ԱԺ նիստում քննարկվում է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությունը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ կենցաղային լեզվով կփորձի բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։
«Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցների կողից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերի զբաղեցրած տարածքներից անհիմն որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոդվածը վերաբերում է փողերի լվացմանը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Երեւանի Բեկնազարյան 5 հասցեում գտնվող հանրակրթական դպրոցին հատկացված եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որը միացվել է մայր քրեական վարույթին։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Տարոն Մարգարյանը 2009 հուլիսից մինչեւ 2011 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011-2018 թթ․-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության ու համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին»,- ասաց Վարդապետյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Տարոն Մարգարյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք եւ վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասը զավթած անձանց նկատմամբ։ Նա հավելեց, որ Տարոն Մարգարյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ տարածքն օտարել է իր եւ Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց։
Նա ասաց, որ բոլոր հիմնական գործողություններն այս գործով կատարված են, 13 անձի նկատմամբ հետապնդում է հարուցված, եւ տարբեր խափանման միջոցներ են կիրառված։ «Մենք այս միջնորդությամբ չենք միջնորդում պատգամավորի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու։ Առանց ԱԺ համաձայնության ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց չենք կարող կիրառել»,- նշեց դատախազը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ