2025 թ․ 3 ամիսների ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան 8 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ ինքնասպանության։ Հերթական դեպքը տեղի է ունեցել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մարտի 17-ին։ Ըստ Քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2024 թվականին արձանագրվել է մահվան 12 դեպք։ Գրանցված բոլոր դեպքերը եղել են կենսաբանական մահ․ դրանցից 10-ն արձանագրվել է քաղաքացիական հիվանդանոցներում։ Փորձագետները մահվան դեպքերի առաջին պատճառներից մեկը համարում են առողջապահական ոլորտի թերացումները:
Մեդիա կենտրոնում կայացած «Մահվան դեպքերը, ինքնասպանությունները քրեակատարողական հիմնարկներում» քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը նշեց, որ նման ծանր եւ զգայուն թեմայի մասին խոսելիս կարեւոր է էթիկական կանոնների պահպանումը: «Ցանկացած դեպքի պարագայում՝ ինքնասպանության, ինքնասպանության փորձի, ինքնավնասման, ամբողջ նյութերով զբաղվում է վարույթ իրականացնող մարմինը: Քանի որ դա բարդ եւ տեւական գործընթաց է, գործ ունենք բազմաշերտ իրականության հետ, դրանց վերաբերյալ որեւէ պատճառ կամ ենթադրություն անելը ճիշտ չի լինի: Եվ վերջնական պատճառների մասին, որոնք օրենսդրությամբ հաստատված կարգով կհաստատվեն եւ կբացահայտվեն, միայն վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն կունենա մեկնաբանություններ անել»,-ասաց Ցողիկ Ալեքսանյանը:
Նա հավելեց, որ ունեն դիտարկումներ, որ ինքնասպանության փորձերի կամ ինքնասպանությանը նախորդած ժամանակահատվածում երբեմն տվյալ անձի եւ իր ընտանիքի անդամի, հարազատի հետ եղել են միջանձնային խնդիրներ:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանի խոսքով, իրավիճակը բավական բարդանում է, երբ անձը հայտնվում է փակ հաստատությունում: «Մարդը ճգնաժամային իրավիճակում է հայտնվում, որի հետ պետք է կատարվի հստակ սոցիալական աշխատանք: Մենք դեռեւս ունենք խնդիրներ, որոնք բարձրաձայնվում են, դրանք տեսանելի են սոցիալական, իրավական եւ հոգեբանական աշխատանքի տեսանկյունից: Խնդիրը ոչ միայն այն է, որ հոգեբանների սակավություն կա, այլեւ այն, թե ինչու չեն դիմում հոգեբանի: Այստեղ մենք պետք է միացնենք նաեւ քրեական ենթամշակույթի խնդիրը, որ հոգեբանին, սոցիալական աշխատողին դիմելը որոշակի խնդիրներ է առաջացնում քրեակատարողական հիմնարկում հայտնված անձի համար, որը հայտնվում է քրեական ենթամշակույթի դիտակետում;
Քրեական ենթամշակույթը առանձնացված մի համակարգ է, որը միշտ ձգտում է ավելի ուժեղ լինել, քան պետությունը: Եթե պետությունը ինչ-որ մի տեղում թերանում է, այդ տեղը լրացնում է քրեական ենթամշակույթը եւ մարդուն ասում է՝ արի իմ դաշտ, ես կլուծեմ այդ խնդիրը, եթե, օրինակ, բժիշկն ուշացավ, ես էնպես կանեմ, որ դրսից մեկը կստիպի, որ ինքը արագ արձագանքի քո խնդրին:
Ես ինքնասպանությունների եւ ինքնավնասումների խնդիրը մեծ մասամբ կապում եմ այդ համակարգի հետ, ցանկացած խնդրի պարագայում՝ բժշկի, ադմինիստրացիայի եւ այլնի հետ, ինքը կարողանում է օգտագործել իր ռեսուրսը՝ ներազդելու կոնկրետ մարդկանց վրա:
Երկրորդ խնդիրը, որ նկատել ենք, առողջապահական ծառայություններն են. անձինք ունեն առողջության հետ կապված խնդիրներ, որոնք վատթարանում են քրեակատարողական հիմնարկում, բացի դրանից, նաեւ արագ արձագանքման հետ կապված խնդիրներ կան: Քրեակատարողական հիմնարկում մեկ-երկու օր ուշացումը հավերժություն է ընկալվում »,-ընդգծում է Զառա Հովհաննիսյանը
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի