«Ինչպես բնորոշ է Փաշինյանին ու ՔՊ-ին, իրավապահ մարմինները ներխուժել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն, ինչպես նաեւ գրասենյակներից մեկը։ Նույն գործընթացն ընթանում է նաեւ այլ թեկնածուների գրասենյակներում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ըստ մեր տեղեկությունների՝ խոսքը վերաբերում է այսպես ասած «շիբինի գործին»։ Առկա է տեղեկատվություն, որ պատրաստվում է Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու ձերբակալություն։ Իսկ եթե առօրյա լեզվով ասեմ՝ ժողովուրդ ջան, այն, ինչ արել է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն՝ շիբինապատել (խճապատել.-խմբ) Գյումրու մեկ-երկու փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն։ Դեմոկրատիա են երգում, չգիտեմ ինչ են անում, բայց այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ իրականացվում է ռեպրեսիա։ Դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետեւից են եկել, Գյումրիում Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել»,- ասաց Մամիջանյանը։
Նա ասաց, որ ուզում է դիմել ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին։ «Ընտրություններից հետո ինքը շարունակելու է ապրել այդ քաղաքում, գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ, պատվի զգացումով։ Լո՞ւրջ ես ասում՝ Երեւանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով՝ ուզում ես դառնալ Գյումրի քաղաքի ղեկավա՞ր։ Չգիտեմ՝ հետո ինքը ոնց է Գյումրի քաղաքում քայլելու։ Եվ վստահ եմ, որ այս գործողությունների պատասխանը մարտի 30-ին գյումրեցին տալու է»,- նշեց Մամիջանյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ակնհայտ է՝ Գյումրին բոլոր առումներով մերժում է ՔՊ-ին։ Գյումրիում նույնիսկ քննարկվում է, որ ամոթ է ՔՊ-ին ձայն տալը։ Մամիջանյանը գյումրեցիներին զգուշացրեց, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդես է գալիս Սարիկ Մինասյանի դեմքով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ