«Ես կարծում եմ, այնպիսի ազատ միջավայրում՝ ինչպիսին այսօր է, երբեւէ Հայաստանի լրագրողները չեն գործել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, որ իրենց իշխանության շրջանում ՔՊ-ականները թիրախավորել են լրագրողներին, այդ թվում՝ նաեւ նրանց անձնական կյանքին, երեխաներին վերաբերվող դրվագներով։
Խոսակցության թեման երեկ ԱԺ-ում լրագրողների ցույցն էր, որն ուղեկցվեց ՊՊԾ աշխատակիցների կողմից բռնություններով։
«Դա ընդամենը միջադեպ էր, որով հնարավոր չէ դատել խոսքի ազատության, մամուլի ազատության կամ ընդհանրապես ժողովրդավարության մակարդակի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ լրագրողները Հայաստանում վրաերթի չեն ենթարկվում, լրագրող բանտարկյալներ չունենք։
Կարդացեք նաև
Սարգիս Խանդանյանը չկարողացավ բերել իր լրագրողական գործունեությունից որեւէ դրվագ, երբ իր աշխատանքը խոչընդոտվել է, ինքը ճնշումների է ենթարկվել։ Արդարացավ՝ աշխատել է փոքր լսարան ունեցող, նորաստեղծ լրատվամիջոցում, որտեղ փորձել են իրականությունը ներկայացնել։ Բայց առաջարկում է՝ «հաշվի առնել, թե լրատվական դաշտն ինչ մոնոպոլիզացիայի էր ենթարկված» նախկինում եւ «պիտի խոստովանեմ, որ հեղափոխությունից հետո այդ մոնոպոլիան այնքան էլ չփոխվեց․ ուղղակի հիմա ընդդիմադիր մոնոպոլիա կա լրատվական դաշտում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ