Լրահոս
Օրվա լրահոսը

Սամադ Սեիդովն անտեսել է Սարգիս Խանդանյանի առաջարկը

Մարտ 27,2025 13:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մինչեւ այս պահն արձագանք չկա։ Հույս ունեմ դրական արձագանք կլինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Խոսքը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին ուղղված ՔՊ-ական պատգամավորի առաջարկին է վերաբերվում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Սարգիս Խանդանյանն առաջարկել էր, որ հանդիպումը տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանագծի որեւէ հատվածում։ Գործընթացը Սարգիս Խանդանյանը դիտարկել է Խաղաղության համաձայնագրի համատեքստում եւ հարաբերությունների կարգավորման։

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին էլ, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ ու վայր»։

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության փոփոխման ադրբեջանական պահանջին, որը երեկ կրկին հնչեց Բաքվից, Սարգիս Խանդանյանը մեջբերում է ՀՀ պաշտոնական տեսակետը՝ դա լեգիտիմ պահանջ չէ․ «Եթե անգամ Հայաստանի Սահմանադրության մեջ լիներ որեւէ տարածքային պահանջ որեւէ հարևանի նկատմամբ, նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ լուծում է այդ հարցը։ Մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք՝ օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը»։

Բաքվից թարմացվող հայտարարությունները նա որակում է գործընթացի ձգձգման միտում։

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է համարում, ՔՊ-ն էլ գտնում է, որ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա, բայց դրա ընդունումը որեւէ կապ չունի խաղաղության պայմանագրի բովանդակության հետ։

Ի դեպ, իշխող կուսակցության պատգամավորը խաղաղության գործընթացը շատ լավ միջոց է համարում գերիների հարցը լուծելու համար, բայց դա չի նշանակում, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը։

Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ Խաղաղության համաձայնագիրը կլուծի նաեւ գերիների վերադարձի հարցը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31