջոցի դրսի կողմից կատարված) դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն, և օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով  կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայումս լայն տարածում ստացած հանցատեսակի աճը։

Կսահմանվի վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևորափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար: Ըստ հիմնավորման՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները և պայմանները: Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է, որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Բացի այդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման և գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում: Միաժամանակ հաշվի առնելով, որ Երևան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաև քաղաքացիներին վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ իրենց հայեցողությամբ, արդյունքում՝ փոխադրվել առավել հարմարավետ և արագ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար գործուն մեխանիզմներ: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, որը սահմանված կարգով կներկայացվի  Ազգային ժողով:

Հավանության է արժանացել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը նպատակաուղղված է ապահովելու ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև կանխարգելելու վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագծի կատարումը կրկնելու դեպքերը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ՀՀ-ում արտադրության ու շրջանառության բացառմանը: Ըստ հիմնավորման՝ ծխախոտային արտադրանքի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում հանդիպել են այնպիսի իրավիճակներ, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձը կրկին կատարում է միևնույն վարչական իրավախախտումը։ Գործող իրավակարգավորումներով տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրության և ներմուծման համար նախատեսված տուգանքի չափը փոքր է, հետևաբար իրավախախտում թույլ տված անձը ուղղակի վճարում է տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանքը՝ միևնույն ժամանակ չդադարեցնելով իր ոչ իրավաչափ վարքագիծը։

Կապահովվի դեղի գովազդի միջոցով տրամադրվող տեղեկատվության հավաստիության երաշխավորումը

Գործադիրը սահմանել է Դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ու այդ գովազդին ներկայացվող պահանջները և դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը: Առաջարկվող ընթացակարգի համաձայն, դեղի գովազդային նյութը նախապես ենթարկվում է փորձաքննության և համապատասխան եզրակացությունը ներկայացվում գովազդի թույլտվություն ստանալու նպատակով: Փորձաքննության ժամանակ  գնահատվում է գովազդային նյութի համապատասխանությունը «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Նոր կարգավորումների համաձայն՝ դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրելու, իսկ դեղերի դեպքում նաև թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող փորձաքննության համար գանձվում է  պետական տուրք, ուստի որոշմամբ սահմանվել են համապատասխան դրույթներ: Հաշվի առնելով ընթացիկ թվայնացման գործընթացները՝ առաջարկվում է նաև անցում կատարել դիմումատուների հետ ամբողջովին էլեկտրոնային հաղորդակցմանը:

Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

Կառավարությունը որոշել է Երևանի հ. 8 և  հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի արհեստի պետական քոլեջ: Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է շուրջ 349 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Համար 9 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է շուրջ 248 ուսանող՝  10 մասնագիտություններով: Երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Երևանի հ. 8 ուսումնարանի մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման  աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է  2025 թ.: Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար: Որոշման ընդունման արդյունքում՝ կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:

Այլ որոշումներ. խրախուսվում է դեղորայքի արտադրության ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ՝ «Մեդիկալ հորիզոն» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղորայքի արտադրության համար՝ իրականացնելով 187 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 83 աշխատատեղ 302 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 104-ի՝ 560 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 187 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14 մլն դրամ։

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և պատասխանատու անձ համարվելու ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների և փաստաթղթերի ձևերը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31