«Իրենք ուղղակի չեն հասկանում, որ նման իրադարձությունները կաթիլ-կաթիլ ավելացնում եւ անհրաժեշտ աստիճանի են հասցնում մեր համաքաղաքացիների ջղայնության աստիճանը։ Բոլոր ՔՊ-ականներ, ուշադիր նորից միացնում եք Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցողը ու նայում եք։ Այ էդ ձեր հետ է տեղի ունենալու, հերթով, ամեն մեկիդ հետ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի գնալը վերջում բերում է այս էս արդյունքին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Արցախյան շարժման էջը փակելու մասին Փաշինյանի հայտարարություններին անդրադառնալով՝ Մամիջանյանն ասաց․ «Ինքը վաղուց արդեն խոսում է բացառապես Թուրքիայի ու Ադրբեջանի համար, որովհետեւ այստեղ իրեն լսող չկա։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, Նիկոլ Փաշինյանի դերակատարումը հայ ժողովրդի եւ ՀՀ պատմության մեջ չափից փոքր է եւ չափից շատ ամոթալի, որպեսզի ինքը հանդգնի Ղարաբաղյան շարժման մասին կարծիքներ հայտնել»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահների մասին երեկվա հայտարարությանը՝ Մամիջանյանն ասաց․ «Դա հայտարարություն չէ, դա հիստերիա է, խնդրում եմ, տարբերակել քաղաքական հայտարարությունը հիստերիայից, դրանք երկու տարբեր հասկացություններ են»։
Մամիջանյանը հավելեց․ «Նորից նույն բանն եմ ասելու՝ թեպետ քաղաքական դիակները խոսելու, գործելու հնարավորություն չունեն, իրեն մնացել է անելու մի բան՝ հրապարակել բանակցային փաթեթները, ներառյալ 2019 թվականի բանակցային փաթեթը, որից ինքը հրաժարվել է։ Եթե ռիսկը հերիքի հրապարակի, այդ ժամանակ արդեն բանավեճի կարիք էլ չի լինի, արդեն թղթով ապացուցված կլինի՝ ով է դավաճանը, ով է հայրենավաճառը։ Ինչ վերաբերում է երեկ իր խոսացածին, ես եւս մեկ անգամ երեկ համոզվեցի, որ Մելիք Ֆրանգյուլի ճակատագիրը Փաշինյանին հանգիստ չի տալիս, ինքն ուզում է ամեն ինչ անել, որ այդ ճակատագրին արժանանա»։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի հասցեին արած հայտարարություններին անդրադառնալով՝ Մամիջանյանն ասաց․ «Նախագահ Սարգսյանի՝ 2020 թվականին արած ճշգրիտ որակումը, մականունն այնքան պինդ է կպած Փաշինյանին, որ իրեն ավելի շատ կապիտուլյանտ են ասում, քան Նիկոլ Փաշինյան։ Դա իրեն հանգիստ չի տալիս, հինգ տարի մտածել է՝ ինչ պատասխանի, ու լավագույնը, ինչ ինքը հորինեց, վեր կենա, ասի՝ կապիտուլյանտը դու ես։ Ինձ թվում է՝ մանկապարտեզի մակարդակի արձագանքներին մեկնաբանություն տալու կարիք չկա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ